Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում անցկացվեց բուհի 95-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը

9.10.2015

Ս/թ հոկտեմբերի 8-9-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր բժշկական համալսարանի 95-ամյակին: Գիտաժողովի առանցքային թեմաներն էին՝ շնչառական համակարագի խնդիրները ընտանեկան բժշկության պրակտիկայում, ռեաբիլիտացիայի արդի մեթոդները և առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում հաճախ հանդիպող այլ առողջական խնդիրներ:

Հոկտեմբերի 8-ին գիտաժողովի մասնակիցներին ողջունելով բժշկական համալսարանում՝ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը նաև արտասահմանցի գործընկերների ինտեգրմամբ, քանի որ դրանց ընթացքում կատարվում է փորձի արդյունավետ փոխանակում: Ներկաներին շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ պրոռեկտորը բոլորին մաղթեց հաճելի և արդյունավետ աշխատանք:

Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» (ԸԲԱՄ) հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը: Նա ևս ընդգծեց միջազգային այս գիտաժողովի անցկացման կարևրությունը և դրա աշխատանքներին արտասահմանցի գործընկերների ներգրավումը: «Դա նպաստում է Հայաստանի և արտերկրից ժամանած ընտանեկան բժիշկների համախմբմանը, փորձի փոխանակմանը և Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը: Այս գիտաժողովի նպատակը ընտանեկան բժշկության զարգացումն է, որի հիմքն այսօր հիվանդության կանխարգելման սկզբունքն է, այն է՝ խնդրի 80%-ը լուծում պետք է ստանա առաջնային օղակում», - նշեց ԸԲԱՄ համանախագահը: Նա նաև տեղեկացրեց, որ այս անգամ փոխվել է զեկուցումների ձևաչափը. այժմ դրանք հիմնված են խնդրի, պրոբլեմի վրա:

Հոկտեմբերի 9-ին «Ռեսպիրատոր բժշկության տեղը ընդհանուր բժշկության պրակտիկայում» թեմայով զեկուցումով հանդես եկավ նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Իր զեկուցման մեջ ռեկտորը իրավիճակային վերլուծության միջոցով ներկայացրեց ռեսպիրատոր բժշկությունը և ընդհանուր բժշկական պրակտիկայի վիճակն ու այդ երկուսի համախմբման իր տեսլականը: «Նախկինում չկար այնպիսի ինտեգրացված հասկացություն, ինչպիսին է ռեսպիրատոր բժշկությունը. ախտորոշում էր մեկը, բուժում էր մյուսը, ապաքինում՝ ֆիզիոթերապևտը: Մեր մասնագիտության մեջ կային բազմաթիվ ուղղություններ, որոնք երբեմն իրար օգնում էին, երբեմն էլ գտնվում էին կոմֆրոտացիոն վիճակում: Առաջնային օղակում պետք է աշխատեն ընդհանուր պրակտիկայի բժիշկներ, մասնագետներ, ովքեր պետք է լինեն պրոբլեմ լուծող: Պրոբլեմներն ընտրելուց մենք ոչ թե մեզ վրա պետք է վերցնենք ամեն ինչ՝ անկախ պացիենտի սեռից, տարիքից և նրա մոտ եղած պրոբլեմից, այլ ցուցաբերենք դիֆերենցված մոտեցում: Դա կփրկի ընդհանուր բժշկական պրակտիկայի մասնագետի մասնագիտական վարկանիշը: Եթե անգամ մեզ վրա վերցնում ենք այդ պատասխանատվությունը, պետք է կարողանանք ճիշտ գծել սահմանը, թե որտեղ է ավարտվում առաջնային բուժօգնությունը և սկսվում նեղ մասնագիտականը: Այսուհետ պետք է աշխատել՝ այդ պրոբլեմների վրա կենտրոնանալով: Երկրում այդ պրոբլեմների իրական տարածվածությունը ուսումնասիրելով, վաղ ճանաչելով, կանխելով պրոբլեմի խորացումը, պրոբլեմը լուծելով և դա սովորեցնելով՝ սա կլինի լուրջ և կարևոր աշխատանք, և այս ամենը պետք է կլինի գիտության վրա հենված», - ասաց ռեկտորը: Նա նաև կարևորեց կրթական ծրագրերում կլինիկական կանխարգելիչ բժշկության ներդրումը որպես ինտերգրացված գիտահեն, պրակտիկ ուղղվածություն ունեցող մոդուլ:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան նաև փորձառու այլ մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև առաջատար ընտանեկան բժիշկներ ու հրավիրված դասախոսներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Նշենք, որ երկօրյա գիտաժողվի աշխատանքներին մասնակցեց ավելի քան 500 բժիշկ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից: Տեղեկացնենք նաև, որ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված այս հերթական՝ 3-րդ միջազգային գիտաժողովը կազմակերպել էր Երևանի պետական բժշկական համալսարանը՝ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայագրեր:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook