Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական կոնգրեսը

8.10.2015

Ս/թ հոկտեմբերի 8-ին Էլիտ պլազայի կոնֆերանսների դահլիճում բացվեց Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական կոնգրեսը, որի նպատակն էր համախմբել աշխարհի տարբեր երկրների նյարդավիրաբույժներին, քննարկել նյարդա-վիրաբուժության զարգացման միտումները և կազմակերպել փորձի փոխանակում:

Կոնգրեսին ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական կոնգրեսի նախագահ Ռուբեն Ֆանարջյանը, Նյարդավիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանը, ինչպես նաև անվանի բժիշկներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Հունաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից և այլ երկրներից: Նրանց թվում էին նաև մեր բուհի շրջանավարտները, որոնք մեծ հաջողությունների են հասել աշխարհի զարգացած երկրների կլինիկաներում:

Բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, կառավարության ողջույնը փոխանցելով մասնակիցներին, ասաց. «Ուրախ եմ, որ կոնգրեսի աշխարհագրությունը դուրս է սևծովյան երկրների սահմաններից: Հուսով եմ` այս համագումարը արդյունավետ կլինի փորձի փոխանակման և համագործակցության ընդլայման տեսակետից: Ցանկանում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք»:

Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց. «Մեր համալսարանը և Առողջապահության ազգային ինստիտուտը մեծ ուշադրություն են դարձնում նյարդավիրաբուժության զարգացմանը, և այս կապակցությամբ ես հատկապես ցանկանում եմ շեշտել մեր բուհի՝ այս ոլորտում մեծ հաջողությունների հասած և աշխարհի առաջատար կլինիկաներում աշխատող շրջանավարտների դերն այս գործընթացում: Դա մեծ ուրախություն է և պատասխանատվություն մեզ համար, որը ես ուզում եմ կիսել նաև ձեզ հետ, քանի որ դուք պատիվ ունեք հանդիսանալու Երևանի պետական բժշկական համալսարանի սան: Կոչ եմ անում միացյալ ուժերով ամրապնդել այդ կապը` դարձնելով այն ավելի ամուր, ավելի արդյունավետ և ավելի գիտատարողունակ, այնպես, ինչպես դա արեցին ներկաներից շատերը: Որպես բուհի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ նշել, որ այն ամենը, ինչի մասին խոսվելու է այս համագումարի շրջանակներում, կարտացոլվի մեր բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերում, և դա պետք է արվի միջդիսցիպլինար մակարդակով, որպեսզի այն, ինչը մենք անվանում ենք նյարդավիրաբուժություն, չմնա միայն նեղ մասնագիտացում, այլ ներդրվի և՛ կանխարգելիչ բժշկության, և՛ հետազոտական աշխատանքների գործընթացում:»

ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, նախարարության անունից ողջունելով մասնակիցներին, նշեց, որ այս համագումարը իր հեղինակությամբ և արդիականությամբ կնպաստի նյարդավիրաբուժության զարգացմանը, փորձի փոխանակմանը և կապերի ամրապնդմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում:

ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանն իր ելույթում ասաց. «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել մասնակիցներին՝ առաջատար նյարդավիրաբույժներին` աշխարհի տարբեր երկրներից, որոնցից շատերին իմ ուսուցիչներն եմ համարում, քանի որ կյանքիս տարբեր ժամանակահատվածներում պատիվ եմ ունեցել շփվելու, սովորելու և աշխատելու նրանցից շատերի հետ: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր սփյուռքահայ գործընկերներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեցին ծրագրեր, որոնք հաջողությամբ կիրառվում են այսօր մեր գործունեության մեջ: Այդ համագործակցության շնորհիվ ստեղծվեց համալսարանական Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան, և ունենք բազմաթիվ հաջողություններ նաև մանկական նյարդավիրաբուժության մեջ: Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի քննարկենք նյարդավիրաբուժության խնդիրները՝ տնտեսական գլոբալիզացիայի, քաղաքական բարդ գործընթացների, հասարակական-մշակութային փոփոխությունների պայմաններում: Այս կոնգրեսի նպատակն է ոչ միայն համախմբել մեր ընդհանուր ուժերը, քննարկել նյարդավիրաբուժության զարգացման միտումները, կազմակերպել փորձի փոխանակում և ներդնել այդ ամենը կրթական ծրագրերի մեջ, այլ նաև երիտասարդ սերնդի մեջ սերմանել մարդկային հարաբերությունների լավագույն ավանդույթները, ներարկել մարդկային հարաբերությունների բարի ավանդույթներ, որոնք ձևավորվել են երկար տարիների ընթացքում: Միջազգային համագումարի շրջանակներում նախատեսվում է անցկացնել պլենար նիստեր, որոնց ընթացքում կներկայացվեն տարբեր երկրների առաջատար մասնագետների զեկուցումներ, կկազմակերպվեն ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ուսուցման վերաբերյալ դասընթացներ և գործնական փորձի փոխանակում:

Հիշեցնենք, որ համագումարը կտևի ևս երկու օր և կավարտվի հոկտեմբերի 10-ին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook