Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա». գիտաժողով ԵՊԲՀ-ում

24.09.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» միջազգային 2-րդ գիտաժողովը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, ապացուցողական բժշկության բնագավառում հայտնի մասնագետներ տարբեր երկրներից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր բացման խոսքում ասաց. «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին տասնամյակում Հայաստանում հաջողությամբ կիրառվում է ապացուցողական բժշկությունը: Մենք ունենք երիտասարդ բժիշկների ձևավորված սերունդ, որոնք իրենց չեն պատկերացնում ապացուցողական բժշկությունից դուրս և իրենց գործողություններում, մտածելակերպում, նշանակումներում, գիտական պրպտումներում հիմնվում են միմիայն այդ սկզբունքների վրա»:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն իր ողջույնի խոսքը սկսեց լատինական ասացվածքով. «Փաստը միշտ ուժեղ է խոսքից: Բժշկագիտության մեջ այդ փաստերի վրա հիմնված գործունեությունն ունի իր առանձնահատկությունները: Որո՞նք են տեսական գիտական լաբորատորիայում տեսության, կոնցեպցիայի, ուղղության ձևավորման նախադրյալները: Գիտնականի գաղափար, գիտնականի նախաձեռնություն, գիտնականի փորձ, գիտնականի կողմից կուտակված փաստեր և արդյունքում՝ տեսություն, կոնցեպցիա, ուղղություն: Կարևոր է, որ այդ փաստերը լինեն գիտահեն, և այն, ինչ ամփոփվում է գիտական թեզերում և հոդվածներում, պետք է որոշակի փորձագիտության ենթարկվեն, ապա միայն ներկայացվեն բժշկական հանրությանը և բժշկական կրթությամբ զբաղվողներին՝ կրթության նախադիպլոմային, հետդիպլոմային, կատարելագործման փուլերում: Ողջունում եմ այսօրվա գիտաժողովի անցկացման գաղափարը և վստահ եմ, որ արդյունքում կունենանք մեր պացիենտների և մեզ համար անվտանգ առաջարկություններ, իսկ մեր ուսանողմները և կատարելագործվող բժիշկները կստանան փաստերի վրա հիմնված կլինիկական առաջարկություններ, ինչը որակի երաշխիքն է»:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի անունից ողջունելով ներկաներին, նշեց, որ ապացուցողական բժշկությունը գիտական մեթոդաբանություն է, գիտական բժշկությունն ու գործնական առողջությունը կապող կարևոր կամուրջ. «Ես ևս ողջունում եմ այս գիտաժողովի անցկացման գաղափարը և հույս հայտնում, որ նմանատիպ նախաձեռնություններն օգտակար կլինեն նաև ուսուցողական պրակտիկայում, և բուժական ու դիագնոստիկ միջոցառումները հիմնված կլինեն միայն փաստերի վրա»:

Նշենք, որ գիտաժողովը կտևի ևս 2 օր և կավարտվի սեպտեմբերի 26-ին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook