Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Թևանիկ» ֆիլմի ցուցադրությունը ԵՊԲՀ-ում

22.09.2015

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝արցախյան ազատամարտի մեկ օրվա մասին պատմող «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությունը: Այն բաղկացած է երեք մասից, որից յուրաքանչյուրը առանձին-առանձին պատմում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի մասին:

Ֆիլմը նկարահանվել է Առնոլդ Աղաբաբովի՝ Թևանիկի մասին պատմող սցենարի հիման վրա, որին Ջիվան Ավետիսյանը և սցենարիստ Կարինե Խոդիկյանը ավելացրել են ևս երկու պատմվածք: Հերոսներին մարմնավորում են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Սոս Ջանիբեկյանը, Արթուր Մանուկյանը, Մարինե Գաբրիելյանը, Սերգեյ Մագալյանը, Վահագն Գալստյանը, Արա Սարգսյանը, Գրիգոր Գաբրիելյանը և այլք:

Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանի՝ «Մոսկվա» կինոթատրոնում 2014թ.-ին: Մեկ տարվա ընթացքում այն հասցրել է ճանապարհորդել աշխարhով մեկ և բազում հեղինակավոր կինոփառատոններում նվաճել մրցանակներ. «Ոսկե Ծիրան»-ում («Լավագույն խաղարկային ֆիլմ»), Romania International Film Festival Ro-IFF-2015-ում («Լավագույն ֆիլմ»), Չինաստանի «First Silk Road International Film Festival»-ում («Հանդիսատեսի համակրանք»), Լոս Անջելեսի «Arpa International Film Festival»-ում («Լավագույն սցենար»), Հռոմի «Overlook CinemAvvenire» միջազգային կինոփառատոնում («Լավագույն ինքնատիպ աշխատանք»), ԱՄՆ-ում կայացած «2-nd Annual World Entertainment Awards»-ում («Լավագույն հայկական ֆիլմ»): «Հայկյան» մրցանակաբաշխությունում Ջիվան Ավետիսյանին շնորհվել է հատուկ մրցանակ, իսկ Հունաստանում ֆիլմի ցուցադրությունից հետո Նեա Զմիռնայի քաղաքապետի կողմից նա ոսկե մեդալ է ստացել:

Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի ցուցադրությունից հետո շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշեց, որ նկարահանող խմբի հետ փորձել է ստեղծել մի ֆիլմ, որը հասկանալի լինի ոչ միայն հայ ժողովրդին Արցախում, Հայաստանում, կամ Սփյուռքում, այլ նաև ունենա օտարերկրյա հանդիսատես, որին նույնպես կհուզի պատերազմի ողջ ցավը:

Ֆիլմի ռեժիսորը նախատեսում է շուտով հանրության դատին հանձնել ևս մեկ ֆիլմ՝ «Վերջին բնակիչը», որն այժմ հետարտադրական աշխատանքների ընթացքի մեջ է:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook