Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվեց նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքը

23.09.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում կայացավ General Electric Brivo MR 355 1,5T նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, առողջապահության նախարարության և ՀԲԸՄ-ի բարձրաստիճան հյուրեր:

Բարձրաստիճան հյուրերին համալսարանական հիվանդանոցում ողջունելով և Նազարյան ընտանիքին ու ՀԲԸՄ-ին սարքի նվիրաբերման համար շնորհակալություն հայտնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Հարգելի ներկաներ, ուրախ եմ ողջունելու ձեզ և հայտնելու, որ այսօր պատիվ ունենք ցուցադրելու General Electric Brivo MR 355 1,5T նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը, որը «Հերացի» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերվել է ազգային բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի և նրա որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոն ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար Լևոն Նազարյանի կողմից: Սարքն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և վիզուալիզացիա, ինչն ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում և նպաստում է ախտորոշման ճշգրտությանը:

Այս նոր սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, կարդիովասկուլյար պաթոլոգիան հայտնաբերել վաղ շրջանում, և այն փոփոխությունները, որոնք կարող են բերել կաթվածի և ինսուլտի, մենք կարող ենք դիտարկել որպես ցուցում ինվազիվ էնդովասկուլյար միջամտությունների համար: Այսպիսով, մեզ վրա վերցնում ենք մասնագիտական պարտականություն՝ տեղափոխել ինվազիվ գործողությունները էքստրեմալ իրավիճակից կանխարգելիչ գործողությունների դաշտ, այսինքն՝ այդ գործողություններն արդեն կունենան կյանք փրկելու նշանակություն, և եթե դրանք իրականացվեն ավելի վաղ շրջանում, մենք կկարողանանք խոսել կլինիկական կանխարգելիչ բժշկության մասին: Հարկ եմ համարում ընդգծել նաև այս ամենը կրթական ծրագրերում ներառելու կարևորությունը»:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկաներին փոխանցեց Նազարյանների ընտանիքի ողջույնը և բարեմաղթանքները. «Ուրախ եմ, որ մեր միությունը կարողանում է Հայաստանում նպաստել ազգային հաստատությունների բարգավաճմանը: Եվ հուսով եմ, որ այս սարքը կծառայի իր նպատակին, ու տարիներ առաջ ԵՊԲՀ-ում Նազարյանների կողմից Ջեֆերսոնի ուսուցողական ուլտրաձայնային կենտրոնի բացմամբ սկսված մեր համագործակցությունը կունենա փոխշահավետ և արդյունավետ շարունակություն»:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ընդգծեց, որ այսօր դժվար է գերագնահատել մեր հայտնի բժիշկների դերը հայկական բժշկագիտության զարգացման գործում. «Անչափ կարևորում եմ հայ բարերարների կողմից բժշկության ծանր հրետանին հանդիսացող ախտորոշիչ սարքավորումներով մեր բուժհաստատությունների վերազինումը, մասնավորապես Նազարյանների ընտանիքի կողմից 1,5 Տ նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի նվիրաբերումը ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնին: Այս սարքի առկայությունը հնարավորություն կտա կանխարգելել մի շարք հիվանդություններ կամ հեշտացնել դրանց բուժումը՝ վաղ կանխորոշման միջոցով: Կարևոր է նաև այն, որ մեր երիտասարդ բժիշկները դեռ ուսանողական տարիներից հնարավորություն ունեն աշխատելու նմանատիպ նորագույն տեխնոլոգիաներով: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նազարյանների ընտանիքին՝ սարքը նվիրաբերելու համար և հույս հայտնում, որ համագործակցությունը կլինի շարունակական»:

Ելույթներից հետո ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրի ստորագրումից հետո Միքայել Նարիմանյանը և Պերճ Սեդրակյանը հանդիսավորությամբ կտրեցին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքի մուտքի կարմիր ժապավենը: Այնուհետև հյուրերը շրջեցին բաժանմունքում, որտեղ աշխատակիցները ներկաներին տեղեկացրին, որ տոմոգրաֆի միջոցով հնարավոր է իրականացնել բազմաթիվ բարդ հետազոտություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությունների, սրտի առիթմիայի, նորագոյացությունների, որովայնի, լյարդի պարենխիմատոզ փոփոխություններ, լեղուղիների, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլ հետազոտություններ:

Միջոցառման ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին նվիրեց խաչքարի տեսքով ձեռակերտ նկար:

Տեղեկացնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը երկար տարիներ համագործակցում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի Ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի հետ, ինչի շնորհիվ ԵՊԲՀ-ում 2000թ.-ին բացվեց Ուլտրաձայնային ուսուցողական կենտրոն, իսկ 2010-ին համալսարանական թիվ 1 հիվանդանոցում՝ նոր համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսառեզոնանսային հետազոտության սարքերով հագեցած «ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Քլոտիա Նազարյան» Ռադիոլոգիայի կենտրոն:

Կենտրոնների բացման և հետագա աշխատանքային գործընթացում մեծածավալ մասնագիտական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի անդամ, ամերիկահայ գործարար-բարերար Նազար Նազարյանը և նրա որդին՝ ԱՄՆ-ում հայտնի ռադիոլոգ Լևոն Նազարյանը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook