Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Իմ ուղին. Արմեն Մուրադյան

22.09.2015

Վերջապես եկավ երկար սպասված այն պահը, երբ պետք է հարցազրույց վերցնեի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից:

Արդեն նշանակված էր օրն ու ժամը, և առավոտից պատրաստվում էի հանդիպմանը: Երկուշաբթի է, ես առողջապահության նախարարի ընդունարանում սպասում եմ, թե երբ ներս կհրավիրվեմ: Սպասեցի մոտ մեկ ժամ. նախարարի մոտ անընդհատ այս կամ այն հարցով նոր մարդիկ էին մտնում, բայց անգամ այդ մեկ ժամն աննկատ անցավ, քանի որ ընդունարանում ներկա մարդկանց հետ անընդհատ խոսակցություն էր ընթանում մասնագիտական տարբեր խնդիրների շուրջ:

Քանի որ երեկոյան ուշ ժամ էր, բոլորս էլ հոգնած էինք, իսկ օրվա վերջը դեռ չէր երևում. նախարարի լարվածությունը աշխատանքի մեջ ինձ թեթև անհանգստություն էր պատճառում: Իմ համբերատարությունը «պարգևատրվեց», և, վերջապես, ինձ ներս հրավիրեցին: Մի պահ արդեն անհարմար էի զգում, որ աշխատանքից կտրելով՝ նախարարին պետք է խնդրեմ վերհիշել իր ուսանողական տարիները և պատասխանել ինձ հետաքրքրող հարցերին: Բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ իմ անհանգստությունը վերացավ հենց այն պահին, երբ նա, արդեն հետո նկատեցի, իրեն բնորոշ շատ հանգիստ տոնայնությամբ հարցրեց.

- Ինչի՞ մասին եք ուզում խոսել:

Անկեղծ ասած՝ բավականին հաճելիորեն զարմացա, որ չնայած իմ երիտասարդ տարիքին՝ առողջապահության նախարարն ինձ հետ «Դուք»-ով էր խոսում: Ժամանակ չկորցնելով՝ անմիջապես անցա գործին:

-Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին սեպտեմբերի մեկը Երևանի պետական բժշկական համալսարանում, ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ:

Նրա լարվածությունն անցավ հենց այն պահից, երբ մտովի տեղափոխվեց պատանեկության հուշերի մեջ և փորձեց վերարտադրել դեպքերի հաջորդականությունը.

- Տասներեք տարեկան էի, երբ սկսեցի մտածել բժշկության մասին, բավականին կապված էի տատիկիս հետ, ով վիրաբույժ էր: Իսկ վերջնական որոշում ընդունեցի 1987 թվականի հուլիսի 10-ին՝ ծննդյանս օրը և արդեն մեկ ամիս հետո աշխատանքի անցա Միքայելյանի անվան ինստիտուտում՝ որպես վիրաբուժական բլոկի սանիտար: Այդ ժամանակ սովորում էի Պուշկինի անվան դպրոցում, և քանի որ աշխատանքի էի անցել, ստիպված փոխեցի դպրոցս հեռակայի: Այդ պահից սկսած՝ ամբողջովին ընկղմվեցի հիվանդանոցային կյանքի մեջ: Միևնույն ժամանակ պարապում էի ընդունելության քննությունների համար: Պետք է խոստովանեմ, որ առաջին տարում կտրվեցի քիմիայի քննությունից…

Անմիջապես հետևեց հարցս.

-Ինչու՞, մի՞թե լավ չէիք պարապել:

- Ոչ, լավ էի պարապել, պարզապես ընկերոջս հետ էինք քննություն հանձնում: 15 տարեկանում բնորոշ է ընկերոջ խնդիրներով տարվելը: Տեսնելով ընդամենը երկու-երեք նստարան այնկողմ նստած ընկերոջս շփոթմունքն ու ընկճվածությունը և վստահ լինելով, որ իմ տոմսի բոլոր պատասխանները ճիշտ են լրացված, տարվեցի իր հարցատոմսը լուծելով՝ մոռանալով առավել մանրակրկիտ ստուգել իմ հարցատոմսը: Ինչպես ի հայտ եկավ բողոքարկման ժամանակ, ես իմ գրավոր աշխատանքում, անուշադրության պատճառով, մեծ քանակությամբ սխալներ էի թույլ տվել: Ի դեպ, ընկերս ընդունվեց, ես՝ ոչ, սակայն ես երբեք ափսոսանքով չեմ հիշում ընկերոջս օգտակար լինելու փաստը, այլ առաջին տարում համալսարան չընդունվելն ինձ համար եղավ լավ դաս, ինչպես նաև քննություններին առավել մեծ պատասխանատվությամբ պատրաստվելու առիթ հանդիսացավ: Ինձ համար կատարվածը դաս էր, թե հանուն ընկերության ինչպես պետք է պատասխանատվություն կրել նախաձեռնողականության և մարդասիրության համար:

Չընդունվելով` գնացի հիվանդանոց և արդեն մեկ դրույքով էի աշխատում: Մեկ տարվա փորձով օպերացիոն սանիտար էի, ով վարժ էր իրեն զգում վիրահատարանում: Այդ ժամանակահատվածը համընկավ 1988 թվականի երկրաշարժի հետ: Երբ առաջին կուրս ընդունված ուսանողներն եկան հիվանդանոց, ես ինձ արդեն վարժ էի զգում, քանի որ սովորեցնում էի իրենց վիրահատարանի գործելակարգերին, երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ աշխատանքի կատարմանը, հիվանդանոցային տեղաշարժին:

Հաջորդ տարի քննություն հանձնելիս ամենաբարձր գնահատականը քիմիայից ստացա: Այսպիսով, քննությունները բարեհաջող հանձնելով՝ հավաքեցի բարձր միավորներ և բարեխղճորեն այդ մասին զեկուցեցի տանը (ժպտալով է հիշում):

Մեր զրույցն ընդհատվեց հեռախոսի զանգով, ստիպված էի անջատել ձայնագրիչը և սպասել հեռախոսազրույցի ավարտին: Զրույցն ավարտվեց, իսկ ես շտապեցի հաջորդ հարցս հնչեցնել, քանի որ քաջ գիտակցում էի, որ քիչ ժամանակ է մնում:

-Ո՞րն էր ամենամեծ դժվարությունը Ձեզ համար Բժշկական համալսարանում:

Առանց վարանելու պատասխանում է.

-Իհարկե, կենսաքիմայի ամբիոնում քննություն հանձնելը:Մայրս այդ ամբիոնում էր աշխատում ( կ.գ.թ., դոցենտ Լիլյա Չիլինգարյանի մասին է խոսքը), և ես ծանոթ էի ամբիոնի բոլոր աշխատակիցներին արդեն շատ վաղուց. ինձ համար նրանք ավելի շատ ընտանիքի ընկերներ էին, քան՝ դասախոսներ: Հենց այդ պատճառով էլ ավելի էի ուզում պատվով դուրս գալ այդ ամբիոնից:

-Իսկ մի՞թե դժվար չէր կլինիկական օրդինատուրայի ընտրությունը:

- Հիվանդանոցում աշխատանքի ընդունման պահից չեմ դադարել աշխատել՝ սկզբում որպես վիրահատական բլոկի ութ վիրասրահների սանիտար, հետո՝ որպես բուժակ վերակենդանացման բաժանմունքում, և արդեն ընտրության պահին հասցրել էի առնչվել բոլոր մասնագիտությունների հետ, արդեն ունեի հստակ ձևավորված պատկերացում մասնագիտությունների մասին: Իսկ իմ ընտրության մեջ մեծ դեր խաղաց Յուրի Գեորգիի Զոհրաբյանը: Ես տպավորված էի ոչ միայն նրա մասնագիտական հմտություններով, այլև մարդկային հատկանիշներով: Նաև մեծ տպավորություն թողեց առաջին անգամ Հայաստանում երիկամի փոխպատվաստումը, որն արվել էր Միքայելյանի անվան իստիտուտում: Ուրոլոգիան գրավում էր ինձ նրանով, որ բացի վիրաբուժական գիտելիքներից, այն պահանջում էր նաև գիտելիքների ահռելի պաշար թերապիայից: Այս բոլոր գործոնները գումարվեցին, և առանց ավելորդ կասկածի՝ դիմեցի կլինիկական օրդինատուրա:

Նախարարը շարունակում էր իր պատմությունը, և հերթական անգամ զանգ. մեր զրույցն ընդհատվեց: Յուրաքանչյուր զանգի պատասխանելիս նրա կերպարը միանգամից փոխվում էր՝ մի մարդուց, որը դրական հիշողություններով պատմում էր իր անցած ճանապարհի մասին, մեկ այլ մարդու, ով հստակ պատկերացնում էր ամեն զանգի կարևորությունը և գիտակցում իր որոշումների վճռականությունը: Իմ ժամանակը սպառվում էր, բայց ես դեռ մի քանի հարց ունեի տալու:

-Ե՞րբ սկսեցիք մտածել ադմինիստրատիվ ոլորտում աշխատանքի մասին:

- 90-ականների վերջին ինձ սկսեցին հուզել հիվանդանոցի աշխատանքի կազմակերպման հետ կապված շատ հարցեր. ցանկանում էի իմ և ընկերներիս մոտ եղած բոլոր գաղափարները կյանքի կոչել, և արդեն այդ պահից սկսած՝ մտածում էի Հայաստանի ամերիկյան համալսարան ընդունվելու մասին, սակայն կլինիկայում աշխատանքս և նաև լեզվի ոչ լիարժեք տիրապետումը խանգարեցին ինձ: Սակայն այդ կրթությունը անմասն չմնաց մեր ընտանիքից և պատճառ հանդիսացավ, որ կինս ընդունվեց և հաջողությամբ ավարտեց Ամերիկյան համալսարանը (ծիծաղում է): Ինչևէ, ես նպատակ ունեի զբաղվել ադմինիստրատիվ գործով և, վերջիվերջո, հասա իմ նպատակին, իսկ 2003 թվականին ստանձնեցի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավարի պաշտոնը, և իմ համագործակցությունը գործընկերներիս հետ ստացվեց. ընկերների, համախոհների համատեղ ջանքերով առաջին անգամ սկսեց գործել ուրոլոգիայի ամբիոնը: 2005 թվականին «Մեդիկուս» թերթը մեզ ճանաչեց «Լավագույն ամբիոն», որն իրականում ամենամեծ գնահատակն էր մեզ համար, քանի որ դա ուսանողի գնահատականն էր: Ուզում եմ ընդգծել, որ բժշկական բոլոր հաստատություններում ֆելդշերից, սանիտարից մինչև վիրաբույժ ջերմ հարաբերություններով կապված եմ այդ կոլեկտիվների հետ:


Բլից հարցեր

Ա. -Ի՞նչ գրականություն եք կարդում վերջին ժամանակներում:

-Մեմուարիստիկա և կենսագրական ժանր:

Բ. -Ի՞նչի համար եք փոշմանում:

- Չեմ փոշմանում, առհասարակ, մարդ հետ չպետք է նայի:

Գ. -Ի՞նչը չեք սիրում տղամարդու և կնոջ մեջ:

- Տղամարդկանց մեջ՝ դավաճանությունը և նենգությունը, իսկ կանանց մեջ՝ երբ կինը կանացի չէ: Առհասարակ չեմ սիրում փոքրահոգի և նենգ, անպատասխանատու տղամարդկանց: Միշտ գնահատում եմ մեծահոգի, պատասխանատու և նախաձեռնողականություն դրսևորողներին: Այս հատկանիշները, որպես կանոն, բնորոշ են մեծ վիրաբույծներին և անվանի բժիշկներին: Իսկ կանանց մեջ բարձր եմ գնահատում կանացիությունը, նվիրվածությունը ընտանիքին, երեխաներին, ամուսնուն:

Դ. -Ու՞մ եք ամենից շատ հարգում:

- Հայրիկիս հիշատակը:

Ե. -Ի՞նչ խորհուրդ կտայիք ուսանողներին:

- Որ լավատես լինեն, հայրենասեր ու փորձեն ամեն կերպ իրենց կյանքը դասավորել իրենց երկրում, որ երբեք չթերագնահատեն աշխատանքի և կրթության բացարձակ արժեքները, լինեն նախաձեռնող և պատասխանատու: Կցանկանայի, որ երիտասարդները միշտ հիշեն, որ յուրաքանչյուր նախագիծ, նախաձեռնություն, անշուշտ, ունի իր բաժին դժվարությունները, և այն բանալիները, որոնք, ի վերջո, քո առջև դռներ են բացում, սկզբունքներն են:

Մեր հարցազրույցն ավարտվեց, արդեն երեկոյան ժամը ինն էր: Նախարարի աշխատասենյակից դուրս գալուց հասցրեցի միայն նկատել, որ դեռ երեք-չորս հոգի սպասում էին նրա հետ հանդիպմանը…

Հոդվածի հեղինակ՝ Կարեն Մանուկյան

Հարցազրույցը կարող եք կարդալ նաև «Մեդիկուս»-ի առաջիկա համարում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook