Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային 7-րդ գիտաժողով

16.09.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային 7-րդ գիտաժողովի բացումը, որը նվիրված է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 85-ամյակին: Գիտաժողովին ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր, Միքայել Նարիմանյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գ.Մ. Միրիջանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հ.Ն. Զորյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վ.Ա.Գասպարյանը, ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ պրոֆեսոր Մ.Գ. Բոստանջյանը և այլք:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության փոխնախարար Գ.Մ. Միրիջանյանը՝ գիտաժողովի մասնակիցներին փոխանցելով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնը և շնորհավորանքը: «Հայաստանի առողջապահական համակարգում գործող առաջին գիտահետազոտական հաստատություններից մեկը լինելով՝ ինստիտուտը պահպանել է կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության հայկական դպրոցի լավագույն ավանդույթները: Այսօր այն ներկայանում է որպես միջազգային մասնագիտական հանրությանն ինտեգրված բժշկական ռեաբիլիտացիայի բազմապրոֆիլ գիտագործնական և ուսումնական կենտրոն, որի բազայի վրա հաջողությամբ գործում է ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող ԵՊԲՀ պրոֆիլային ամբիոնը և ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը:

Առողջապահության զարգացման հիմնական պայմաններից մեկը կլինիկական բուժման փուլում ռեաբիլիտացիոն ծառայության միասնական համակարգի ստեղծումն է, ինչը հետագայում կնվազեցնի հաշմանդամության վտանգը և կբարձրացնի հիվանդների կյանքի որակը»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնը գիտաժողովի մասնակիցներին հաղորդեց ԱԺ նախագահի խորհրդատու Հ.Ն.Զորյանը. «85 տարի շարունակ ինստիտուտի մասնագետներին, որոնց թվում են նաև միջազգային հանրությանը հայտնի բժիշկները, հաջողվել է պատշաճ կերպով իրականացնել իրենց առաքելությունը, ձևավորել հայրենական կուրորտաբանությունը, ուսումնասիրել ու գիտականորեն ներկայացնել այս ոլորտի մեր երկրում առկա հնարավորություններն ու դրանց առանձնահատկությունները: Ինստիտուտի գործունեության շնորհիվ կազմավորվել և միջազգային համբավ են վայելում այնպիսի կուրորտային գոտիներ, ինչպիսիք են Արզնին, Դիլիջանը, Ջերմուկը, Հանքավանը և այլ բուժական վերականգնողական գոտիներ»: ԱԺ նախագահի խորհրդականը առանձնացրեց ինստիտուտի մեծ դերը 1988թ.-ին Սպիտակի երկրաշարժից տուժածներին, ինչպես նաև Արցախի ազատագրական պայքարում վիրավորված զինվորներին և կամավորականներին վերականգնողական բուժօգնություն ցուցաբերելու գործում:

Շնորհավորելով Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմին և ներկաներին՝ ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ կուրորտաբանությունը՝ իբրև պրոֆիլակտիկ գործունեություն, մեծ դեր ունի և՛ կանխագելիչ, և՛ վերականգնողական բժշկության գործում: «Այս ոլորտում գործունեության դաշտը շատ լայն է՝ վնասվածքներից, ծանր հիվանդություններից հետո վերականգնում, սպորտային բժշկություն, ֆիզիկական կուլտուրա հաշմանդամների համար և այլն: Հարկ է առանձնացնել նաև բժշկական զբոսաշրջությունը և այն բնական պաշարները, որոնք տարիներ շարունակ օգնում են մեր բնակչությանը վերականգնելու առողջությունը: Մենք ակնկալում ենք, որ այս գիտաժողովը կհամալրի մեր կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության կրթական ծրագրերը»:

ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ պրոֆեսոր Մ.Գ.Բոստանջյանը, ողջունելով մասնակիցներին, ասաց. «Ձեր ինստիտուտը իր 85-ամյակին մոտեցավ առողջացման կարևոր գործում ունեցած մեծ ձեռքբերումներով: Դուք մեծ գիտահետազոտական աշխատանքներ եք կատարում վերականգնողական բժշկության ոլորտում: Մենք հույս ունենք, որ մեր հետագա համագործակցությունը նույնպես արգասաբեր կլինի»:

Շնորհավորելով Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի 85-ամյակը՝ պրոֆեսոր Մ.Գ.Բոստանջյանը ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Բ.Ն.Հարությունյանին պարգևատրեց Ակադեմիայի բարձրագույն պարգևով «Չժեվսկու անվան ոսկե մեդալով»:

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը շնորհավորանքներ ընդունեց նաև ՌԴ վերականգնողական բժշկության մասնագետների ասոցիացիայի տնօրեն Ա.Ի.Տրուխանովի, Բժշկական վերականգման և կուրորտաբանության Ռուսաստանի գիտական կենտրոնի ներկայացուցիչ պրոֆեսոր Ա.Վ.Շակուլայի, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի և այլոց կողմից:

Նշենք նաև, որ «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային 7-րդ գիտաժողովը տևելու է երկու օր, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook