Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Սեպտեմբերի 1-ը՝ կրկնակի տոն «Հերացի» ավագ դպրոցում

1.09.2015

Ինչպես բոլոր դպրոցներում, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում ևս օրը տոնական էր: Դպրոցի աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորելու էր եկել բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Դիմելով աշակերտներին՝ ռեկտորն ասաց. «Եթե գիտելիքը միայն կուտակվում է, առաջանում է այն խլելու գայթակղությունը: Գիտելիքը ստանալու հետ միասին դուք պետք է այդ գիտելիքները բաժանեք՝ ձեր ուսուցիչների օրինակով, դնեք աշխատանքի մեջ, ստանաք արդյունք, և այդ ժամանակ միայն այն կդառնա ձեր մտավոր սեփականությունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:

Միքայել Նարիմանյանի շնորհավորանքից հետո դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանն ընթերցեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Գիտելիքի օրվա շնորհավորական ուղերձը, որից հետո ԵՊԲՀ ռեկտորը դպրոցի բակում բացեց մեծ բժշկապետ, փիլիսոփա, հայ դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու հուշատախտակը:

Այս սեպտեմբերի 1-ը կրկնակի տոնական էր «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի համար, քանի որ դպրոցում վերանորոգումից հետո բացվեց զոհված ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի՝ Դուշմանի պատվին անվանակոչված դասասենյակ: Բացմանը ներկա էին նաև Վարդանի ընկերները և մայրը՝ տիկին Զարուհին, ով ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ կտրեց ժապավենը:

Արդեն դասասենյակում ներկաները խոսեցին Դուշմանի կյանքից, անցած ուղուց, տեսաֆիլմ դիտեցին նրա մասին, որում կարմիր թելի պես անցնում էր նրա հայրենասիրությունը և անձնուրաց նվիրումը իր ընտանիքին, ազգին, իր հող ու ջրին: Ինչպես նշեց դպրոցի տնօրենը՝ անհնար է, որ Դուշմանի անունը կրող դասասենյակում սովորող աշակերտը չցանկանա նմանվել նրան: Այնուհետև նորաբաց դասասենյակը և բոլոր ներկաներին օրհնեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Վարդանի մայրը՝ տիկին Զարուհին շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ որդու գործն ու հիշատակը հարգելու համար և մատաղ սերնդին հորդորեց ազգի նվիրյալ դառնալու համար նախ և առաջ զինվել գիտելիքներով:

Տոնական օրն անցավ ջերմ, անմիջական և հուզիչ մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook