Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանն ընդունեց ապագա բժիշկներին և դեղագետներին

31.08.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել առաջին կուրսեցիների առջև: Նրանց գալիք Գիտելիքի, գրի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շնորհավորեց բուհի ղեկավարությունը՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանի գլխավորությամբ:

Դիմելով ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսեցիներին՝ ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանը շնորհավորանքի իր խոսքում ասաց. «Դուք այսօր Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացիներն եք, իսկ վաղվա՝ զարգացած, բանիմաց, բարձրորակ բժիշկ մասնագետները: Տոնական այս օրը մեզ մեկ անգամ ևս առիթ է տալիս արժեվորելու միակ կայուն և չարժեզրկվող հարստությունը՝ գիտելիքը. կուտակեք այն ողջ կյանքի ընթացքում՝ հարթելով կյանքի ճանապարհը որպես մասնագետ, քաղաքացի, մարդ: Շնորհավորում եմ նաև ձեզ, սիրելի ծնողներ, քանզի այսօր իրականացել է ձեր ամենանվիրական երազանքերից մեկը՝ տեսնել, թե ինչպես է կերտվում ձեր զավակի ապագան»:

Դեկանից հետո առաջին կուրսեցիներին ողջունեց և շնորհավորեց համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: «Սիրելի ուսանողներ, ապագա գործընկերներ, այսօր իրականացել է ձեր և ձեր ծնողների երազանքը: Դուք ընտրել եք բժշկի մասնագիտությունը, հետագայում, երբ անցնեք բավականին ծանր, պարտադրող, բայց շատ հետաքրքիր 6 տարիները, կընտրեք նաև ձեր նեղ մասնագիտացումը: Ձեր ուսումնառության ողջ ընթացքում դուք կկուտակեք գիտելիքներ, ձեռք կբերեք ունակություններ և նվիրում այդ ամենամարդասիրական մասնագիտության մեջ: Իսկ բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը, առաջնորդվելով բազմաթիվ տարիների բարի ավանդույթներով, կաջակցի ձեզ այս դժվարին և հետաքրքիր ճանապարհին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ», - ասաց ռեկտորը՝ առաջին կուրսեցիներին ներկայացնելով համալսարանի ղեկավարությանը և ուսանողական կառույցի՝ Ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչներին:

Շնորհավորելով ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ Միքայել Նարիմանյանն ասաց. «Ուզում եմ նշել, որ երբ ես էի ուսանում այս բուհում, ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվողների թիվը մոտ 25 էր, իսկ այսօր այստեղ ընդունվածների մեծ թիվը կարող է փաստել միայն մեկ բան, որ մեր երկրում զարգանում է ստոմատոլոգիան, ինչն ուրախալի է: Եվ ես շնորհավորում եմ ձեզ, քանի որ ձեռք եք բերելու շատ կարևոր, շատ հետաքրքիր և միջառարկայական մասնագիտություն, որի մեջ կա և վիրաբուժություն, և թերապիա, և գիտություն: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում ուսանողական հետաքրքիր տարիներ և լավ մասնագետի ապագա»:

Ապագա դեղագետներին շնորհավորելով և նրանց ներկայացնելով բուհի ղեկավարությանը՝ ռեկտորը նշեց, որ նրանք ընդունվել են մի կարևորագույն ֆակուլտետ, որն իր ուրույն տեղն ունի բժշկագիտության մեջ: «Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որն անընդհատ զարգանում է, որը «սպասարկում» է բուժական գործը, որն ուղղված է ոչ միայն հիվանդության բուժմանը, այլև կանխարգելմանը և վաղ ախտորոշմանը: Շնորհավորում եմ բոլորիդ՝ բուհ ընդունվելու կապակցությամբ և մաղթում բազմաթիվ հաջողություններ», - ասաց Միքայել Նարիմանյանը:

Շնորհավորելով ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ ռեկտորն ընդգծեց. «Մենք ուզում ենք, որ բանակում գտնվող մարդիկ, նրանց ընտանիքները լինեն առողջ և ամուր, քանի որ նաև դա է հզոր բանակի, հետևապես նաև՝ ամուր պետության հիմքը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook