Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հայաստանի գլոբալ առողջություն. հիմնախնդիրներ». գիտաժողով ԵՊԲՀ-ում

17.06.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշակական համալսարանում կայացավ «Հայաստանի գլոբալ առողջություն. հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Երևանի պետական բժշկական և Յուտայի համալսարանների սերտ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրի տնօրեն Հռիփսիմե Զատիկյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, հանրային առողջության ոլորտի մասնագետներ, ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Այսօր տրվում է գլոբալ առողջությանը վերաբերվող նոր մեծ ծրագրի մեկնարկը, ինչի համար ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ բոլորին: Տարիներ առաջ մեր բուհում բացվեց հանրային առողջության ֆակուլտետ, որը նպատակ ունի լուրջ հետազոտական աշխատանքների և կրթական ծրագրերի միջոցով համախմբել այն մարդկանց, ում գիտական հետաքրքրությունը գտնվում է «հանրային առողջություն» կոչվող այս պտղաբեր դաշտում»: Ռեկտորը նաև խոսեց կանխարգելիչ բժշկության մասին և շնորհակալություն հայտնեց արտասահմանյան մեր գործընկերներին՝ համագործակցության համար:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և կատարած աշխատանքների համար շնորհակալություն հայտնեց նաև «Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրի տնօրեն Հռիփսիմե Զատիկյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ իր խոսքում ներկայացնելով նախարարության դիրքորոշումը և հանրային առողջապահության ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Հանդիսավոր մասի ավարտին ներկաներին ողջունեց նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, որից հետո մասնակիցներն անցան գիտաժողովի գործնական մասին՝ զեկույցներին:

Սույն գիտաժողովն իրենից ներկայացնում է Հայաստանում հանրային առողջապահական խնդիրներն ուսումնասիրելու եզակի հնարավորություն: Գիտաժողովը հնարավորություն կնձեռնի ուսումնասիրել գլոբալ հանրային առողջապահական խնդիրները առաջատար առողջապահական կազմակերպությունների, մասնագետների և փորձագետների միջոցով, ովքեր կներկայացնեն իրենց փորձը և կքննարկեն ընդունված ռազմավարությունները, իրազեկման, գործնական համագործակցության, հետազոտության խնդիրները և այլն: Այս գիտաժողովը կծառայի հանրային առողջապահության ոլորտի մասնագետների հետ համագործակցական կապեր ստեղծելու և տարբեր կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու համար:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook