Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ջերմուկում տեղի ունեցավ «Դրամաշնորհներին դիմելու արվեստը» թեմայով երիտասարդ գիտնականների դպրոց

2.06.2015

Մայիսի 28-31-ը նշանակալից էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետազոտողների, ուսանողների և ոլորտի տարբեր մասնագետների համար:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանը, ի դեմս ԵՊԲՀ Գիտության վարչության, Հանրային առողջապահության ֆակուլտետի, Երիտասարդ գիտնականների խորհրդի, «Greatmed» ՀԿ-ի, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ, Ջերմուկ քաղաքում կազմակերպեց եռօրյա ամառային դպրոց «Դրամաշնորհներին դիմելու արվեստը» թեմայով:

Պաշտոնական բացման արարողությամբ նշվեց Երևանի պետական բժշկական համալսարանի և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի միջև տասնամյա արդյունավետ համագործակցությունը:

Այնուհետև մոդերատորներ Գիտության վարչության պետ կ.գ.թ., դոցենտ Սեյրան Քոչարյանը, վարչության աշխատակիցներ Մարիամ Գրիգորյանը, Կիմա Ղուլյանը և Նազինե Խալաֆյանը ներկայացրեցին դրամաշնորհներին դիմող հիմնական ենթակապալառուների դերերը, առանձնակի գործողությունները, ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև տրվեցին առաջարկություններ և խորհուրդներ, նկարագրեցին ծրագրի շարունակականության, գնահատման և համայնքի վրա ազդեցության մասին:

Այնուհետև մասնակիցներին առաջադրանք տրվեց գրել իրենց սեփական գրանտային ծրագրերը. գնահատման նպատակով ստեղծվեց հատուկ ժյուրի: Խմբերից մեկը արժանացավ լավագույն գնահատականին:

Խմբերը բաժանվել էին համաձայն հանրաճանաչ «World Cafe» («Սրճարանային զրույց») ձևաչափի: Սույն մեթոդոլոգիան առաջին անգամ օգտագործվել է 1995թ.՝ երկխոսության առողջ միջավայր ստեղծելով:

Հիմնված է այն վարկածի վրա, որ զրույցի կողմերն արդեն իսկ ունեն որոշակի իմացություն շոշափվող թեմայի վերաբերյալ, ինչպես նաև ստեղծագործ միտք, ուստի կարող են դիմակայել նույնիսկ թեմայի շուրջ զարգացող ամենադժվար մարտահրավերներին:

«Սրճարանային զրույց» ֆորմատն իրենից ներկայացնում է 4-5 անձից բաղկացած խմբային քննարկումներ խմբից խումբ տեղափոխվելու ձևով՝ նպատակ հետապնդելով զրույցներն ավելի բուռն դարձնել:

Հաջորդ թեման նվիրված էր քննադատական մտածողության հմտություններին, որը ներկայացվեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հակոբ Մադոյանի կողմից: Նա ներկայացրեց քննադատական մտածողության հիմնական սկզբունքներն ու ռազմավարությունները, ինչպես առաջ է քաշվել Ռիչարդ Պոլի կողմից: Ըստ հեղինակի՝ առկա են քննադատական մտածողության 35 կետեր: Յուրաքանչյուր խմբի տրվեց 5-ական րոպե՝ ներկայացնելու համար խմբի կողմից պատրաստված պրեզենտացիան ըստ խմբերի ոլորտնային անվանումների, որոնք են՝ «Բժիշկներ», «ՏՏ մասնագետներ», «Կրթության կազմակերպողներ», «Հանրային առողջապահություն», «Ես միշտ ճիշտ եմ»:

Հաջորդիվ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց հեռավար ուսուցման, կրթության մեթոդների բազմազանության վերաբերյալ զեկույց, որին հաջորդեց ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, կրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պետրոսյանի զեկույցը դասական և այլընտրանքային կրթության ձևերի մասին:

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետազոտողներն ու ուսանողները հանդես եկան տարբեր զեկույցներով, ինչպես նաև համառոտ ներկայացրեցին Վրաստանի առողջապահական տուրիստական առողջարանները:

Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց այցելել Տաթևի վանական համալիր և Տաթևեր ճոպանուղի:

Մասնակիցներին տրված հատուկ կազմված գնահատման թերթիկների արդյունքում պարզ դարձավ, որ ամառային դպրոցի վերաբերյալ մասնակիցների տպավորությունները գերազանց էին:

Փակման արարողությանը տրվեցին մասնակցության վկայականներ:

Նկարներ

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook