Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժություն» առարկայի դերը ժամանակակից վիրաբուժության մեջ. 2014-2015թթ.-ի հաշվետու գիտաժողով

27.05.2015

Հաշվի առնելով բարձրագույն բժշկական համակարգում կրթության զարգացման ժամանակակից միտումները, բժշկական կադրերի որակի նկատմամբ պահանջների մեծացումը, բժշկական համալսարանում առավել կարևորվում են ուսանողների ուսումնահետազոտական աշխատանքի (ՈւՈւՀԱ) բաղկացուցիչ մասերը` տեսական գիտելիքների ամփոփում ռեֆերատիվ աշխատանքների տեսքով և գործնական հմտությունների ուսուցում հատկապես կլինիկական առարկաների գծով:

Մասնավորապես՝ բուհի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում տեսական գիտելիքների յուրացման հետ համատեղ, կարևորվում է գործնական հմտությունների ձեռք բերումը: Այդ նպատակով ամբիոնում գործում է Հայաստանում միակ ուսումնափորձարարական վիրասրահը, որտեղ ուսանողներն իրենց ղեկավարների օգնությամբ կատարում են վիրահատություններ, ձեռք են բերում վիրաբուժական տեխնիկայի գործնական հմտությունների որոշակի ծավալ՝ վիրաբուժական գործիքներին ռացիոնալ տիրապետում, վիրաբուժական հանգույցներ դնելու ունակություն, վերքի առաջնային վիրաբուժական մշակման, արյունահոսության դադարեցման եղանակների կարողություն, կենդանի հյուսվածքների անջատման և միացման սկզբունքներ և այլն: Ինչպես նաև, ըստ վերջին քսան տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի, կազմավորվում է ուսանողական գիտական խմբակ, կազմակերպվում են ուսումնագիտական կոնֆերանսներ, որոնք ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքի անբաժանելի մասն են կազմում:

Գիտական խմբակի աշխատանքներին մասնակցելը ուսանողներին հնարավորություն է ընձեռում սովորել հետազոտվող նյութում դրույթներ առանձնացնել, դրանք կրճատ ձևակերպել, վարել տեքստային համառոտումներ, հետազոտվող աղբյուրներում համեմատել տարբեր դրույթներ, ռեֆերատի ձևով ներկայացնել ուսումնասիրվող գրականությունը: Այս ամենը նպաստում է կլինիկական մտածելակերպի ձևավորմանը՝ սկսած դեռևս ուսանողական տարիներից: Հետևաբար, ուսանողի ակտիվ ներգրավվածությունը ուսումնահետազոտական գործընթացում, նրա ինքնուրույն օգտվելը մեծածավալ գրականությունից մշակում են կլինիկական մտածելակերպ և ստեղծում են այն անհրաժեշտ հիմքը, որը պետք է ապագա բժիշկի բեղմնավոր գործունեության համար:

2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ամբիոնի ուսանողական գիտական խմբակի անդամները՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները, յուրաքանչյուր շաբաթ օր 9-րդ լսարանում հանդես են եկել ռեֆերատիվ զեկույցներով ամբիոնի վարիչի՝ պրոֆ. Ս.Լ. Օրդույանի պարտադիր ներկայությամբ, ուսումնական մասի վարիչ՝ դոց. Գ.Ֆ. Ավետիսյանի, ինչպես նաև ամբիոնի դասախոսների՝ Ա.Հ. Պողոսյանի, Ն.Հ. Թորոսյանի, Թ.Գ. Գրիգորյանի և մյուսների մասնակցությամբ:

Այս տարի խմբակի աշխատանքներին մասնակցող զեկուցողները համալրեցին ռեֆերատիվ աշխատանքների ցանկը մոտ 40 նոր աշխատանքներով, որոնք նվիրված էին «Տեղագրական անատոմիա և օպերատիվ վիրաբուժություն» առարկայի դերին ժամանակակից վիրաբուժության արդի խնդիրների մեջ: Բոլոր զեկուցողներն իրենց կատարած աշխատանքի համար ստացան հավաստագրեր: Ընտրված տասը լավագույն աշխատանքները ներկայացվեցին ամբիոնի և ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված տարեվերջի՝ արդեն ավանդույթ դարձած գիտական ամփոփիչ կոնֆերանսում, որը տեղի է ունեցել սույն թվականի մայիսի քսանմեկին:

Հաշվետու կոնֆերանսի հյուրերն էին ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և բազմաթիվ ապագա բժիշկներ:

Հաշվի առնելով կոնֆերանսի մրցութային բնույթը՝ ՀՀ բժշկական ոլորտի առաջատար մասնագետների կողմից ստեղծվեց մրցութային հանձնաժողով: Հանձնաժողովը նախագահում էր վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մ.Մ. Միրիջանյանը: Հանձնաժողովի անդամներն էին՝ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Ա.Բ. Սահակյանը, սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ Տ.Լ. Սուլթանյանը, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռ.Վ. Ֆանարջյանը, տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ ՝պրոֆեսոր Ս. Լ. Օրդույանը:

Ներկայացված տասնյակից հանձնաժողովի կողմից ընտրվեցին լավագույն երեք զեկույցները: Մրցանակակիրներն են՝

  1. «Սրտի փոխպատվաստում»՝ Թամարա Հարությունյան,
  2. «Վիրահատական լաթերի դերը ռեկոնստուկտիվ վիրաբուժության ոլորտում»՝ Աննա Թոփլաղալցյան,
  3. «Դիմային նյարդի ախտահարումների բուժման վիրահատական եղանակները»՝ Հայկուհի Հարությունյան:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook