Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պետչ Ադամս. «Մարդու ամենածանր փորձությունը սեր չզգալն է».

20.05.2015

Մայիսի 18-19-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալել էր աշխարհահռչակ բժիշկ և ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսին, ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս անունով:

Հայտնի բժիշկ-ծաղրածուին ողջունեց ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը: Նա ընդգծեց վերջինիս նախաձեռնության և կատարած աշխատանքի կարևորությունն ու շնորհակալություն հայտնեց այցի համար:

1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական-էկոլոգիական հաստատություն, և որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում և մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ և ագրեսիվ թերապիաների ազդեցությունը:

Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների» թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական կենսաքիմիա է»,- մայիսի 18-ին ԵՊԲՀ-ում կայացած իր դասախոսության ընթացքում ասաց նա:

«Սեր, հումոր, ուրախություն. ո՞վ կարող է պատկերացնել, որ այս երեքը կարող են մարդուն առողջացնել: Շատ դժվար է հիմա գտնել նորմալ մարդ մի աշխարհում, որտեղ իշխանությունն այլոց նկատմամբ դարձել է հիմնական արժեք, իսկ «սեր» կամ «ծիծաղ» բառերը վտանգավոր են»,- շեշտում է բժիշկ-ծաղրածուն: «Մարդու ամենածանր փորձությունը սեր չզգալն է: Այսօր ամբողջ աշխարհում չկա ոչ մի դպրոց, որտեղ սեր դասավանդեն: Միացյալ Նահանգներում, օրինակ, բնակչությանը կառավարելու լավագույն միջոցը բնակչությանը դժբախտ, ձանձրացած պահելն է: Սիրե՛ք և շատ ընկերներ պահե՛ք»,- խորհուրդ տվեց Պետչը:

Հաջորդ օրը՝ մայիսի 19-ին Պետչ Ադամսն իր ընկերների հետ այցելեց ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող փոքրիկներին և մեծ ուրախություն պատճառեց նրանց:

Նշենք, որ Պետչ Ադամսի այցը կազմակերպել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը՝ համապատասխան պետական կառույցների, առողջապահական և սոցիալական տարբեր հաստատությունների հետ համատեղ: Ադամսի Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook