Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԻՄ ՈՒՂԻՆ

26.05.2015

Սկսելով մեր առաջին հարցազրույցը «Իմ ուղին» խորագրում՝ մենք նպատակ ունենք մեր ուսանողներին ներկայացնելու բժիշկների, ովքեր մեծ հաջողությունների են հասել իրենց մասնագիտական կյանքում: Կփորձենք ներկայացնել, թե ինչպես են նրանք սովորել, ինչ պայմաններում, ինչ որոշումների առաջ են կանգնած եղել և ինչպես են ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում: Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում «Իմ ուղին» խորագրի առաջին հյուրին՝ Միքայել Զախարի Նարիմանյանին, առաջին հերթին՝ որպես բժիշկ և հետո միայն՝ որպես ԵՊԲՀ ռեկտոր:

- Պարոն Նարիմանյան, գրեթե յուրաքանչյուր մարդ ընտրում է իր ապագա մասնագիտությունը տասնվեց տարեկան հասակում. ոմանց համար դա պատահական բնույթ է կրում, ոմանց համար լինում ի սկզբանե ընդունված հստակ որոշում: Ինչու՞ բժիշկ: Ո՞վ դեր ունեցավ ձեր ընտրության կայացման մեջ:

- Ես ծնվել եմ բժիշկների ընտանիքում, տատս և պապս բժիշկներ էին, այդ ավանդույթը շարունակել են նաև ծնողներս, այսինքն՝ ինքնըստինքյան ստացվել է այնպես, որ մանկուց գտնվել եմ բժշկությունով լի մթնոլորտում և ընտրության խնդիր, որպես այդպիսին, չեմ ունեցել: Ես կարծում եմ, որ եթե բժիշկների ընտանիքում ծնված երեխան չի ուզում բժիշկ դառնալ, ապա նա պետք է ունենա ցայտուն արտահայտված ցանկություն այլ մասնագիտության հանդեպ, որպեսզի զբաղվի դրանով: Մանկուց շատ եմ սիրել գեղարվեստը և, հինգ տարեկանից սկսած, բավականին երկար ժամանակ նկարել եմ, սակայն բժշկության հանդեպ սերն ավելի զորեղ գտնվեց: Ընտրության հարցում մեծ դեր խաղաց մեր տան գրադարանը: Լավ գրականության ընթերցանությունը հնարավորություն է տալիս շփվել այն տաղանդավոր և, ինչու չէ, նաև հանճարեղ մարդկանց հետ, այնպիսինների, ում հետ իրական կյանքում ծանոթանալու հնարավորություն չունես: Իսկ նրանց մտքերի հետ ծանոթանալով՝ մարդու մոտ ձևավորվում է աշխարհայացք, որը հսկայական դեր է խաղում նրա ընտրության մեջ: Մյուս մասնագիտությունը, որն ինձ շատ էր հրապուրում, ռեժիսուրան էր: Կինոն և թատրոնը ներխուժում են մարդու հոգի և շատ դեպքերում ճակատագրական որոշումների ոգեշնչման աղբյուր դառնում, ինչպես նաև դրանք մարդու մոտ ձևավորում են ճաշակ, որն ազդում է նրա ամբողջ կյանքի ընթացքի և որակի վրա:

- Ինչպե՞ս կայացավ ձեր նեղ մասնագիտական ընտրությունը: Ինչու՞ թոքաբանություն:

- Երբ արդեն ընտրում էի նեղ մասնագիտություն, այդ ժամանակ ունեի կասկածներ: Երեք հիմնական մասնագիտությունները, որոնց ուղղությամբ մտածում էի, թերապիան, էնդոկրինոլոգիան և նյարդաբանությունն էին. վերջինը մինչ այսօր էլ ինձ շատ է հետաքրքրում: 70-ականներին մեծ աղմուկ առաջացրեց իմունոլոգիան, և այն մասնագիտությունը, որն ամենից շատ պարունակում էր իր մեջ իմունոլոգիա, դա թոքաբանությունն էր: Դրանից ոգեշնչված էլ ընտրեցի հենց թոքաբանություն:

- Ինչու՞ ոչ վիրաբուժություն:

- Հայրս ԼՕՌ վիրաբույժ էր, և տեսնելով վիրաբույժի մասնագիտությունը, որը պահանջում է էքստրեմալ պայմաններում ծայրահեղ արագ ու ճիշտ որոշումներ կայացնել՝ հասկացա, որ դա չի համապատասխանում իմ հոգեֆիզիկային: Առհասարակ, վիրաբույժի և թերապևտի ինտելեկտը տարբերվում է, իսկ ինտելեկտը միջոց է, որով մարդը լուծում է կյանքում առաջացած խնդիրները: Ես ցանկացա լինել բուժող բժիշկ, այլ ոչ վիրահատող: Ինձ ավելի հոգեհարազատ է երկար մտածել, փնտրել լուծումներ, ավելի շատ պրպտալ գրքերի մեջ, կարդալ ու նորանոր գիտելիքներ ձեռք բերել:

- Ի՞նչ եք կարծում, մարդ ինչպե՞ս պետք է սովորի «Ճիշտ սովորել», ինչպե՞ս է այդ հատկանիշը ձևավորվում մարդու մեջ:

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Հաճախ հանդիպում ես մարդկանց, ովքեր ունեն բավականին ցածր առաջադիմություն, սակայն ցանկանում են սովորել, բայց միայն այն պատճառով, որ չգիտեն ինչպես դա անել, ընկնում են հուսահատության մեջ և հիասթափվում կրթությունից: Ի՞նչ անել: Ես կարծում եմ, որ մարդու սովորելու մշակույթը, առաջին հերթին, գալիս է ընտանիքից և դպրոցից: Նախ՝ մանկավարժը պետք է երեխային սովորեցնի ճիշտ սովորելու մշակույթը, իսկ մանկավարժ լինելն իրականում այդքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Իրականում, մեր դերը ուսանողին ճիշտ ուղղորդելն է…

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Մեդիկուս»-ի վերջին համարում:

Հոդվածի հեղինակ`Կարեն Մանուկյան

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook