Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գնահատման նոր՝ բազմաբաղադրիչ համակարգի մասին

21.05.2015

Մարտ ամսվա վերջին ԵՊԲՀ Որակի կենտրոնի գնահատման և վերահսկման ղեկավար, Հիգիենայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը ուսանողական լսարանին առաջին անգամ ներկայացրեց բազմաբաղադրիչ համակարգը։ Ըստ ներկայացվածի՝ համակարգը նպատակ ունի ապահովել բազմաթիվ խնդիրների լուծում և կրթական համակարգի արդյունավետ զարգացում։ Բազմաբաղադրիչ համակարգի էությունը հասկանալու համար Ուսումնամեթոդական հանձնաժողովը փորձեց հարցազրույց վերցնել, ստանալով ուսանողներին հուզող մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:

- Տիկին Ավետիսյան, խնդրում ենք նախ ներկայացնել, թե գիտելիքի գնահատման նոր համակարգն ինչ նպատակ ունի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին Բոլոնյան գործընթացի միջոցով ինտեգրմանը նպաստող ինչպիսի խնդիրներ է փորձելու լուծել։

- Դուք գիտեք, որ մի քանի ամիս առաջ մեր բուհը հավատարմագրվեց 4 տարի ժամկետով: Հավատարմագրման գործընթացին մասնակցած ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական փորձագետների կողմից արվեցին մի շարք դիտողություններ և առաջարկություններ, որոնցից մեկը վերաբերում էր ուսման գործընթացի մեթոդաբանությանը (դասախոսակենտրոնից ուսանողակենտրոնի անցում), իսկ մյուս երկուսը՝ ուսանողի գիտելիքների գնահատմանը և ուսումնական պրոցեսում հետազոտական աշխատանքի ներդրմանը:

Այսօր մեր բուհի կրթական ծրագրերը և դրանց բաղկացուցիչ առարկայական ծրագրերն ունեն վերջնարդյունքներ, որոնք արտահայտվում են գիտելիքների, կարողությունների և հմտությունների բաղկացուցիչներով: Սակայն գիտելիքների գործող համակարգը (բացառությամբ՝ ավարտական քննությունների) գնահատում է միայն ուսանողի գիտելիքը: Առաջարկվող մոդելը լրացնում է այս բացը, որովհետև մշակված է ամենօրյա գործնական հանձնարարականի գնահատման սանդղակ:

Համակարգը բավական ճկուն է և հնարավորություն է տալիս մոդելը կիրառել տարբեր առարկաների դեպքում՝ բաղադրիչների տարբեր տեսակարար կշիռներով. մի դեպքում հետազոտական աշխատանքներին կարող է տրվել մեծ կշիռ, մյուս դեպքում՝ կատարողականին։ Առաջին անգամ մենք փորձելու ենք կրթական համակարգում ներդնել հետազոտական բաղադրիչը, որը Բոլոնյան ինտեգրման գործընթացում մեր հիմնական թերացումներից մեկն է։

- Համակարգի ներկայացման ժամանակ դուք շեշտեցիք, որ այս համակարգն առավելագույնս օբյետիվ է, բայց մենք տեսնում ենք, որ առնվազն 40%-ն իր մեջ կարող է պարունակել սուբյեկտիվ տարրեր։ Արդյո՞ք սա առողջ մրցակցության խոչընդոտ չի դառնա, և ինչպե՞ս եք պատկերացնում այդ բաղադրիչներում սուբյեկտիվության գործոնի մինիմալիզացիան։

- Մենք պետք է ունենանք գնահատման այնպիսի համակարգ, որտեղ սուբյեկտիվությունը հնարավոր լինի հասցնել այնպիսի մինիմալ սահմանի, որն ազդեցություն չունենա գնահատման վերջնարդյունքի ձևավորման վրա։ Այս իմաստով ներկայացվող համակարգը շահեկան է, որովհետև վերջնարդյունքը ձևավորվում է 5 տարբեր բաղադրիչներից, որից 4-ը (ընթացիկ գնահատում, հետազոտական աշխատանք, համակարգչային հարցում և ներկայություն) խիստ օբյեկտիվ են, և միայն բաղադրիչը, որը կարող է պարունակել սուբյեկտիվության աննշան մաս, դա բանավոր քննությունն է, որը, սակայն, գնահատվելու է 5 բալանոց համակարգով՝ հանձնաժողովի կողմից բոլոր ուսանողների ներկայությամբ, ինչը կօգնի խուսափել սուբյեկտիվ մոտեցումից։

Ընթացիկ գնահատումը կազմված է անհատական տրվող հանձնարարականներից, որոնց միջոցով ստուգվում է գիտելիքի կատարողականը։ Այստեղ դասախոսի իրավասության մեջ է մտնում միայն հանձնարարականի դրական կամ բացասական ցուցանիշի նշանակումը։ Հստակ սահմանված են կատարողականի դրական և բացասական ցուցանիշները։ Ծրագրի ընթացքում դրական կատարողականների քանակը պրոյեկտվում է գնահատականի՝ քանակը գնահատականի համապատասախանությամբ։

Բաղադրիչներից մյուսը՝ հետազոտական աշխատանքը, հնարավորություն է տալիս ստուգել ոչ միայն ուսանողի գիտելիքը, այլև կարողությունները և հմտությունները։ Այն կատարվում է ըստ ցանկության՝ թեմայի ընտրությամբ։ Այստեղ մշակված է գնահատման հատուկ համակարգ՝ բաղկացած առանձին գնահատվող չափանիշներից։ Հետազոտական աշխատանքի բաղադրիչում ուղղակի շրջանցվում է սուբյեկտիվ գործոնը՝ հաշվի առնելով դասախոսի գնահատման հնարավոր սուբյեկտիվ տատանումները։

-Հայտնի է, որ ՀՀ-ում պետական բուհերի շարքում ԵՊԲՀ-ն ուսումնական պրոցեսում առավելագույն ծանրաբեռնավածություն ունի։ Արդյո՞ք այս բազմաբաղադրիչ համակարգի ներդնումը էլ ավելի չի մեծացնի ծանրաբեռնավածությունը, որը կիջեցնի և ուսանողների միջին առաջադիմության որակական բաղադրիչը և նրանց ամբողջական նյութի՝ թեկուզ մակերեսային իմացությունը։

- Միանշանակ ծանրաբեռնվածությունը չի ավելանալու։ Դասապրոցեսը կդառնա ուսանողների համար շատ հետաքրքիր և կլինի կծառայի ինչպես գիտելիքների, այնպես էլ կարողությունների ձեռքբերմանը։ Ուսանողն այս դեպքում դասապրոցեսի ընթացքում արդեն իսկ պատրաստվում է քննությանը։ Թե՛ քննությունը, թե՛ միջանկյալ բաղադրիչները չեն ունենալու այն կշիռը, որն այսօր նրանք ունեն։ Անմիջական խթան լինելով նյութի յուրացման և միավորների ձեռք բերման համար՝ դասապրոցեսը հնարավորություն կտա ծանրաբեռնվածություն/վերջնարդյունք հարաբերությունը դարձնել համապատասխան։

- Նոր գնահատման համակարգի ներդնումն էական նշանակություն ունենալու՞ է բուհի կողմից տրված ավարտական փաստաթղթի միջազգային ճանաչելիության վրա, միտվա՞ծ է բուհի և եվրոպական բժշկական կրթություն մատուցող բուհերի գնահատման համակարգերի համադրելիությանը։

- Համադրելիությունը շատ գլոբալ խնդիր է։ Մեր դիպլոմը ճանաչվում է ամբողջ աշխարհում, բայց առկա է այդ փաստաթուղթը պաշտպանելու խնդիրը (ինչպես շատ այլ զարգացած երկրների դեպքում)՝ համապատասխան քննությունների հանձման միջոցով։ Բազմաբաղադրիչ համակարգը ուսումնական պրոցեսում գնահատման համակարգի կատարելագործումն է ընդամենը, որը, թերևս, արդյունք է մեր արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքի, ովքեր ուսումնասիրելով մեր համակարգը՝ ներկայացրել են որոշակի առաջարկություններ։

Եթե մենք այսօր ուշադրություն չդարձնենք այս խնդիրների լուծմանը, ապագայում կունենանք խնդիրներ ինչպես հավատարմագրման, այնպես էլ եվրոպական կրթական ընտանիքին ինտեգրման գործընթացներում։

Հոդվածի շարունակությունը, որը իր մեջ ներառում է ԵՊԲՀ կենսաքիմայի ամբիոնի պրոֆեսոր Մ.Ի.Աղաջանովի կարծիքը այս համակարգի վերաբերյալ կարող եք կարդալ Մեդիկուս ամսագրի մայիսյան համարում…

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook