Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հերացի» ավագ դպրոցը բժշկական համալսարանի մշտական ուշադրության կենտրոնում է

30.04.2015

Սույն թվականի ապրիլի 30-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում կայացավ հանդիպում ռեկտորի ժ/պ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի և դպրոցի մանկավարժական անձնակազմի, աշակերտների, ծնողների միջև: Հանդիպումը սկսվեց աշակերտների ջանքերով պատրաստված շնորհանդեսով, որում ներկայացվեցին 2014-2015 ուստարվա ընթացքում կատարած աշխատանքները:

Անդրադարձ կատարվեց 2014-2015 ուստարվա ընթացքում գրանցված առաջընթացին, աշակերտական առաջադիմությանը, ընդգծվեց դպրոցի կրթական և հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերող առաջավոր աշակերտների խրախուսումը «Հերացի» կրթաթոշակով:

Սովորողներն առանձնակի ջերմությամբ իրենց երախտիքի խոսքն ուղղեցին Միքայել Նարիմանյանին՝ մատնանշելով դպրոցում կրթության համար առավել նպաստավոր պայմանների ապահովումը, մասնավորապես` այս ուստարում ուսուցումը մեկ հերթով կազմեկերպելու հնավորությունը, ինչը կյանքի կոչվեց բուհի աջակցությամբ դպրոցում լրացուցիչ դասասենյակներ ավելացնելու միջոցով:

Աշակերտները կարևորեցին առարկայական անվճար խմբակների առարկայությունը դպրոցում, ինչի արգասիքն են օլիմպիադաների մարզային, հանրապետական փուլերում ձեռք բերված հաջողությունները:

Կենսաքիմիական ենթահոսքի աշակերտները և դասավանդող ուսուցիչները մեծ ոգևորությամբ խոսեցին ԵՊԲՀ-ում անցկացվող գործնական պարապմունքների, մասնագիտական կողմնորոշման նպատակով իրականացվող պրակտիկաների մասին:

Դեռևս 2012թ.-ից դպրոցի աշխորհուրդը համագործակցում է ԵՊԲՀ ուսխորհրդի հետ: Պարբերաբար անցկացվող հանդիպումները և համատեղ միջոցառումները աշակերտների մեջ ձևավորում են ուսանողի կերպարը, ներշնչում ինքնավստահություն, դարձնում առավել նախաձեռնող:

Ինքնաբուխ և անկեղծ ելույթով հանդես եկան ուսուցիչները, որոնք խոսեցին բարդ ու հակասական այս ժամանակներում ուսուցչի առջև ծառացած դժվարությունների մասին, գոհունակություն հայտնեցին ուսուցիչների ստեղծագործական աշխատանքը խթանող հնարավորությունների համար: Բացի բարոյահոգեբանական աջակցությունից՝ կա նաև լուրջ մոտեցում` ուսուցչին ֆինանսապես խրախուսելու, անմնացորդ նվիրումը գնահատելու առումով:

Նշվեց նաև, որ դպրոցի ուսուցիչները վարձատրվում են 20% հավելավճարով, ինչպես նաև բժշկական համալսարանի աջակցությամբ հնարավորություն ունեն օգտվելու առողջական ապահովագրությունից:

Հանդիպման վերջում Միքայել Նարիմանյանը պատասխանեց աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, ինչի ընթացքում քննարկվեցին առկա այն հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավոր կդարձնի հաջորդ ուսումնական տարվա լիարժեք կազմակերպումը:

Նշենք, որ հանդիպումն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում և նոր հուսադրող ակնկալիքներով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook