Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ հաջողված փորձառությունը առցանց դասընթացի ներդրման տեսքով

21.03.2015

Երևանի պետական, Հայաստանի պետական Ճարտարագիտական և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանների սերտ համագործակցության արդյունքում մարտի 20-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ուսումնառության ռեսուրսների վիրտուալիզացիա. միջհամալսարանական համագործակցության փորձի փոխանակում» գիտաժողովը, որի նպատակն է վերջին տարիներին ուսումնառության ռեսուրսների վիրտուալիզացիայի բնագավառում ունեցած ձեռքբերումների ամփոփումն ու հեռանկարների քննարկումը:

Նշված համալսարանները միասնական ձևաչափով կարողացան ստեղծել տարատեսակ կրթական միջավայրերում օգտագործվող առցանց դասընթացներ:

ԵՊԲՀ-ն, որդեգրելով ուսանողակենտրոն կրթության, լավագույն փորձի ներդրման, ժամանակի պահանջներին բավարարող մասնագետների պատրաստման քաղաքականություն, 2013թ. ԵՊԲՀ ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Մ. Նարիմանյանի գլխավորությամբ պատրաստակամություն հայտնեց մասնակցելու «Բաց հասարակության հիմնադրամի» դրամաշնորհի շրջանակում իրականացվող ծրագրին՝ մեկնարկը տալով առցանց դասընթացի մշակման և ներդրման գործընթացի:

Արդյունքում ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ, Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանի, ամբիոնի դասախոս Արմեն Մկրտչյանի և Գիտության վարչության պետ, կ.գ.թ., դոցենտ Սեյրան Քոչարյանի մասնակցությամբ «Բժշկական էկոլոգիա» առարկայի առանձին ֆրագմենտներ վերափոխվեցին թվային ձևաչափի և ԵՊԲՀ-ում ներդրվեց առցանց դասընթաց, որը նախ և առաջ կիրառելի է հետդիպլոմային կրթության շրջանակներում:

Վերոնշյալ ամբիոնի աշխատակիցները նախքան ծրագրի մեկնարկը ուսուցանել են Կալիֆորնիայի համալսարանի կողմից առաջարկվող «Առցանց և վիրտուալ դասավանդման հիմքերը» առցանց դասընթացը՝ միաժամանակ ուսումնասիրելով և զարգացած երկրների, և հեռահար կրթության մեջ առաջին քայլերն անող կարիբյան ավազանի երկրների տարբեր համալսարանների կողմից առաջարկվող նմանատիպ դասընթացներ:

2014թ. սեպտեմբերին դեղագիտական ֆակուլտետի թվով 15 ուսանողներ մասնակցեցին «Բժշկական էկոլոգիա» առարկայի փորձնական դասընթացին: Հնարավորություն ունենալով կամավոր հիմունքով ընտրել լսարանային կամ առցանց տարբերակը՝ բոլորն ընտրել էին առցանց տարբերակը: Մասնակիցները նշեցին, որ ինքնուրույն աշխատանքի դեպքում հիմնական խոչընդոտ կարող է հանդիսանալ որակյալ ինտերնետի մշտական առկայության բացակայությունը: Ուսանողների գերակշիռ մասն այն կարծիքին է, որ դասընթացը կտա ժամանակի ազատ կառավարման ու ուսումնական նոր մեթոդի հետ ծանոթացման հնարավորություն:

Նախատեսվում է պարբերական համապարփակ գնահատում իրականացնել յուրաքանչյուր խմբի կողմից: Դրական արդյունքներ ստանալուց հետո այն կարող է ունենալ զանգվածային կիրառում:

Աշխարհում այժմ գոյություն ունեն կրթության կազմակերպման չորս մոտեցումներ, այն է. «նույն վայրում, նույն ժամին», «նույն վայրում, տարբեր ժամերի», «տարբեր վայրերում, նույն ժամին» և «տարբեր վայրերում, տարբեր ժամերի»: Վերոնշյալներից առաջին երկուսը վերաբերում են լսարանային կրթությանը, իսկ վերջին երկուսը արտալսարանային կրթության մոտեցումներ են:

Իրականում վիճակագրությունը ցույց է տալիս, որ հեռահար կրթությունը 2000-ական թվականներին նպաստել է բարձրագույն կրթություն ստացողների թվի մեծացմանը: Հեռահար կրթության առաջին փորձերն արվել են դեռևս 1800-ական թվականների վերջին, երբ հայտնի պատմաբան Ֆրեդերիկ Վիսկոնսինի համալսարանի ուսանողների համար կազմակերպվեց նամակագրական դասախոսությունների շարք: Այսօր արդեն եվրոպական շատ համալսարաններ առաջարկում են առցանց դասընթացներ և բակալավրիատի, և մագիստրոսական մակարդակում: Առցանց դասընթացները հաճախ կիրառվում են շարունակական կրթության ոլորտում՝ հնարավորություն տալով բարձրացնել մասնագիտական որակավորումը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook