Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ցեղասպանությունը և բժիշկները» թեմայով դասախոսություն ԵՊԲՀ-ում

4.04.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի «Ցեղասպանությունը և բժիշկները» թեմայով դասախոսություն: Միջոցառման նախաձեռնությունը «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությանն էր:

Ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, «Առողջապահության կազմակերպիչներ միավորում» ՀԿ-ի համանախագահներ Արա Մինասյանը, Արա Բաբլոյանը, Դերենիկ Դումանյանը, առողջապահության փոխնախարարներ, ոլորտի առաջատար մասնագետներ, ԵՊԲՀ աշխատակիցներ, ուսանողներ:

Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը. «Այսօր շատ կարևոր օր է, քանի որ այս դասախոսությամբ կմեկնարկի կրթական, գիտական, հետազոտական, հայրենասիրական և մասնագիտական ծրագիր՝ բժշկական պատմության ուղղությամբ»:

Հայկ Դեմոյանը ներկայացրեց ոչ դասական մասնագիտական, այլ տեսաշարի ձևաչափով տեղեկատվական բնույթի դասախոսություն, որում հնարավորինս ամփոփված էր հայ և օտարազգի բժիշկների առաքելությունը Ցեղասպանության բոլոր փուլերում: Հնչեցին բժիշկների ծանոթ և անծանոթ անուններ, հայ որբերի փրկության հուզիչ պատմություններ, որոնք անմիջականորեն կապված են Հայոց պատմության և մասնավորապես՝ Ցեղասպանության հետ, ներկայացվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերված նկարներ, նամակներ, հայտարարություններ և բժշկական գործունեությանն առնչվող այլ գրություններ:

Դասախոսության ավարտին Հայկ Դեմոյանը պատասխանեց ներկաների հարցերին, այնուհետև նրան շնորհվեց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի պատվավոր անդամի կոչում: Դրանից հետո ներկաներն ուղևորվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի բակում կայացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook