Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պարգևատրեցին հայտնի ռադիոլոգ Լևոն Նազարյանին և ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

03.04.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստին պարգևատրեցին Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար, ԱՄՆ-ի առաջատար ռադիոլոգ, պրոֆեսոր Լևոն Նազարյանին:

Բուհի և Նազարյանների ընտանիքի համագործակցության պատմությունը համառոտ ներկայացրեց ԵՊԲՀ անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանը:

Երևանի պետական բժշկական համալսարանը երկար տարիներ համագործակցում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի Ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի հետ: Այդ համագործակցության շնորհիվ ԵՊԲՀ-ում 2000թ.-ին բացվեց Ուլտրաձայնային ուսուցողական կենտրոն, իսկ 2010-ին համալսարանական թիվ 1 հիվանդանոցում՝ նոր համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսա-ռեզոնանսային հետազոտության սարքերով հագեցած Ռադիոլոգիայի կենտրոն: Այդ կենտրոնների բացման և հետագա աշխատանքային գործընթացում մեծածավալ մասնագիտական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ամերիկահայ գործարար-բարերար Նազար Նազարյանը և նրա որդին՝ ԱՄՆ-ում հայտնի ռադիոլոգ Լևոն Նազարյանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության և մասնավորապես՝ Նազարյանների ընտանիքի ֆոնդի ֆինանսական աջակցության շնորհիվ օրերս համալսարանական թիվ 1 հիվանդանոցը համալրվեց նորագույն 1.5 Տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով:

Հաշվի առնելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական և կլինիկական ծրագրերի հետ երկար տարիների համագործակցությունը և աջակցությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից փոխնախարար Կարինե Հարությունյանը Լևոն Նազարյանին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով:

ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը բուհի կողմից Լևոն Նազարյանին շնորհեց Երախտիքի հավաստագիր՝ երկար տարիների գերազանց համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ստացած պարգևների և գնահատանքի համար՝ Լևոն Նազարյանն իր խոսքում ասաց, որ այսուհետ էլ կանի հնարավոր ամեն ինչ՝ բուհի հետ համագործակցության խորացման և մեր երկրում բժշկության զարգացմանը խթանելու համար:

Գիտխորհրդի նիստի երկրորդ մասում Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով մեկնարկեց ԵՊԲՀ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Լսվեցին Ցեղասպանությանն առնչվող՝ Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը», Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի «Ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավման» և Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանի «Մեծ Եղեռնի լեզվական կորուստները» թեմաներով զեկույցները:

Այնուհետև Հայոց լեզվի ամբիոնի կողմից կազմակերպված մշակութային հատվածում ԵՊԲՀ-ում սովորող հայաստանցի, սփյուռքահայ և արտասահմանցի ուսանողները ներկայացրին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված հուզիչ համարները, որոնցում արտասահմանցի ուսանողները ևս ցույց տվեցին իրենց սերը մեր երկրի, ազգի նկատմամբ և զորակցությունը մեր 100-ամյա ցավին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook