Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Միջոցառումներ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

23.02.2015

Փետրվարի 20-ին և 21-ին տեղի ունեցան միջոցառումներ «Հիշում եմ և պահանջում» խորագրով՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումները կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կայացած գիտաժողովում «Մեծ եղեռնի լեզվական կորուստները» թեմայով զեկուցմամբ ելույթ ունեցավ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, դոց. Հենրիետա Սուքիասյանը: Իր ելույթում նա հիմնականում անդրադարձավ լեզվական կորուստների փոխհատուցման և ներկա ձեռքբերումների հարցերին: Հենրիետա Սուքիասյանը կարևորեց այդ կորուստների փարատումն ու փոխհատուցումը. «Թուրքիան կարող է փոխհատուցել միայն տարածք ու նյութական միջոցներ, իսկ հոգևոր կորուստները միայն մենք՝ հայերս կարող ենք փոխհատուցել ու վերականգնել»:

Սփյուռքը լեզվապահպանման և կորուստների փարատման ուղղությամբ քիչ ջանք չի գործադրել:

Միաժամանակ պետք է նկատել, որ Եղեռնի պատճառով տեղի ունեցած լեզվական կորուստները փարատելու առումով Արևելյան Հայաստանում պետականության առկայության պայմաններում ձեռքբերումները մեծ չեն եղել:

Սփյուռքի նախարարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ. մշակված մի շարք ծրագրեր միտված են պահպանելու արևմտահայերենը և պաշտպանելու նրա շահերը, քանի որ նրա գոյությունը վտանգված է՝ պայմանավորված առկա աշխարհաքաղաքականությամբ:

Իր զեկուցման ավարտին Հենրիետա Սուքիասյանը նշեց, որ բժշկական համալսարանում սովորում են բազմաթիվ օտարերկրացիներ՝ հնդիկ, պարսիկ, արաբ, ովքեր հայոց լեզվի ամբիոնում մասնակցում են հայոց լեզվի երկամյա դասընթացին: Դասախոսներն այդ ընթացքում այնքան գիտելիք ու հմտություններ են տալիս նրանց, որ ուսանողները, սկսելով տառաճանաչությունից, ձեռք են բերում գրավոր ու բանավոր հաղորդակցման բավարար հմտություն և կարողանում են հաղորդակցվել առօրյայում ու մասնագիտական կլինիկաներում:

Դոցենտն իր խոսքը փոխանցեց օտարերկրացի մի խումբ ուսանողների, ովքեր հայերենով պատմեցին իրենց առօրյայի, հայաստանյան տպավորությունների, ջերմ և հարազատ զգացողությունների մասին: Օտարերկրացի ուսանողները խոր ցավով հարգանքի խոսքեր ասացին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Օտարների շուրթերից հայերենով հնչած սրտառուչ և անկեղծ մտքերը մինչև հոգու խորքը հուզեցին գիտաժողովի մասնակիցներին: Ներկաներին ոգևորեց նաև օտարերկրացի ուսանողների ջերմագին վերաբերմունքը հայ ժողովրդի և հայոց լեզվի մասին: Նրանք խոստովանեցին, որ Հայաստանն իրենց երկրորդ տունն է, իսկ հայոց լեզուն սիրում են իրենց մայրենի լեզվին հավասար: Նրանց կողմից հնչեցրած հայկական ժողովրդական երգը և Հ. Սահյանի «Հայաստան ասելիս...» բանաստեղծության կատարումը բուռն ծափողջույնների արժանացան:

Նույն օրը երեկոյան նրանց ելույթը ջերմ ընդունելության արժանացավ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի հանդիսատեսի կողմից:

Հաջորդ օրը Օշականում նրանք մայրենի լեզվի միջազգային օրվա միջոցառումների շրջանակում իրենց խոսքով հուզեցին ներկաներին: Օտարերկրացի ուսանողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին հայոց լեզվի ամբիոնին, որը հնարավորություն ընձեռեց իրենց հաղորդակիցը և մասնակիցը դառնալու հայ ժողովրդի նվիրական տոներից մեկին՝ Մայրենի լեզվի փառաբանման տոնին: Նրանք այցելեցին և ծաղիկներ դրեցին ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, ի հիշատակ հիշարժան օրվա՝ նկարվեցին այբուբեն-խաչքարերի մոտ և նորակոչիկ հայ զինվորների հետ: Օրն ավարտվեց հիշարժան խորհրդով. «Հայ ու հնդիկ եղբայրանում, ընկեր դառնում առհավետ...»,-վերադարձի ճանապարհին հոգնած, բայց հոգեպես բավարարված երգում էին օտարերկրացի ուսանողները:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook