Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

2015թ.-ի փետրվարի 24-26-ը Վրաստանի Հանրապետություն (ք. Թբիլիսի) գործուղման հաշվետվություն

2.03.2015

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ռեկտորի հրավերով ս/թ փետրվարի 24-26-ը ԵՊԲՀ պատվիրակությունը` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. ՍամվելԱվետիսյանը, դեղագիտական ֆակուլտետի դեկան, դոց. Բագրատ Ենոքյանը, կրթական ծրագրերի բաժնի պետ, դոց. Արամ Բայկովը, այցելեց Թբիլիսիի պետական բժշկական համալսարան (ԹՊԲՀ)՝ միջբուհական կապերի ամրապնդման նպատակով, ի պատասխան 2014թ.-ի հոկտեմբերին ԹՊԲՀ պատվիրակության` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցի:

ԹՊԲՀ այցի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. Կախաբեր Չելիձեի, բժշկական ֆակուլտետի դեկան, պրոֆ. Թինատին Չիկովանիի, օտարերկրացի ուսանողների ֆակուլտետի դեկան, դոց. Դավիթ Թոփուրիայի, դեղագիտական ֆակուլտետի դեկան, պրոֆ. Դալի Բերաշվիլիի, 1-ին համալսարանական կլինիկական հիվանդանոցի տնօրեն, պրոֆ. Նոդար Լոմիձեի, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆ. Վախթանգ Կիպիանիի և ուսումնակազմակերպչական վարչության աշխատակիցների հետ:

Ուսումնասիրվեցին Վրաստանի բարձրագույն բժշկական և դեղագործական կրթության համակարգը, իրականացվող կրթական ծրագրերը, տեսական և կլինիկական ամբիոնները, ս/թ մարտի II կեսին գործարկման նախապատրաստվող ԹՊԲՀ 1-ին համալսարանական բազմապրոֆիլային բազային կլինիկական հիվանդանոցը, ուսումնամեթոդական աշխատանքը և գիտական ակտիվությունը: Համադրվեցին «բուժական գործ» և «դեղագիտություն» մասնագիտության կրթական ծրագրերի ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, առանձնացվեցին առավել նպատակահարմար դասընթացները՝ մոտ ապագայում ակադեմիական շարժունություն իրականացնելու նպատակով: Քննարկվեցին ուսանողների և դասախոսների շարժունության պայմանները: Առանձին ուշադրություն դարձվեց ԹՊԲՀ-ի գրադարանային ստորաբաժանումներին:

Աշխատանքային հանդիպումներն անցան փոխըմբռնման ջերմ մթնոլորտում: Հանդիպումների արդյունքում 2015թ.-ի փետրվարի 26-ին ԹՊԲՀ պրոռեկտոր Կ. Չելիձեի և դեկանների մասնակցությամբ ամփոփիչ «կլոր սեղանի» շուրջ հստակեցվեցին համագործակցության ձևերը, ակադեմիական շարժունության հիմնական ուղղությունները և ժամկետները, որի վերաբերյալ կազմվեց համապատասխան «Ռեզոլյուցիայի» նախագիծ՝ առաջիկայում երկկողմ ստորագրելու ակնկալիքով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook