Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում խթանվում է կանխարգելիչ ստոմատոլոգիայի զարգացումը

2014թ.-ի սեպտեմբերի մեկից Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնում փորձնական նպատակներով կլինիկական օրդինատորների դասավանդման համար ավելացավ ևս մեկ առարկա: Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավիրված դասախոս Կարինե Մաթևոսյանը, ով դասավանդել է ԱՄՆ-ի տարբեր բուհերում և Մասաչուսետ նահանգում 2 անգամ արժանացել է տարվա լավագույն ստոմատոլոգիական հիգիենիստի կոչման, դասախոսություններ ու գործնական դասընթացներ է անցկացնում «Կանխարգելիչ ստոմատոլոգիա» առարկայից:

Բուհի ղեկավարության հետ հանդիպումից հետո կայացավ եռակողմ նախնական համաձայնություն, որից հետո կողմերն անցան աշխատանքային ծրագրերի իրականացմանը:

Առաջին քայլը անհրաժեշտ գործիքների և սարքավորումների ձեռքբերումն էր, որի համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Կարինե Մաթևոսյանը դիմել է Քեմբրիջ-Երևան քույր քաղաքների ասոցիացիային: Քեմբրիջ-Երևան քույր քաղաքների ասոցիացիան տրամադրեց 12500 դոլար գումար, իսկ ռադիոհաղորդումների և հոդվածների միջոցով հնարավոր դարձավ հավաքագրել ևս 5000 դոլար: Արդյունքում՝ Քեմբրիջ-Երևան քույր քաղաքների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի համար ձեռք են բերվել 17500 դոլարին համարժեք գործիքներ, հավաքվել է 6000 դոլար՝ հետագա նախագծերի իրականացման համար, բժիշկներ Պերճ Կիլաջյանը և Արնոլդ Ուվայսը գնել ու հատկացրել են 500-ական դոլարին համարժեք գործիքներ, Հովարդ Լևինն ու Ալան Դեր-Կազարյանը՝ 1800 դոլարին համարժեք 1 վարժասարք: Կարինե Մաթևոսյանն անձամբ ամբիոնին է տրամադրել նաև լնդագրպանիկների հակաբակտերիալ մշակման համար լազերային և ատամնաքարերի հեռացման սարքեր, ինչպես նաև նյութեր, մածուկներ, խոզանակներ, գործիքների սրման համար սարք, ուսումնական ձեռնարկներ և այլն:

ԵՊԲՀ ուսանողներն այժմ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այս մասնագիտությամբ ուսումնական գործընթաց սկսելու համար:

Ապագայում նախատեսվում է պատրաստել համապատասխան մասնագետներ, ձևավորել ֆանտոմային սենյակներ և առանձնացված կլինիկական սենյակներ՝ դասավանդելու համար, ինչպես նաև նախատեսվում է հետագայում ԵՊԲՀ քոլեջում պատրաստել ստոմատոլոգիական հիգիենիստներ, ովքեր աշխատելով ստոմատոլոգիական կլինիկաներում՝ կնպաստեն մարդկանց առողջական վիճակի բարելավմանը:

Նշենք, որ կանխարգելիչ ստոմատոլոգիայի բնագավառում ԱՄՆ-ում վերջին հարյուր տարիների ընթացքում հասել են մեծ հաջողությունների:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook