Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանը կրթական նորագույն տեխնոլոգիաների ներմուծողներից է ՀՀ բուհական համակարգում

17.02.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ էլեկտրոնային գրադարանի նոր սրահի բացումը, որին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բացման հանդիսավոր մասից հետո նախարարը բուհի ղեկավարության հետ շրջեց սրահում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և համակարգչային քննությունների իրականացման ընթացքին. նորաբաց սրահը նախատեսված է նաև դրանց անցկացման համար:

«Այսօր հերթական անգամ արձանագրում ենք, որ բժշկական համալսարանը կրթական նորագույն տեխնոլոգիաների ներմուծողներից է ՀՀ բուհական համակարգում: Մոտ 100 տեղանոց էլեկտրոնային այս լսարանը թույլ է տալու երկու հիմնական նպատակ իրականացնել. առաջինը՝ սա հնարավորություն է սովորողների համար ընդլայնելու էլեկտրոնային կրթական պաշարների մուտքը, երկրորդը՝ համակարգչային քննություններ իրականացնելու հնարավորությունը, իսկ դա թույլ է տալիս գրեթե վերացնել անմիջական շփումը դասախոսի հետ, ինչն էլ կտրուկ նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնում գնահատման օբյեկտիվությունը», - իր խոսքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարը: Նա նաև հավելեց, որ շատ է կարևորում լսարանը ուսուցման պրոցեսում օգտագործելու հանգամանքը: «Սա միայն քննական լսարան չէ, այլ ուսուցողական-կրթական տեխնոլոգիա է, որը թույլ է տալու ուսանողներին՝ բացահայտելու իրենց ուժեղ և թույլ կողմերը», - ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչպես տեղեկացրեց ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը, նորաբաց լսարանը ծառայելու է երկու նպատակի՝ բարելավելու է ուսումնական պրոցեսի որակը և նպաստելու է քննական պրոցեսի արդյունավետությանն ու օբյետիվությանը: «Քանի որ ներկայիս սերունդն ավելի հեշտությամբ է աշխատում համակարգիչներով, մենք համակարգչայնացրել ենք քննական պրոցեսը: Եվ ստեղծվելու են համակարգչային սցենարներ՝ ուսումնական և քննական պրոցեսն ուսանողների համար ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար», - ասաց Միքայել Նարիմանյանը: Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ լսարանում գործող էլեկտրոնային գրադարանը ներառում է միջազգային գրականության հայալեզու բազայի տեղեկատվական 1 մլն միավոր:

Նշենք, որ այսօր բացված սրահը երկրորդն էր ԵՊԲՀ-ում, և բուհում արդեն շուրջ մեկ տարի է, ինչ գործում է էլեկտրոնային գրադարանի ևս մեկ սրահ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook