Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տեղի ունեցավ ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի «Գիտական աստիճանավորում և որակի չափանիշներ» թեմայով աշխատանքային հանդիպումը

28.01.2015

ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 26-27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում: Հանդիպումը նվիրված էր Զալցբուրգյան սկզբունքների համաձայն գիտական աստիճանաշնորհմանն ու որակի չափանիշներին:

Հանդիպման ընթացքում Ծրագրի եվրոպական գործընկերները ներկայացրեցին իրենց համալսարաններում ընդունված դոկտորական կոչման չափանիշները, որին հաջորդեցին ինտերակտիվ խմբային քննարկումներ Հայաստանում ընդունված գիտական աստիճանաշնորհման չափանիշների և կրթության երրորդ աստիճանում որակի ապահովման ու հզորացման վերաբերյալ: Մասնավորապես Թիմ Միդլթոնը Մեծ Բրիտանիայի Բաթ Սպա Համալսարանից ներկայացրեց Մեծ Բրիտանիայում հետազոտական աստիճանի գնահատման չափանիշները: Նա նշեց, որ դոկտորական կրթություն ստացողը պետք է զինված լինի հատուկ հետազոտական և փոխանցելի հմտություններով հետագայում աշխատաշուկայում կիրառելու նպատակով:

Այնուհետև զեկույցով հանդես եկավ Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի ներկայացուցիչ Օլիվեր Գրուսը: Նա ներկայացրեց համալսարանի մշակած ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը, որը պետք է հանդիսանա այն մի քանի ուղեցույցներից մեկը, որոնցով պետք է առաջնորդվեն Ծրագրում ներառված ՀՀ համալսարանները ասպիրանտական պիլոտային ծրագրերի մշակման համար:

Հանդիպման երկրորդ օրը մասնակից ԲՈՒՀ-երը հանդես եկան համառոտ ներկայացումներով: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը ներկայացրեց համալսարանում երրորդ աստիճանի կրթության որակի ապահովման և բարելավման հիմնական գրավականները, որոնք են՝ քննադատական լսարանի առկայություն և հետազոտողների ակտիվ մասնակցություն միջազգային սեմինարներին և գիտաժողովներին: Նշված երկու կետերն այնուհետև ընտրվեցին Թիմ Միդլթոնի կողմից ներկայացված ամփոփիչ զեկույցում:

Մասնակիցները քննարկեցին նաև գիտական հետազոտությունների որակի ապահովման գործընթացում ասպիրանտական ծրագրի գիտական ղեկավարի դերի կարևորության առանձնահատկությունների մասին:

ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագիրը (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է բարելավել դոկտորական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում եվրոպական որակավորումների շրջանակի և Զալցբուրգյան սկզբունքների հետ համապատասխանեցմամբ: Հավելյալ տեղեկություն կարելի է ձեռք բերել հետևյալ կայքում՝ http://tempusveritas.am

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook