Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Կյանքն, ինչպես մի ցոլք...»

31.01.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանի գլխավորությամբ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության փոխնախարարներ, ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, այլ հյուրեր:

Միջոցառման բացումը հայրապետական օրհնանքով ազդարարեց Տաթև սրբազանը, որին հաջորդեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ելույթը. «Այսօր մեզ միավորել է մի մարդ, ով օժտված էր ոչ միայն կազմակերպչական ջիղով, այլև իր ավանդական էությամբ կարողանում էր հայրենասիրություն սերմանել բոլորիս մեջ, լինել առաջադիմության ջատագովը: Ուզում եմ ձեզ ներկայացնել 10 օր առաջ Կառավարության ընդունած որոշումը, համաձայն որի՝ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը այսուհետ կոչվում է Էմիլ Գաբրիելյանի անունով: Նաև Գաբրիելյանների ընտանիքի կողմից կա մի գեղեցիկ նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել ենք բոլորս, այն է՝ ստեղծել մի հիմնադրամ, որը տարին մեկ անգամ լավագույն բժշկական կազմակերպչին, լավագույն բժշկական հիմնարկին կշնորհի նրա՝ պատավորեցնող անունը կրող մրցանակը, ինչպես նաև լավագույն ուսանողին՝ կրթաթոշակ»:

Գաբրիելյանների ընտանիքի անունից շնորհակալական խոսք ասաց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի դուստր Կարինե Գաբրիելյանը, ով այսօր ԱՄՆ-ում հայտնի ակնաբույժ է. «Ասում են՝ մարդը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է ուրիշների սրտերում. և տեսնելով այս բազմամարդ դահլիճը՝ ուզում եմ ասել, որ հայրս՝ Էմիլ Գաբրիելյանը կենդանի է այսօր»:

Այնուհետև Էմիլ Գաբրիելյանին գեղեցիկ ելույթով իր հարգանքի տուրքը մատուցեց «Կոմիտաս» ազգային քառյակը:

Իրենց ընկերոջ մասին հիշողություններով կիսվեցին նաև պրոֆեսորներ Էդուարդ Թադևոսյանը, Սիմեոն Հախումյանը և գրող-հրապարակախոս Զորի Բալայանը:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի գործունեությանը նվիրված «Կյանքն, ինչպես մի ցոլք...» փաստագրական ֆիլմը:

Նշենք նաև, որ այսօր, ժամը 13:00-ին Մոսկովյան 31 հասցեում բացվեց ականավոր բժիշկ-գիտնականի, առողջապահության հմուտ կազմակերպչի,պետական և հասարակական գործչի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook