Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տոնդ շնորհավո՛ր, Հայոց բանակ

28.01.2015

Հայ ժողովրդի պատմությունը պայքարի ու պատերազմի պատմություն է: Անգամ ավանդությունն է փաստում, որ հայն իր գոյության իրավունքը կերտել է հայկյան աղեղից դիպուկ արձակած նետով: Եվ պատմությունը մեզ շիտակ դաս է տվել՝ երբ թուլացել է հայկյան աղեղը, երբ բթացել է Սասնա Թուր-Կեծակին, երբ թուլացել է հայորդու բազուկը, թշնամու սուրն է կախվել մեր գլխին:

Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք՝ անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի:

90-ականներին կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Այդ տարիներին «բանակ» էր հայ հասարակության մտածողության մեջ այն գիտակցության հասունացումը, որ միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը: «Բանակ» էին իրարից անկախ գործող կամավորական ջոկատները, որոնք ռազմականացված հիմնարկություններից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ու բոլոր հնարավոր այլ վայրերից զենք հայթայթելով, կամավորաբար, հայրենասիրական ու բարոյական արժեքներից դրդված, մեկնում էին սահմանի ամենաթեժ կետերը` անհավասար կռիվ մղելու հակառակորդի դեմ:

Բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել: Ռազմական բժիշկը եզակի այն մասնագետներից է, ով երկու անգամ է երդվում` որպես բժիշկ և որպես զինվոր: Դա կրկնակի պատիվ է, բայց և կրկնակի պատասխանատվություն է պահանջում:

Այսօր մենք ունենք կայացած, տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաազգային բանակը, որը մեր ազգային հպարտությունն է, և որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է մեր երկրի խաղաղությունը: Եվ այդ բանակի ամենակարևոր մասն են կազմում ռազմական բժիշկները:

Սիրով շնորհավորում ենք բոլոր զինվորներին, սպաներին, ռազմական բժիշկներին, հրամանատարներին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում առողջություն, տոկունություն, ամրություն, անփորձանք ծառայություն՝ ի փառս մեր հայրենիքի, իսկ համայն աշխարհին՝ խաղաղություն:

Երևանի Մխիթար Հերացու անվան

պետական բժշկական համալսարան

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook