Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում ստորագրվեց եռակողմ հուշագիր՝ բանտային բժշկության վերաբերյալ

27.01.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստորագրվեց համագործակցության եռակողմ հուշագիր բանտային (պենիտենցիար) բժշկության վերաբերյալ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարությունների միջև:

Ստորագրող կողմերը կարևորեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մասնագիտական անհրաժեշտ կադրերի պատրաստման կարևորությունը և այլ խնդիրներ:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր խոսքում նշեց, որ նախարար նշանակվելուց հետո իր ուշադրության կենտրոնում է հայտնվել այդ ընթացքում մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ քրեակատարողական համակարգում բուժանձնակազմի պակաս կա, և քրեակատարողականների բժիշկները ֆիզիկապես չեն հասցնում օգնություն ցուցաբերել բոլորին: «Ուսումնասիրելով հարցի էությունը, ինչպես նաև ստանալով բազմաթիվ նամակներ հենց քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանցից ու նրանց հարազատներից՝ որոշեցինք հարցին տալ համակարգային լուծում»,- ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով այս ամենը՝ բազմաթիվ աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդատվությունների արդյունքում պայամանվորվածություն ձեռք բերվեց ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության հուշագիր կնքելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա լուծել տարիների ընթացքում համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրներ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ իրենք ևս անմասն չեն մնա և կաջակցեն քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին՝ թե խորհրդակցական, թե տեղում բժշկական օգնություն տրամադրելու և թե կադրերի վերապատրաստում իրականացնելու հարցում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով գործընկեր գերատեսչությունների և ԵՊԲՀ-ի այս նախաձեռնությունը, նշեց. «Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանն ունի երկու կարևոր առաքելություն, քանի որ այս բուհը հանրապետության լավագույն ուսումնական հաստատություններից և առողջապահական խոշորագույն հիմնարկներից մեկն է, և այսօրվա ծրագրի մեկնարկը մենք կարևորում ենք նպատակային կրթական ծառայությունների մատուցման տեսակետից: Այս ծրագիրը որոշակի պատվեր է բուհին՝ պատրաստելու այնպիսի կադրեր, որոնք ապագայում պահանջված կլինեն աշխատաշուկայում: Կարծում եմ, որ բժշկական համալսարանի համբավը և փորձը թույլ կտա լավատեսությամբ տրամադրվել ծրագրի վերջնարդյունքների գնահատման ուղղությամբ, և հաշվի առնելով, որ այս միջոցառումը տեղի է ունենում մեր երեք գերատեսչություններից երկուսի համար մայր բուհում, ես կարծում եմ, որ մենք բավականին ճիշտ ու լավ աշխատանքի ենք լծվել: Վստատ եմ, որ թե բուհի ռեկտորը, թե ողջ անձնակազմը ամեն ինչ կանեն՝ ծրագրի իրականացման հետ կապված բոլոր ակնկալիքներն իրականացնելու համար»:

ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ ծրագիրը որքանով հետաքրքիր, այնքանով էլ պարտավորեցնող է: «Ես հավաստիացնում եմ, որ մեր համալսարանի ամբողջ՝ և կրթական, և հետազոտական, և կազմակերպչական ներուժը կօգտագործվի այդ խնդիրը լուծելու համար»:

Նշենք, որ հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության, արդարադատության, առողջապահության նախարարությունների այլ պաշտոնյաներ, ԵՊԲՀ աշխատակիցներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը և այլք:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook