Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում բացվեց ուսումնական սիմուլյացիոն կենտրոն

22.12.2014

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոն: Բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարը Սերժ Սարգսյանին և հյուրերին ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու գործունեության ուղղությունները: Նա նշեց, որ ծրագրերի նպատակն է նպաստել բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, բուհերի կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը և կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը: Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ նորաբաց սիմուլյացիոն կենտրոնի միջոցով Երևանի պետական բժշկական համալսարանի կրթական համակարգում ներդրվում է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում, որը պայամանվորված է դրա տեխնոլոգիական հնարավորություններով և աշխատաշուկայի կողմից պահանջվող հմտությունների ցանկի աճով: Ինչպես նշեց ԿԳ նախարարը, այսպիսի նորարարական կրթական մեթոդի ներմուծումը բժշկական կրթության թե բուհական, թե հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում: Նորարարական այս ծրագիրն, ընդհանուր առմամբ, ուղղված է բժշկական կրթության որակի և արդյունավետության էական բարելավմանը: Եվ անհրաժեշտության դեպքում, ծրագրի ավարտից հետո կստեղծվի առանձին դասընթաց՝ հեռավար ուսուցման ձևով, որը համալսարանի վեբ-կայքի միջոցով հասանելի կլինի այլ շահառուների ևս:

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի և մյուս հյուրերի ուղեկցությամբ շրջեց նորաբաց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնի հնարավորություններին:

Նշենք, որ սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն և մանկաբարձություն, գինեկոլոգիա: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: ԵՊԲՀ-ի կողմից վերանայվել են կրթական ծրագրերը, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար:

Սիմուլյացիոն ուսուցման լիարժեք ներդրումը ԵՊԲՀ-ում նախատեսվում է 2015 թվականի փետրվարից:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook