Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական և Ճարտարագիտական համալսարանները կհամագործակցեն

19.12.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հյուրընկալում էին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էին ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Հանդիպման նպատակն էր երկու բուհերի միջև համատեղ գործունեության պայմանագրի ստորագրումը:

Ողջունելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտորի Միքայել Նարիմանյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՃՀ ղեկավարությանը համագործակցության համար և նշեց, որ բուհերի կոնսորցիում կոչվող երևույթն այսօր ստանում է գործնական և գիտական հիմք՝ երկու կողմերի միջև կնքվելիք համատեղ գործունեության պայմանագրի տեսքով. «Այսօր Հայաստանի առաջնային բուժօգնությունը և ընտանեկան բժշկությունը կարիք ունեն հեշտ կիրառվող, փոքրածավալ և տնտեսապես շահավետ սարքավորումներով ապահովման: Բուժհաստատություններում կիրառվող սարքավորումները հարմար չեն նշված ոլորտներում կիրառելու համար, իսկ այս համագործակցության արդյունքում ստեղծված սարքավորումները հնարավորություն կտան բնակչությանը նաև սահմանել ինքնահսկողություն որոշ հիվանդությունների դեպքում: Սույն պայմանագիրը կհստակեցնի մեր համագործակցությունը նման սարքավորումների ստեղծման, փորձարկման և շահագործման ոլորտում և հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել ոչ միայն վերոնշյալ խնդիրների համար, այլև որոշ հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման, ինչն այսօր առաջնային խնդիր է: Հուսով ենք, որ մոտ ապագայում ՀՀ առաջնային բուժօգնությունը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին և Հայաստանի ինժեներական միտքը կկիրառվի նաև սեփական բժշկական կարիքները հոգալու համար»:

ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ևս իր խոսքում ընդգծեց կնքվելիք պայմանագրի կարևորությունը և համոզվածություն հայտնեց, որ այն հնարավորություն կտա լուծել բազմաթիվ խնդիրներ. «Մեր համալսարանի գիտնականների կողմից ստեղծված բժշկական սարքավորումները չունեն իրենց նախատիպը, և այս համագործակցությունը նախատեսում է հեռանկար ունեցող գործընթաց, որը նաև նոր համատեղ գիտական աշխատանքների սկիզբ կլինի»:

Հանդիպման վերջում, կնքելով համատեղ գործունեության պայմանագիրը, երկու բուհերի ղեկավարները համոզվածություն հայտնեցին, որ այս համագործակցությունը կլինի փոխշահավետ և կծառայի կրթության ու գիտության զարգացմանը:

Pictures
 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook