Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում ներկայացվեց Եվրոպական Միության Էրազմուս+ կրթական ծրագիրը

11.12.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Եվրոպական Միության (ԵՄ) նոր Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական միջոցառումը: Միջոցառման նպատակն էր՝ տեղեկացնել բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին Էրազմուս+ ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածի մի շարք գործողությունների մրցույթների մեկնարկի մասին (Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, Կրեդիտային շարժունություն, Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Ժան Մոնե գործողություններ), ներկայացնել ծրագրի հիմնական ուղղությունները, մասնակցության պայմանները, ինչպես նաև Եվրոպական Միության (ԵՄ) և տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Այսօր մեկնարկում է Եվրոպական միության նոր Էրազմուս+ կրթական ծրագիրը, որն նախկին Էրազմուսի ընդլայնված տարբերակն է և նախատեսված է Եվրամիության անդամ և գործընկեր պետությունների համար: Այսօր հայ ակադեմիական հանրությունը հնարավորություն կունենա ստանալ բոլոր հարցերի պատասխաններն այս ծրագրի վերաբերյալ, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանն ընտրվել է այս միջոցառման անցկացման վայր այն պարզ պատճառով, որ մենք ունենք նման ծրագրերի մասնակցության շուրջ 20 տարվա փորձ: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացման իր խոսքում նշեց. «Մեր կողմից այս ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է այն եզակի հնարավորությամբ, որ տալիս է եվրոպական հանձնաժողովը՝ օգտվելու եվրոպական կրթական տարածքի ինչպես բովանդակային, այնպես էլ ֆինանսական հնարավորություններից: Մեր շահագրգռվածությունը ոչ միայն և ոչ այնքան գումարն է, որ կարող է հոսել դեպի ՀՀ բարձրագույն կրթության համակարգ. մենք կարիք ունենք նաև արդիական, լավ գաղափարների, որակյալ ծառայությունների և բոլոր այն հնարավորությունների, որ բացում է մեր առջև եվրոպական կրթական տարածքը»:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, խոսելով ծրագրի կարևորության մասին, փաստեց. «Հայաստանն ակտիվ անդամ է եղել Էրազմուսի բոլոր ծրագրերին. հուսով ենք՝ Էրազմուս+-ն էլ նույնքան պահանջված ու հաջողված կլինի հայկական կրթական ոլորտում, որքան Եվրամիության կրթական նախորդ նախագծերը»:

Նշենք, որ տեղեկատվական այս օրը հնարավորություն տվեց հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական և վարչական անձնակազմին, գիտնականներին, փորձագետներին, ինչպես նաև ուսանողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ շահեկիցների ավելի մանրամասն ծանոթանալու ԵՄ նոր Էրազմուս+ ծրագրին և նրա` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կատարվելիք առաջիկա ներդրումներին:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook