Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայաստանում ներդրվում է հնդկական ավանդական բժշկության փորձը

26.11.2014

Ս/թ նոյեմբերի 25-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Սուրեշ Բաբուի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Հնդկաստանում վերջերս ձևավորված ավանդական բժշկության նախարարության ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակը Հայաստանում հնդկական ավանդական բժշկության մեթոդների և գործնական հմտությունների ներդրումն էր, ուստի հնդկական պատվիրակության այցն ուներ նաև ուսուցողական սեմինարի բնույթ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Սա շատ սպասված օր է մեզ համար, քանի որ այսօրվանից սկսում ենք ուսումնասիրել հնդկական ավանդական բժշկության մեթոդները և գործնական հմտությունները, որոնց կարիքը զգացվում է մեր բժշկագիտության մեջ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հնդկաստանի մեր գործընկերներին՝ համագործակցության հնարավորության համար և հույս հայտնել, որ այն կլինի երկարատև և փոխշահավետ»:

Հնդկաստանի պատվիրակությանը ողջունեց նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը. «Ուրախ եմ ներկա լինելու այս միջոցառմանը և ողջունելու մեր հյուրերին այստեղ: Հնդկական ավանդական բժշկությունը, ինչպես և հայկական ավանդական բժշկությունը, հազարամյակների պատմություն ունի, և աշխարհի կողմից այսօր արդեն այն ընկալվում է ոչ միայն որպես բժշկություն, այլև որպես մշակութային արժեք: Այն դրված է ամուր հիմքերի վրա և Հնդկաստանում, և Հայաստանում արդեն, և այսօրվա սեմինարը այդ հիմքերի վրա հիմնված համագործակցությունն ավելի խորացնելու հնարավորություն է: Այդ համագործակցության լավագույն օրինակներից է հեռաբժշկության ծրագիրը, որն արդեն իրականացման փուլում է և նպաստում է Հայաստանի բուժհաստատությունների սպասարկման որակի բարձրացմանը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Սուրեշ Բաբուին»:

Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, ով ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ևս փաստեց, որ Հայաստանն ու Հնդկաստանը հաջողությամբ ծրագրեր են իրականացնում առողջապահական տարբեր ոլորտներում, և այսօրվա հանդիպումը, հնդկական ավանդական բժշկության ներդրումը Հայաստանում դրա վառ ապացույցն են: Այս առթիվ դեսպանը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ Հնդկաստանի ավանդական բժշկության մասնագետներին Հայաստան հրավիրելու և իրենց երկրի փորձը ներկայացնելու հնարավորության համար: Նա անդրադարձավ նաև բարձրագույն բժշկական կրթության ոլորտնում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Ելույթներից հետո հնդկական պատվիրակության անդամները ներկայացրին հնդկական ավանադական բժշկական թեմատիկ ուղղվածությամբ իրենց դասախոսությունները:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook