Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը 100 տարեկան է

20.11.2014

Նոյեմբերի 19-20-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ և «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով. ներկաներին օրհնեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Այնուհետև տանտիրոջ իրավունքով ներկաներին ողջունեց և շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Ողջունում և շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ, քանի որ բոլորս ենք անցել 1-ին կլինիկական հիվանդանոցով, թրծվել այդ դարբնոցում, ունեցել անմոռանալի պահեր: Հոբելյարին ընդունված է նվերներ անել. մենք մեր 1-ին կլինիկական հիվանդանոցին հոբելյանի առթիվ նվիրում ենք գիտական կոնֆերանս, որը նպատակ ունի համախմբել ԵՊԲՀ փորձառու և երիտասարդ գիտնականներին, համալսարանական կլինիկաներում և կլինիկական ամբիոններում հետազոտական գործունեություն իրականացնող մասնագետներին, ներկայացնել և քննարկել բժշկագիտության վերջին տարվա ձեռքբերումները և գիտական հետազոտությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ամփոփել բուհում իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված խմբերի կողմից կատարվող հետազոտությունների արդյունքները: Մեկ դար առաջ բացվեց Երևանի առաջին պետական հիվանդանոցը, որը հետագայում դարձավ համալսարանական և հենց այստեղ սկսվեց կլինիկական առարկաների դասավանդումը, իսկ դա շատ կարևոր է, քանի որ բժիշկ պատրաստելու հարցում կլինիկական մտածելակերպը և կրթությունը չափազանց մեծ, եթե ոչ առաջնային նշանակություն ունեն: Այսպիսով, այսօր նշվում է նաև կլինիկական կրթության հարյուրամյակը: Այս գիտաժողովով մենք կկարողանանք ցույց տալ, թե ինչ մակարդակի վրա է 1-ին կլինիկական հիվանդանոցում գիտությունը, կրթությունը և այս երկուսի միաձուլումը, քանի որ այս բուժհաստատությունը նաև կրթական օջախ է:»

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը ընթերցեց փոխնախարար Տիգրան Սահակյանը. «Ողջունում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համլսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի և գիտաժողովի մասնակիցներին: Կարևորելով այս նախաձեռնությունը՝ ուզում եմ նախ ընդգծել 1-ին հիվանդանոցի դերը Հայաստանում բժշկագիտության ավանդույթների ձևավորման և հետագա զարգացման գործում: Առողջապահական համակարգի հիմքում գտնվող այս կառույցի մեկդարյա կենսագրությունը լի է ոլորտի ձեռքբերումները ամփոփող էջերով»:

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց փոխնախարար Կարեն Ղուկասյանը: «Մշտական կատարելագործման քաղաքականություն որդեգրած մեկդարյա մեր հոբելյանի դերը շատ ավելի կարևոր է այն առումով, որ հենց այստեղ է կրթվում և դաստիարակվում, բուժման ժամանակակից մեթոդներին հաղորդակից բժիշկը: Եվ հենց այդ գիտելիքների շնորհիվ է, որ պետք է ունենաք առողջ հասարակություն», - նշված էր շնորհավորական ուղերձում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իր անունից ներկաներին ողջունեց և շնորհավորեց փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը. «Հարյուրամյա այս հիվանդանոցը և այն օրերին, երբ մեր երկրում հիվանդանոցի խնդիր կար, և այսօր, երբ բազմաթիվ բուժհիմնարկներ ու հիվանդանոցներ են կառուցվել և կառուցվում, առաջին կլինկականը պահպանում է իր բարձր վարկանիշն ու երկրում առաջինը լինելու պատիվը: Այն եղել և մնում է դարբնոց և դպրոց բոլորիս համար, քանի որ այստեղ են իրենց մասնագիտական կրթությունը ստացել շատ անվանի բժիշկներ»:

Այնուհետև ողջույնի խոսքի համար բեմ հրավիրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Վիուլեն Հակոբյանը: Նա ներկայացրեց 1-ին կլինիկական հիվանդանոցի և բժշկական համալսարանի անցած երկար ու դժվարին ուղին. «Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի ստեղծումը կապոված է բժշկական ֆակուլտետի ստեղծման հետ: Հարյուր տարի առաջ ստեղծվեց հիվանդանոցը, և դրա կարևորագույն կողմերից մեկն այն էր, որ այնտեղ առաջին անգամ ստեղծվեց բժշկական դպրոց. «Երբ 1919 թվականին որոշվեց ստեղծել համալսարան, որոշում էր կայացվել համալսարան բացել Գյումրիում: Հետագայում Գյումրիում համալսարան բացելը չստացվեց և 1920 թվականի հոկտեմբերին 4 ֆակուլտետով համալսարան բացվեց, որոնցից մեկը բժշկական ֆակուլտետն էր: Բացվեց բժշկական ֆակուլտետ միայն առաջին և չորրորդ կուրսեցիների համար: Առաջին կուրսում նոր ընդունվածներն էին, իսկ 4-րդ կուրսի ուսանողները Թիֆլիսի փակված համալսարանի 150 ուսանողներն էին: Այս ամենը հիմք հանդիսացավ թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի կայացման համար»:

Առաջին համալսարանական կլինիկական հիվանդանոցի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ փոխանցեցին նաև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախահագ Լիլիթ Արզումանյանը, Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարջյանը, Ռուսաստանից և Վրաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերը և ՀՀ խոշոր բուժհաստատությունների ղեկավարները:

Այնուհետև ցուցադրվեցին արխիվային կադրեր 1-ին համալասարանական կլինիկական հիվանդանոցի գործունեությունից, իսկ միջոցառման հանդիսավոր մասն ամփոփեց Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության համատեղ ջանքերով ստեղծված «Հարյուրամյա ճանապարհ» ֆիլմը, որը մեծ հուզմունք և ոգևորություն առաջացրեց ներկաների մոտ:

Գիտաժողովի հանդիսավոր մասին հաջորդեց գործնական հատվածը, որը շարունակվեց 2 օր:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook