Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում հյուրընկալեցին ՌԴ առողջապահության նախարարին և «Աշխարհի մանկական բժիշկ» Լեոնիդ Ռոշալին

7.11.2014

Այսօր Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի շրջանակներում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն այցելեց Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ներգրավված էին հայտնի բժիշկ-հումանիստ Լեոնիդ Ռոշալը և հայ անվանի անոթային վիրաբույժ Բագրատ Ալեքյանը: ՌԴ առողջապահության նախարարին ուղեկցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ առողջապահության փոխնախարարները:

Այցելության ընթացքում հյուրերը շրջեցին Նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման՝ տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի մասնագիտացված կենտրոնում և ծանոթացան կենտրոնի գործունեությանն ու առաջիկա անելիքներին:

«Համալսարանական հիվանդանոցում, որը երկրի առաջատար բուժհաստատություններից մեկն է, տեղակայված է տարածաշրջանում միակ անոթային կենտրոնը: Այստեղ կազմակերպված է հիվանդի ճիշտ վարումը՝ ախտորոշիչ արագ հետազոտությունից մինչև բուժում: Այս կենտրոնում, որը հագեցած է սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի կանխարգելման ու բուժման սարքավորումներով, կատարվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնց հիման վրա բարձրակարգ մասնագետներն իրականացնում են համապատասխան բուժում, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատություններ», - իր խոսքում նշեց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, սիրտանոթային հիվանդություններից մահացության թիվը կազմում է 48 տոկոս. «Մեր գերակա ուղղությունն, անշուշտ, այս թվի նվազեցումն է: Այդ նպատակով գործարկվել է ազգային անոթային ծրագիր, համաձայն որի՝ նմանատիպ կենտրոններ կստեղծվեն նաև մարզերում»:

Այնուհետև հյուրերն այցելեցին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ կայացավ մանկական ուռուցքաբանության հարցերին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, ԵՊԲՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր նաև Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բարձրաստիճան հյուրերին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Հայ-ռուսական համագործակցությունը առողջապահական ոլորտում մեծ պատմություն ունի և շարունակվում է մինչ օրս: Եվ այդ գործում մեծ դեր է խաղում մեր համալսարանը, քանի որ մեր մասնագետներից շատերը մասնագիտացում և վերապատրաստում են անցել և անցնում ռուսաստանյան բուհերում: Ես ողջունում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ աշխատանք այսօր և հետագա տարիներին»:

Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյունաբան Նատալյա Մելկիկյանը իր խոսքում հակիրճ պատմեց կենտրոնի գործունեության մասին, ինչին հաջորդեց ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի ելույթը, որում խոսվեց մանկաբուժության ոլորտում առկա հիմնահարցերի, մանկաբուժական կրթության զարգացման խնդիրների և առաջիկա անելիքների մասին:

Այնուհետև խոսեց ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը. «Չէի պատրաստվում խոսել, բայց մի պահ զգացի, որ ասելիք ունեմ: Դեռ 3 տարի առաջ, երբ «Նվիրիր կյանք» հիմնադրամը դիմեց հասարակությանը օգնության խնդրանքով, շատերն արձագանքեցին, և դրա շնորհիվ կարողացանք փրկել 400 մանկական կյանք: Այս տարի, երբ մենք նույն խնդրանքով դիմեցինք մարդկանց, արձագանքեց նրանց կեսը միայն: Եվ եթե այսպես շարունակվի, գուցե հիմնդրամը փակվի: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող ենք լքել այն երեխաներին, ովքեր մեր կարիքն ունեն: Այդ պատճառով խնդրանքով եմ դիմում տիկին Սկվորցովային. քանի որ մեր հիմնադրամը հանդիսանում է ռուսական «Նվիրիր կյանք» ֆոնդի մասնաճյուղը Հայաստանում, աջակցեք մեզ այս ժամանակահատվածում, մինչև մենք կունենանք մեր կենտրոնը»:

Ելույթներից հետո բեմ հրավիրվեց ռուս անվանի բժիշկ-հումանիստ, «Աշխարհի մանկական բժիշկ» Լեոնիդ Ռոշալը, ում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը պարգևատրվեց համալսարանի Ոսկե հուշամեդալով՝ առողջապահության և բժշկագիտության զարգացման գործում, ինչպես նաև հանրության առջև ունեցած վաստակի համար և շնորհակալություն հայտնեց պրոֆեսորին այն երեխաների համար, որոնց կյանքը նա փրկել և առողջությունն ու երջանիկ մանկությունն է վերադարձրել: Իր հերթին՝ «Աշխարհի մանկական բժիշկ» Լեոնիդ Ռոշալը նշեց որ հիանում է Հայաստանով և հայ ժողովրդի տոկունությամբ ու շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար. «Երբ այսօր ինձ հարցրեցին, թե ինչ կարող է Ռուսաստանը ստանալ Հայաստանից, և Հայաստանն էլ՝ Ռուսաստանից, ասացի, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի տոկունությունը ձեռք բերել: Դուք դեռևս պատկերացում չունեք, թե որքան տոկուն եք, որքան արժանի եք հիացմունքի»:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային շնորհեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ առողջապահության և բարձրագույն բժշկական կրթության ոլորտում ունեցած ավանդի համար։ Իր շնորհակալական խոսքում ՌԴ առողջապահության նախարարը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և հմայված է մեր երկրի գեղեցկությամբ ու մեղեդայնությամբ: Վերոնիկա Սկվորցովան տեղեկացրեց, որ այսօր այցելել է հայկական հիվանդանոցները և գնահատել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման վեկտորը։ Նա հույս է հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը արգասաբեր կլինի, և մեկ տարի անց երկու երկրների ներկայացուցիչները կհանդիպեն արդեն Մոսկվայում և կկարողանան ամփոփել իրականացված աշխատանքների արդյունքները:

Միջոցառումն ավարտվեց Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ելույթով, որը ներկաների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ջերմությամբ:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook