Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Այլընտրանքային բժշկության դասընթաց

Հիմնադրվել է 2014թ.-ին (2000թ.):

Կուրսի ղեկավար՝ Մկրտիչ Նորայրի Ավագյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:


Պատմություն

Հաշվի առնելով վերջին տարիներին ժողովրդական, ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների ուսումնասիրության աճող զանգվածային պահանջարկը՝ ՀՀ ԱՆ Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում (ՀՀ ԱՆ ԱԱԻ) 2000թ.-ի մայիսին ստեղծվեց Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոն, ապա՝ Ավանդական և այլընտրանքային բժշկության ուսումնամեթոդական կենտրոն: Այդ ամբիոնի ու կենտրոնի հիմնադիր և ղեկավար է հանդիսացել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ուսումնական գծով փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Մկրտիչ Նորայրի Ավագյանը (մասնագիտությունը՝ նյարդաբանություն, ռեֆլեքսաթերապիա, մանուալ թերապիա): Խնդիրները, որոնք դրված էին Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնի և ուսումնամեթոդական կենտրոնի առջև, հետևյալն էին`

  • Հայաստանում առողջապահության աշխատողների ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների տեսական և գործնական վերապատրաստման բարելավումը,
  • ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների արդյունավետության, անվտանգության և տնտեսության գիտական ուսումնասիրությունների անցկացումը Հայաստանի առողջապահական համակարգում նրանց ինտեգրվելու նպատակով,
  • բուսաբուժության, մեղվաբուժության, տզրուկաբուժության, կավաբուժության, հոգեթերապիայի և հայկական ժողովրդական բժշկության այլ մեթոդների հարուստ ժառանգության ուսումնասիրությունը և տարածումը,
  • ՀՀ առողջապահական հիմնարկներին խորհրդատվական և ախտորոշիչ օգնությունը:

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնի տասը տարվա աշխատանքի ընթացքում Հայաստանի և արտասահմանի հարյուրավոր բուժաշխատողներ անցել են մասնագիտացում և կատարելագործում ժողովրդական, ավանդական և այլընտրանքային բժշկության ոլորտում: ՀՀ կառավարության որոշմամբ 2011թ.-ի սեպտեմբերին, բժշկական անձնակազմի կատարելագործման և մասնագիտացման համակարգի վերակազմավորման արդյունքում, ԱԱԻ-ի Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնը լուծարվել է: 2014թ.-ի սեպտեմբերին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվել է Այլընտրանքային բժշկության դասընթացը, որի նպատակն է առողջապահության ոլորտի մասնագետների համար ստեղծել հնարավորություն՝ անցնելու մասնագիտացում և կատարելագործում «Ռեֆլեքսաթերապիա», «Մանուալ թերապիա», «Հոմեոպաթիա» և «Դիետոլոգիա-նուտրիցիոլոգիա» մասնագիտություններով, ինչպես նաև ավանդական և այլընտրանքային ախտորոշման ու բուժման տարբեր մեթոդների ուսուցում՝ աուրիկուլաթերապիայի մեթոդն ըստ Ռ.Նոժեյի, Սու-Ջոկ թերապիայի մեթոդն ըստ Պակ Չժե Ոույի, իրիդոախտորոշում, էլեկտրոախտորոշման և էլեկտրոթերապիայի մեթոդներն ըստ Ռ.Ֆոլլի ու Ի.Նակատանիի, կրանիոպունկտուրայի մեթոդն ըստ Տ.Յամամոտոյի, բուսաբուժություն, առոմաթերապիա, ապիթերապիա, տզրուկաբուժություն, կավաբուժություն և այլն:

Այլընտրանքային բժշկության կուրսի կլինիկական բազաներն են.

  • Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «ԱԼՏՄԵԴ» վերականգնողական և ավանդական բժշկության կենտրոնը,
  • «Էրեբունի» բժշկական կենտրոնի հոմեոպաթիայի բաժանմունքը,
  • Մոր և մանկան պաշտպանություն առողջության գիտահետազոտական կենտրոնը,
  • ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնը,
  • «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնը և այլն:


Ուսուցում

Ամբիոնի ձևավորման ժամանակաշրջանում աշխատակիցները իրականացնել են համապատասխան աշխատանք ավանդական և այլընտրանքային բժշկության ուսումնական գործընթացի կազմակերպման ոլորտում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի համապատասխան ամբիոնների աշխատանքի փորձի ուսումնասիրության հիման վրա:

Այլընտրանքային բժշկության կուրսում բժիշկների համար իրականացվում է մասնագիտացում մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում «Մանուալ թերապիա», «Ռեֆլեքսաթերապիա», «Հոմեոպաթիա» և «Դիետոլոգիա-նուտրիցիոլոգիա» մասնագիտություններով: «Մանուալ թերապիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում հենաշարժողական համակարի հիվանդությունների մանուալ թերապիայի ախտորոշման (ողնաշարի, հոդերի և մկանների ակտիվ ու պասիվ շարժումների հետազոտություն) և բուժման (մանիպուլյացիոն, մոբիլիզացիոն ու տրակցիոն տեխնիկաներ) մեթոդներին ուսումնական մոդուլների (վնասվածքաբանություն ու օրթոպեդիա, նյարդաբանություն ու նյարդավիրաբուժություն, հոդաբանություն ու ռևմատոլոգիա և ռադիոլոգիա) հիմնական դասընթացներից հետո: «Ռեֆլեքսաթերապիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում չժեն-ցզյու թերապիայի (մարմնի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի չինական մեթոդը), աուրիկուլաթերապիայի (ականջի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի ֆրանսիական մեթոդը), սու-դժոկ թերապիայի (ձեռքերի և ոտքերի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեքսաթերապիայի կորեական մեթոդը), ինչպես նաև Ի. Նակատանիյի և Ռ. Ֆոլլի էլեկտրապունկտուրային ախտորոշիչ (մարդու մարմնի ասեղնաբուժության կետերի էլեկտրամագնիսական բնութագրերի ուսումնասիրության սկրինինգ-ախտորոշման մեթոդները) մեթոդներին: «Հոմեոպաթիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է դասական հոմեոպաթիայի բժիշկների ուսուցում, որի ծրագիրը մշակվել է Գերմանիայի և Շվեյցարիայի փորձագետների հետ համատեղ: «Դիետոլոգիա-նուտրիցիոլոգիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում առողջ և հիվանդ մարդու սնուցման, ինչպես նաև մարսողական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, շնչառական օրգանների, երիկամների ու միզուղիների տրակտի և էնդոկրին համակարգի հիվանդությունների դիետիկ թերապիայի սկզբունքների ու հիմունքների շուրջ:

Բացի այդ, ընդհանուր պրոֆիլի բժիշկների համար իրականացվում է ավանդական և այլընտրանքային բժշկության ոլորտի ախտորոշման և բուժման տարբեր մեթոդների կարճաժամկետ դասընթացներ (մինչև 1 ամիս)՝ դիետոլոգիա-նուտրիցիոլոգիա, իրիդոախտորոշում (աչքի ծիածանաթաղանտի հետազոտությամբ սկրինինգ-ախտորոշում), աուրիկուլաթերապիա ըստ Պ. Նոժեյի մեթոդի (Ֆրանսիա), սու-դժոկ թերապիա ըստ Պակ Չժե Վույի մեթոդի (Կորեա), էլեկտրապունկտուրային ախտորոշում և դեղանյութերի թեստավորում ըստ Ռ. Ֆոլլի մեթոդի (Գերմանիա), էլեկտրապունկտուրային ախտորոշում և թերապիա ըստ Ի. Նակատանիյի մեթոդի (Ճապոնիա), գլխի ասեղնաբուժություն ըստ Տ. Յամամոտոյի մեթոդի (Ճապոնիա), ավշային դրենաժային մերսման եղանակ, բուսաբուժություն (բուժում, օգտագործելով բուժիչ դեղաբույսեր), արոմաթերապիա (բուժում, օգտագործելով անուշաբույր յուղերը), ապիթերապիա (բուժում մեղվասննդամթերքներով), տզրուկաբուժություն (բուժում՝ օգտագործելով բժշկական տզրուկներին) և այլն:

Դասընթացն ունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, ներառված են համակարգչային տեխնոլոգիաներ ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր ոլորտներում:


Գիտահետազոտական աշխատանքներ

Այլընտրանքային բժշկության դասընթացում ուսումնական գործընթացում օգտագործվում է անձնակազմի կողմից գրված և մշակված գիտական աշխատանքները՝ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ.

  • «Основы традиционной медицины Армении», մենագրություն (ռուսերեն),
  • «Ռեֆլեքսաթերապիայի հիմունքներ. կլասիկ ասեղնաբուժություն». ուսումնամեթոդական ձեռնարկ (հայերեն),
  • «Основы нутрициологии», ուսումնամեթոդական ձեռնարկ (ռուսերեն),
  • «Чжень-цзю терапия» (иглотерапия и прижигание), ուսումնամեթոդական ձեռնարկ (ռուսերեն),
  • «Аурикулярная акупунктура», ուսումնամեթոդական ձեռնարկ (ռուսերեն),
  • «Су-джок терапия», ուսումնամեթոդական ձեռնարկ (ռուսերեն),
  • «Электропунктурная диагностика по методу Р.Фолля», ուսումնամեթոդական ձեռնարկ (ռուսերեն),
  • «Инструментальные методы электропунктурной рефлексодиагностики», ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն),
  • «Глинотерапия», ուսումնամեթոդական ձեռնարկ (ռուսերեն),
  • «Ռեֆլեքսոթերապիայի հիմունքներ. ժամանակակից ասեղնաբուժություն», ուսումնամեթոդական ձեռնարկ (հայերեն):


Համագործակցություն

Այլընտրանքային բժշկության դասընթացը ունի կապեր բազմաթիվ երկրների գործընկերների հետ.

  • Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի,
  • Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի համապատասխան ամբիոնների,
  • Մոսկվայի մանուալ թերապիայի կենտրոնի,
  • Վիրաբուժության գիտական կենտրոնի,
  • Սնուցման ինստիտուտի և այլն:

Այլընտրանքային բժշկության դասընթացը սեմինարների է հրավիրել մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Ավստրիայից, Ավստրալիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից: Կուրսի աշխատակիցների կողմից հիմնադրվել են Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան, Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիան և Դիետոլոգների հայկական ասոցիացիան:


Կուրսի աշխատակազմ

Ավագյան Մկրտիչ Նորայրի

կուրսի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ

Ղարաբաղցյան Մարիամ Աշիկի

ասիստենտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0052, Քանաքեռ, Հասրաթյան փող. 9, Միքայելյան վիրաբուժության Ինստիտուտ, «ԱԼՏՄԵԴ» կենտրոն
Հեռ./ֆաքս՝ (+37410) 23 97 87, (+37491) 20 92 92
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook