Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում անցկացվեց Ընտանեկան բժշկության 2-րդ միջազգային գիտաժողովը

26.09.2014

Երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ընտանեկան բժշկության 2-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր ԱԱՊ օղակի բժիշկների՝ գործնական աշխատանքում հաճախ հանդիպող առողջական խնդիրներին, հատկապես՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից մոտեցումներին՝ ախտորոշման, վարման/կառավարման, կանխարգելման և բուժման գործընթացում: Գիտաժողովը կազմակերպել էր Երևանի պետական բժշկական համալսարանը՝ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր, Թերապևտների հայկական ասոցիացիայի տնօրեն, «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ, ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը. «Ընտանեկան բժշկության ներդրումը Հայաստանի առողջապահական համակարգում բարդ գործընթաց էր, քանի որ բազմաթիվ խնդիրներ էին ծագում: Յուրաքանչյուր մասնագիտություն, որը հաստատվում է, հիմքում անպայման ունենում է որակավորման բնութագիր, այսինքն՝ ինչ պետք է իմանա, ինչ ունակություններով պետք է օժտված լինի այդ մասնագիտության կրողը, տվյալ դեպքում՝ ընտանեկան բժիշկը: Սա առաջին հարցն էր, և երկրորդ խնդիրն այն էր, թե ինչպես պետք է պատրաստվեին կամ վերամասնագիտանային նման մասնագետները: Գործընթացը, սակայն, սկսվեց»: Ռեկտորը նշեց, որ և այն տարիներին, և այսօր դժվար է պատկերացնել, թե որն է ընդհանուր պրակտիկայի բժշկի իսկական բնութագիրը, և հարցը տեղափոխվեց ակադեմիական դաշտ: Խնդիր էր դրված՝ ստեղծել «Ընտանեկան բժշկություն» նոր ուսումնական առարկա, ներդնել այն նախադիպլոմային փուլում, մշակել ծրագրեր բարձրագույն բժշկական կրթության և նախադիպլոմային, և շարունակական մասնագիտական կրթության փուլերում: «Բայց այստեղ կարևորում է այլ խնդիր՝ մեր բուհում կրթությունը տարվում է դիսցիպլինար սկզբունքով, այսինքն՝ ուսանողը, մտնելով կլինիկա, սովորում է ախտորոշել հիվանդությունը՝ գնալով դեպի նոզոլոգիա, և բուժել ու ապաքինել հիվանդին՝ այս կամ այն նոզոլոգիայի դեպքում: Այնինչ՝ կրթությունը պետք է տանել՝ հիմնվելով պրոբլեմի, խնդրի վրա, այսինքն՝ ուսանողը, ապագա ընտանեկան բժիշկը պետք է սովորի կանխարգելել հիվանդությունը: Այսպիսով, մեր ուսուցումը պետք է հինված լինի պրոբլեմի, հիվանդության կանխարգելման վրա»,- կարևորեց Միքայել Նարիմանյանը: Ռեկտորը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդու մեջ առկա են ախտածին գեներ, և ընտանեկան բժշկի խնդիրն է նաև մարել այդ գենը, կանխել դրա տարածումը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ, ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ Մարինա Օհանյանը. «Ողջունում եմ գիտաժողովի բոլոր մասնակիցներին և հյուրերին ու շնորհակալություն հայտնում մասնակցության համար: Մեր այս գիտաժողովի առանձնահատկությունն այն է, որ մենք համախմբել ենք ազգությամբ հայ գործող ընտանեկան բժիշկների աշխարհի տարբեր երկրներից, ովքեր իրենց՝ պրոբլեմի վրա հիմնված կրթության դրական փորձը կփոխանցեն մեզ»: Այնուհետև նա հակիրճ ներկայացրեց նաև «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ-ի անցած ճանապարհը և նպատակները, որտեղ կարևորեց ընտանեկան բժշկության ոլորտում կրթական գործընթացի խթանումը և հատկապես՝ շարունակական բժշկական կրթությունը:

Ներկաներին ողջունեց նաև Մեծ Բրիտանիայի Թագավորության Royal College of General Practitioners-ի ներկայացուցիչ Գևորգ Հոբայեանը, ով ևս կարևորեց նման միջոցառումների անցկացումը և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Այնուհետև, ինչպես նաև գիտաժողովի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 26-ին զեկուցումներով հանդես եկան Հայաստանի առաջատար մասնագետներ և հրավիրված դասախոսներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ԱԱՊ բժիշկներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:

Սեպտեմբերի 26-ին «ԹՔՕՀ ժամանակակից հարցեր» թեմայով զեկույցով հանդես եկավ նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը՝ դարձյալ շեշտադրելով կանխարգելիչ բժշկության և պրոբլեմի վրա հիմնված կրթության անհրաժեշտությունը: Իր գործընկերներին նա խորհուրդ տվեց իրենց գործունեությունը հիմքում դնել հետազոտական աշխատանքը՝ լուրջ արդյունքների հասնելու համար, որից հետո պատասխանեց մասնակիցների հարցերին:

Նշենք, որ գիտաժողովի ավարտից հետո մասնակիցներին կհանձնվեն վկայագրեր՝ 10 CME եվրոպական կրեդիտով` շնորհված Royal College of General Practitioners-ի կողմից:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook