Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն հյուրընկալեց ՀՀ պաշտպանության նախարարին

18.09.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Ողջունելով պաշտպանության նախարարին, բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին՝ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Հզոր բանակը ազատության, անկախության և զարգացման երաշխիք է: Մեր համագործակցությունը պաշտպանության նախարարության, բանակի հետ ավելի քան 20 տարվա պատմություն ունի, և այս առումով ուզում եմ ընդգծել մեր բուհի գերակա ուղությունները՝ զարգացնել ռազմական բժշկությունը որպես կրթական առարկա և ապահովել ու ամրապնդել զինծառայողների, նրանց ընտանիքների առողջությունը թե պատերազմի ժամանակ, թե խաղաղ պայմաններում: Եվ մեր բուհի լավագույն ավանդույթներից ելնելով՝ այս ամենը դրվում է գիտական և հետազոտական լուրջ հիմքերի վրա»: Ռեկտորը կարևորեց նաև բժշկական ասոցիացիաների դերը, և նշեց, որ պլանավորվում է ամրապնդել բուհի կապը Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի հետ: Ելույթի վերջում Միքայել Նարիմանյանը հույս հայտնեց, որ բուհ-բանակ արդյունավետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի՝ ի բարօրություն և ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի:

Բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ուջունելուց և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորելուց հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց բանակ-հասարակություն կապի մասին՝ կարևորելով դպրոցների և հատկապես՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների դերը այդ կապի ամրապնդման գործում: Նա մեկ անգամ ևս արժևորեց բուժաշխատողի դերը բանակում և ընդգծեց վերջին տարիներին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ակնհայտ առաջընթացը:

ՀՀ պաշտպանության նախարարը նիստի մասնակիցներին ներկայացրեց զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումները, խոսեց առաջիկա անելիքների մասին: «2014թվականը հայտարարված է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, և ուրախությամբ ուզում եմ փաստել, որ տարեցտարի զինված ուժերի կառավարման, ռազմակրթական համակարգերը դրվում են առավել բարձր, գիտելիքահենք մակարդակի վրա, ինչպես նաև լուրջ աշխատանքներ են տարվում մեր սահմանային պաշտպանությունն ավելի անվտանգ դարձնելու, արտակարգ դեպքերն ու պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ»: Նախարարը հպարտությամբ ներկայացրեց ռազմաբժշկական ֆակուլտետի նախկին ուսանողներ, այժմ բանակում իրենց ծառայութունն անցնող Հակոբ Շահվերդյանին, Սարգիս Սարգսյանին, Արսեն Բալդյանին և որպես խրախուսում՝ յուրաքանչյուրին տասնօրյա արձակուրդ տրամադրեց:

Այնուհետև Սեյրան Օհանյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, ինչին հաջորդեց պարգևատրման արարողությունը: Պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ հանձնեց ԵՊԲՀ մի խումբ աշխատակիցների և ուսանողների:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից հաստատվեց և գործողության մեջ դրվեց «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»: Նշենք, որ կենտրոնի նպատակներն են՝ ՀՀ-ում ռազմաբժշկական կադրերի պատրաստումը և բժշկագիտության զարգացումը՝ ռազմապաշտպանական առողջապահության ոլորտում, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊԲՀ համագործակցության ծրագրերի ընդլայնումն ու խորացումը, զինված ուժերի անձնակազմի առողջապահական խնդիրների ուսումնասիրումը և լուծումը:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook