Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նորագույն սարքավորում՝ ֆակոէմուլսիֆիկացիայի համար

17.09.2014

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկան համալրվեց ֆակոէմուլսիֆիկացիայի համար նախատեսված նորագույն սարքավորումով: Այս, ինչպես նաև այլ հարցերի շուրջ զրուցեցինք ակնաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Շաքարյանի հետ:

- Ի՞նչի համար է նախատեսված նոր սարքավորումը և որքանո՞վ է այն արդյունավետ:

- Նորագույն և թանկարժեք այս սարքավորումը նախատեսված է Ֆակոէմուլսիֆիկացիայի համար: Դա ծերունական կատարակտի հեռացումն է ուլտրաձայնային վիրահատության մեթոդով, որը հնարավորություն կտա ավելի արագ և ինչը շատ կարևոր է՝ անվտանգ եղանակով հեռացնել կատարակտը: Ժամանակակից այս մեթոդի կիրառումը շվեյցարական «Alcon» ֆիրմայի նորագույն սարքավորման միջոցով բացառում է կարի դնումը, ինչն առաջացնում է եղջերաթաղանթի ասիգմատիզմ: Իսկ կարերի բացակայությունը հնարավորություն է տալիս հիվանդին՝ վերականգնելու տեսողությունը շատ կարճ ժամանակում:

- Հակիրճ ներկայացրեք, խնդրում եմ, ակնաբուժական կլինիկայի ստեղծման պատմությունը:

- Ակնաբուժական կլինիկան սկսել է կառուցվել 1928թ.-ին, սփյուռքահայ հայտնի գործիչ և բարերար Պողոս Նուբարյանի (Պողոս Նուբար Փաշա) միջոցներով: Կառուցումն ավարտվել է 1929թ.-ին: Եվ կլինիկան կրում է Նուբար Փաշայի կնոջ` Մարի Պողոսյանի անունը և կոչվում է «Մարի Նուբար ակնաբուժական կլինիկա»:

- Ներկայացրեք, խնդրեմ, կլինիկայի գործունեությունը:

- Կլինիկայում տեղակայված է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկական ակնաբուժության ամբիոնը: Այստեղ բժիշկների, բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ են անցկացվում մանկական ակնաբուժության տարբեր թեմաներով: Միևնույն ժամանակ կլինիկան զբաղվում է նաև նախադիպլոմային կրթությամբ, մասնավորապես՝ մանկական ակնաբուժությանը վերաբերվող աչքի հիվանդությունների որոշ դասընթացներ ևս անց են կացվում մեր ամբիոնում: Եվ պետք է նշեմ, որ մեր ամբիոնն առաջինն է Հայաստանում, իսկ մեր կլինիկան առաջատարն է համարվում երեխաների տեսողության պահպանման և նրանց մոտ հաճախ հանդիպող աչքի հիվանդությունների բուժման ոլորտում: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ մեզ մոտ ուսանող լավագույն կլինիկական օրդինատորները հնարավորություն են ստանում ներգրավվելու մեր աշխատանքում: Նաև մենք հրավիրել ենք հայտնի ակնաբույժ, վնասվածքաբան Անդրե Ամիրխանյանին՝ մեր բժիշկների հետ միասին նոր սարքավորման միջոցով վիրահատական միջամտություններ իրականացնելու համար:

- Եվ վերջում՝ առողջապահության ոլորտում ի՞նչ հարց է Ձեզ մտահոգում:

- Իմ կարծիքով՝ այսօր բժշկության մեջ զգացվում է պետական մակարդակով ներդրված բժշկական պարտադիր ապահովագրության կարիքը: Եվ գործընթացի նախնական փուլերին անպայման պետք է մասնակցի երկրի առողջապահության նախարարությունն իր գլխավոր մասնագետներով, ովքեր կկարողանան ճիշտ գնահատել ծախսերի այն ծավալը, որն իրականացնում է այսօրվա բժշկությունը՝ հիվանդների բուժման ընթացքում:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook