Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Առողջապահության նախարարն այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

5.09.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանի և հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ շրջեց հիվանդանոցի թերապիայի, մանկաբուժության, էնդոկրինոլոգիայի, թունաբանության և մանկական վերակենդանացման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի, քիմիաթերապիայի, խաղաթերապիայի կլինիկաներով, զրուցեց հիվանդների, բաժանմունքների պատասխանատուների հետ, այցելեց հիշողության խանգարման կենտրոն:

Արմեն Մուրադյանին հատկապես ոգևորեց հիվանդանոցում գործող խաղաթերապիայի սենյակում առկա ջերմ մթնոլորտը. «Այստեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ և տրամադրող է: Համոզված եմ, որ այս ամենն արդյունավետ է ազդում երեխաների բուժման ընթացքի վրա», - ասաց նախարարը՝ նկատելով, որ երեխաները հանգիստ մթնոլորտում նկարում են: Արմեն Մուրադյանը կենտրոնի հոգեբան Լուսինե Հովհաննիսյանին առաջարկեց երեխաների աշխատանքներից կազմակերպել բարեգործական ցուցահանդես-վաճառք, իսկ ստացված հասույթն ուղղել անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերմանը։ Նրա կարծիքով՝ դա մանկական հասակից երեխաների մեջ կդաստիարակի դիմացինի հանդեպ բարություն և հոգատարություն:

Հիվանդանոցի բակում ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը նախարարի ուշադրությանը ներկայացրեց նորածնային վերակենդանացման բաժանմունքը սպասարկող ավտոմեքենա, որը միակն է տարածաշրջանում: Հիշեցնենք, որ մեքենան ձեռք էր բերվել «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի միջոցներով, որի գործադիր տնօրենը ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանն է:

Այնուհետև առողջապահության նախարարի ուշադրությանը ներկայացվեց հիվանդանոցի ախտորոշիչ ծառայությունը, որն իրականացնում է կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական, իմունաբանական, բակտերիոլոգիական և այլ քննություններ:

Արմեն Մուրադյանին տեղեկացրին նաև, որ հիվանդանոցի «Մուրացան» պոլիկլինիկան սպասարկում է 11000-ից ավելի 0-18 տարեկան երեխաների և շուրջ 3000 մեծահասակ բնակչության: Պոլիկլինիկայի կազմում գործում է նաև բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնը, որը զբաղվում է ժառանգական և մետաբոլիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Այստեղ իրականացվում է նաև ֆենիլկետոնուրիայով տառապող երեխաների սկրինինգ և հետագա հսկողություն:

Քանի որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազան է, այստեղ կազմակերպվում են նաև դասեր, և հիվանդանոցի ուսումնական մասում նախարարը զրուցեց ուսանողների հետ, հետաքրքրվեց, թե մասնագիտական ինչ կողմնորոշում ունեն: Նրան ուրախացրեց այն հանգամանքը, որ ուսանողների մեծ մասն արդեն կողմնորոշվել է իր մասնագիտության ընտրության մեջ: Արմեն Մուրադյանը լսարանում հանդիպեց նաև ԵՊԲՀ-ում սովորող հնդիկ ուսանողներին:

Նախարարին ներկայացվեց նաև հիվանդանոցի օդափոխության և ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգը, ինչպես նաև թթվածնի կայանը:

Այցի ավարտին Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց բուհի և հիվանդանոցի ղեկավարությանը՝ աշխատանքների պատշաճ ու որակով կազմակերպելու համար և հավաստիացրեց, որ կփորձի հնարավորինս աջակցել առկա խնդիրների լուծման հարցում:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook