Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն ընդունեց իր առաջին կուրսեցիներին

1.09.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կրկին իր հյուրընկալ դռներն էր բացել առաջին կուրսեցիների համար: Նրանց Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորեց և ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Դիմելով ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված ուսանողներին՝ ռեկտորն ասաց. «Շնորհավորում եմ բոլորիդ՝ Երևանի պետական բժշկական համալսարան ընդունվելու կապակցությամբ: Հին հունական այսպիսի ասացվածք կա՝ Նախազգուշացված ես, ուրեմն՝ զինված ես: Ես ուզում եմ ձեզ նախազգուշացնել և զինել անհրաժեշտ նախնական այն գիտելիքներով, որոնք ձեր մեկնարկը բժշկական աշխարհ կդարձնեն հաջողակ: Ձեր ուսումը կսկսեք այն գիտելիքների ուսումնասիրությամբ, որոնք անհրաժեշտ են բժշկական ֆունդամենտալ գիտություններն ընկալելու համար, այնուհետև կանցնեք այնպիսի գիտությունների ուսումնասիրությանը, առանց որոնց բժշկագիտությունը՝ որպես մասնագիտություն գոյություն ունենալ չի կարող: Դրանք կլինեն ձեր բազային գիտելիքները՝ կլինիկա մուտք գործելու համար: Հետո կսկսվի ուսման շատ հետաքրքիր, բովանդակալից և տարբերվող փուլ, որը կոչվում է կլինիկական ուսուցում: Եվ ձեր առջև կբացվի բժշկագիտությունը, բժշկական աշխարհը: Ու հենց այդ պատասխանատու տարիներին դուք կսկսեք ընտրել բժշկական ձեր նեղ մասնագիտությունը, որից հետո կուղղորդվեք բժշկական շարունակական կրթության շրջան, որովհետև այն, ինչպես նաև անընդհատ ինքնակրթությունը բժշկի գործունեության անբաժան մասն են կազմում: Իսկ բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսկան կազմը, առաջնորդվելով բազմաթիվ տարիների բարի ավանդույթներով, կաջակցի ձեզ այս դժվարին և հետաքրքիր ճանապարհին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, մաղթում հաջողություններ: Եվ միշտ հիշեք դարերից եկած այս ճշմարիտ խոսքերը՝ հաջողությունն ընտրում է պատրաստվածներին»:

Շնորհավորելով ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ Միքայել Նարիմանյանն ասաց. «Ուզում եմ նշել, որ երբ ես էի ուսանում այս բուհում, ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվողների թիվը չէր անցնում 30-ը, իսկ այսօր այստեղ ընդունվածների մեծ թիվը կարող է փաստել միայն մեկ բան, որ մեր երկրում զարգանում է ստոմատոլոգիան, ինչն ուրախալի է: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում հաջողություններ այն բարդ ու հետաքրքիր անընդհատ գործընթացում, որը կոչվում է ուսումնական պրոցես»:

Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին շնորհավորելով և նրանց ներկայացնելով բուհի ղեկավարությանը՝ ռեկտորը նշեց, որ նրանք ընդունվել են մի կարևորագույն ֆակուլտետ, որն իր ուրույն տեղն ունի բժշկագիտության մեջ. «Ողջ աշխարհում ձեր ընտրած այս մասնագիտությունը մեծ տեղ է զբաղեցնում թե գիտության մեջ, թե բժշկական պրակտիկայում, քանի որ դեղագիտությունը կազմում է այն հիմքը, որը մատակարարում է բժշկական պրակտիկան դեղորայքով, և դժվար է պատկերացնել բժշկական որևէ ոլորտ՝ առանց այդ բազայի: Եվ այդ պատասխանատվությունը դուք պետք է զգաք ուսման առաջին իսկ օրերից, որովհետև Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այն վնասը, որ պացիենտները ստանում են դեղորայքի սխալ օգտագործումից, գերազանցում է ամենադաժան վարակների կողմից առաջացրած խնդիրները: Ես ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ այս գործում պատասխանատվությունը շատ մեծ է, և դուք պետք է դա գիտակցեք»:

Դիմելով ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ ռեկտորը շնորհավորեց նրանց և ասաց. «Ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման գործում կարևորում եմ հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության դերը, և այս տարի մենք նշեցինք ֆակուլտետի կազմավորման 20 տարին: Ուզում եմ հատկապես կարևորել մեկ փաստ. ռազմական բժշկությունն ունի 2 ուղղվածություն՝ պատերազմի դաշտում, պայմաններում զարգացող ռազմաբժշկությունը և մեր բանակի առողջապահության ապահովումը: Մենք ուզում ենք, որ բանակում գտնվող մարդիկ, նրանց ընտանիքները լինեն առողջ և ամուր, քանի որ նաև դա է հզոր բանակի, հետևապես նաև՝ ամուր պետության հիմքը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»:

Սեպտեմբերի 1-ը հանդիսավոր օր էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում: Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ աշակերտներին շնորհավորեց ու ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: ԵՊԲՀ ռեկտորը, մեկ անգամ ևս հաստատելով համալսարանի մշտական և բազմակողմանի աջակցությունը դպրոցին, աշակերտներին հիշեցրեց, որ գիտելիքը զենք է, որով իրենք պետք է զինված և պատրաստված լինեն միշտ, քանի որ դա է իրենց հետագա հաջողությունների գրավականը:

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ պարուրված աշակերտների հուզումնալից ու սրտաբուխ խոսքերով, ուսուցիչների հոգու թրթիռով, փոխտնօրենների հիանալի մտահղացումներով, տնօրեն Նարինե Սարգսյանի ջերմ ու բովանդակալից խոսքով:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook