Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Արյունաբանության ուսուցման արդիականացմանն ուղղված ՏԵՄՊՈՒՍ ծրագրի գործընկերների այցը ԵՊԲՀ

2014թ. հունվարից մեկնարկել է «Կենսական գիտությունների և բժշկության բնագավառներում հեմատոլոգիայի ուսումնական ծրագրերի մշակում և տարածաշրջանային ուսուցողական հարթակի ստեղծում» Եվրամիության TEMPUS ծրագիրը, որտեղ որպես գործընկերներ ընդգրկված են նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը:

Ծրագրի նպատակն է բարելավել հեմատոլոգիայի ուսուցումը Հարավային Կովկասի երկրներում՝ գործող ուսումնական ծրագրերի բարելավման, նոր ուսումնական ծրագրերի մշակման, տեխնիկական վերազնման, հեմատոլոգիայում գործող բուժման պրոտոկոլների և ստանդարտների արդիականացման և Եվրամիության բուհերում մասնագետների վերապատրաստման միջոցով: Ծրագրի ընդհանուր տևողությունը 36 ամիս է:

Ծրագրի շրջանակներում ս․թ․ հուլիսի 14-ին ԵՊԲՀ-ի արյունաբանության ամբիոնը և ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնը հյուրընկալեցին ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին Մեծ Բրիտանիայի Վեսթմինսթերի համալսարանից, Իսպանիայի Մուրսիայի համալսարանից, Իտալիայի Ֆեռարայի համալսարանից, Վրաստանի Թբիլիսիի պետական և Թելավիի համալսարաններից։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԵՊԲՀ Արյունաբանության ամբիոնը և կրթական ծրագիրը, ՀՀ-ում արյան ծառայությունը, Արյունաբանական կենտրոնի ախտորոշիչ լաբորատոր ծառայությունները, ինչպես նաև Արյունաբանների Հայկական Ասոցիացիայի գործունեությունը, նպատակներն ու համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Կատարված շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան արյունաբանության ամբիոնի աշխատանքին, կենտրոնի կլինիկական բաժանմունքներին, բուժման մեթոդներին և դիագնոստիկ հնարավորություններին: Կլոր սեղան-քննարկումների ընթացքում համատեղ քննարկվեցին արյունաբանության դասավանդման ծրագրում առաջարկվող փոփոխությունները, նոր ուսումնական ծրագրերի ներդրման, ինչպես նաև արտասահմանում հայ մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:

Այցի շրջանակներում հյուրերը հանդիպեցին նաև ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի և միջազգային հարաբերությունների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվեցին ԵՊԲՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումներն ու ծրագրի իրականացման փուլերին վերաբերվող գործնական հարցեր:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook