Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գլխուղեղի բացառիկ ներանոթային վիրահատություն` առաջին անգամ Հայաստանում

29.07.2014

Օրերս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում կատարվեց գլխուղեղը սնուցող խոշոր զարկերակից թրոմբի հեռացման բացառիկ վիրահատություն, որը Հայաստանում իրականացվում էր առաջին անգամ:

Դեպքն առավել մանրամասն լուսաբանելու համար զրուցեցինք կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի հետ:

- Խնդրում եմ հակիրճ ներկայացնել հիվանդության ընթացքը:

- Հիվանդն ընդունվել էր կլինիկա ներգանգային անևրիզմայի, այլ կերպ ասած՝ գլխուղեղը սնուցող անոթի պարկաձև լայնացում ախտորոշմամբ, որը խիստ վտանգավոր հիվանդություն է և հիմնականում դրսևորվում է երիտասարդ տարիքում առաջացող արյունազեղումների ձևով: Անևրիզմայի վնասազերծման նպատակով նախատեսվում էր կատարել ներանոթային վիրահատություն՝անևրիզմայի խցանում միկրոպարույրներով: Նմանատիպ վիրահատությունները առաջին անգամ Հայաստանում իրականացվել են մեր կենտրոնում և վերջին 4 տարիների ընթացքում վիրահատվել են ավելի քան 200 հիվանդներ:

-Ինչո՞վ էր այս դեպքը տարբերվում մյուսներից:

-Նշված հիվանդի մոտ առկա էր անոթների խիստ ոլորվածություն և արտահայտված աթերոսկլերոտիկ ախտահարում: Վերջինս առանձին հիվանդություն է, որին բնորոշ է անոթների պատերի խոցոտումը և թրոմբագոյացումը: Չնայած դրան՝ վիրահատությունն անցավ հարթ, և հաջողվեց վերացնել ապագա արյունազեղումների սպառնալիքը:

Վիրահատությունն ավարտելուց հետո, որպես պարտադիր, փուլ իրականացվում է ստուգիչ անգիոգրաֆիա` համոզվելու համար, որ անևրիզման փակված է և գլխուղեղը սնուցող զարկերակներն անցանելի են: Հենց այդ ժամանակ հայտնաբերվեց գլխուղեղի աջ կիսագնդի մոտ 80%-ը սնուցող խոշոր զարկերակի խցանում՝ պարանոցի խոցոտված անոթից պոկված թրոմբով:

-Ի՞նչ հետևանքներ կարող է թողնել այդ անոթի խցանումը:

-Այդպիսի խոշոր զարկերակի խցանումը գրեթե միշտ առաջացնում է գլխուղեղի աղետալի կաթված, որը հաճախ ավարտվում է անբարենպաստ ելքով` մահվամբ կամ վեգետատիվ` անգիտակից վիճակով: Բարեբախտաբար ներկայումս մեր տրամադրության տակ առկա են «Ալտեպլազա» կոչվող դեղը, որը կարող է լուծել առաջացած թրոմբը և վերականգնել գլխուղեղի սնուցումը: Այն ևս առաջին անգամ Հայաստանում հաջողությամբ կիրառվել է մեր կենտրոնում՝ ճակատագրի բերումով բժշկի կյանքը փրկելու նպատակով: Արդյունքում հաշմանդամության կամ վախճանվելու փոխարեն դեպքից մեկ շաբաթ անց նա կարողացել է վերադառնալ իր ամենօրյա աշխատանքին:

-Արդյո՞ք այս դեղամիջոցը կարող է օգնել բոլոր կաթվածների դեպքում:

-«Ալտեպլազան» նախատեսված է գլխուղեղի իշեմիկ կաթվածների, այսինքն՝ անոթի խցանման համար, իսկ գլխուղեղի արյունազեղումների դեպքում անգամ հակացուցված է: Կան նաև մի շարք սահմանափակումներ. այս դեղամիջոցը կարող է լուծել միայն փափուկ կազմ ունեցող և նոր առաջացած թրոմբը և արդյունավետ է, եթե կիրառվում է կաթվածի առաջացման պահից սկսած՝ 4,5 ժամվա ընթացքում: Ուստի չափազանց կարևոր է կաթվածի առաջին իսկ նշանների հայտնվելուն պես հիվանդին շտապ տեղափոխել Կաթվածների մասնագիտացված կենտրոն:

-Բայց չէ՞ որ բժիշկների և ազգաբնակչության շրջանում կարծիք կա, որ գլխուղեղի կաթվածներով հիվանդներին տեղափոխությունը հակացուցված է:

-Դա անհեթեթություն է: Գլխուղեղի կաթվածի բուժումն ավելի հրատապ միջոցառումներ է պահանջում, քան սրտամկանի ինֆարկտի բուժումը: Ուստի միակ ճիշտ որոշումը հիվանդին անհապաղ կաթվածների մասնագիտացված կենտրոն տեղափոխելն է:

-Ինչևէ, վերադառնանք մեր այսօրվա քննարկվող դեպքին:

-Խցանված անոթը հայտնաբերելուն պես տեղային՝ ներզարկերակային եղանակով ներարկվեց «Ալտեպլազան», որը, սակայն, ինչպես նշեցի, ազդում է միայն թարմ թրոմբի վրա: Մինչդեռ խոցոտված աթերոսկլերոտիկ վահանիկից ծագած թրոմբն ամուր է, կարող է պարունակել կրակալման օջախներ և անգամ հյուսվածքի ու խոլեստերինի կտորներ: Ուստի զարմանալի չէր, որ «Ալտեպլազան» չկարողացավ քայքայել թրոմբը և վերականգնել արյան շրջանառությունը:

Նմանատիպ դեպքերում գործի է դրվում ներանոթային նյարդավիրաբուժության ծանր հրետանին՝ թրոմբի ներանոթային հեռացումը հատուկ գործիքներով: Թրոմբի հեռացման համար գոյություն ունեցող բազմաթիվ գործիքներից այս մեկն առանձնահատուկ է նրանով, որ վերականգնում է արյան շրջանառությունն անմիջապես՝ նույնիսկ նախքան թրոմբի հեռացումը: Դա զգալի ժամանակ է տալիս վիրաբույժին՝ առանց շտապողականության և ապահով կերպով իրականացնելու վիրահատությունը: Բացի այդ, ի տարբերություն «Ալտեպլազայի», թրոմբի մեխանիկական հեռացումը կարող է իրականացվել կաթվածի առաջացման պահից երբեմն նույնիսկ 8-12 ժամ հետո:

Ի ուրախություն մեզ՝ թրոմբի հեռացումն ընթացավ առանց բարդությունների, և այժմ պոտենցիալ մահացու կաթվածի փոխարեն հիվանդի մոտ առկա է միայն ձախ ձեռքի թեթև թուլություն, որը ժամանակի ընթացքում կվերականգնվի: Այդ կապակցությամբ հատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել մեր աշխատակից, ներկայումս ԿԿԶՀ-ում զինծառայությունն իրականացնող Տիգրան Խաչատրյանին:

- Վերջում, խնդրում եմ, թվեք այն ներանոթային վիրահատությունների ցանկը, որոնք իրականացվում են Երևանի պետական բժշկական համալսարանի կաթվածների մասնագիտացված կենտրոնում:

-Մինչ վիրահատությունների ցանկը թվելը կցանկանայի նշել, որ բոլոր այս վիրահատությունները Հայաստանում առաջին անգամ իրականացվել են մեր կենտրոնում: Դրանք են՝ գլխուղեղի զարկերակային անևրիզմաների ներանոթային բուժում, արտերիովենոզ մալֆորմացիաների էմբոլիզացիա, կարոտիդ-կավերնոզ ֆիստուլաների ներանոթային բուժում, թրոմբի հեռացում, քնային և ներուղեղային զարկերակների ստենտավորում, զարկերակ-երակային բերանակցումների էմբոլիզացիա, գլխուղեղի ուռուցքների անոթային համակարգի խցանում:

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook