Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներին

14.07.2014

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որը նվիրված էր 2014թ.-ի ավարտական հանդիսությանը:

Նիստը բացեց և շրջանավարտներին շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Սիրելի շրջանավարտներ, տարիներ առաջ ձեր ներքին մղումով, ձեր ծնողների խորհրդով և մեկ երազանքով՝ դառնալ լավ բժիշկ և հմուտ մասնագետ, դուք ընտրել եք մեր բուհը, մեր մասնագիտությունը: Անցան երբեմն դժվար, բայց միշտ հետաքրքիր ուսման տարիները, և այսօր մասնագիտությունը, որը դուք ընտրել եք, ընդունում է ձեզ, շնորհավորում եմ: Մեր մասնագիտության մեջ կա մի ոգևորիչ, կարևոր և պարտադրող երևույթ, որն ուղղորդում է մեզ ամբողջ կյանքում. դա հայ բժշկի երդումն է: Տվեք, ընդունեք այսօր այդ երդումը և միշտ հավատարիմ եղեք դրա իմաստուն խոսքերին: Սիրելի շրջանավարտներ, սիրելի երիտասարդ կոլեգաներ, ընդունեք մի կարևոր խորհուրդ ձեր ուսուցիչներից, ձեր ավագ ընկերներից՝ երբեք մի բավարարվեք ձեր ստացած գիտելիքներով ու մասնագիտական ունակություններով: Սովորեք, զարգացեք և կատարելագործվեք ամբողջ կյանքի ընթացքում, և ձեր կյանքը կդառնա հետաքրքիր, իմաստալից, իսկ իրենց կյանքը ձեզ վստահած մարդիկ կլինեն ապահով ձեռքերում: Եվ միշտ հիշեք, որ հաջողությունն ընտրում է պատրաստվածներին»:

Ռեկտորը շրջանավարտներին փոխանցեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, բուհի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքները:

Իր երիտասարդ գործընկերներին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Շրջանավարտներին օրհնեց և հայրապետական բարեմաղթանքը հղեց Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը. «Բժշկությունը մի մասնագիտություն է, որը չի ճանաչում ոչ մտերիմ, ոչ հարազատ, ոչ թշնամի: Սիրելի շրջանավարտներ, ես վստահ եմ, որ ոչնչով հնարավոր չէ վարձահատույց լինել բժիշկներին՝ իրենց առաքելության համար, ձեր այն տառապալից, դժվարին ջանքերի համար, որոնք ի գործ եք դնելու մարդկանց օգնելու նպատակով: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, և թող Աստված օրհնի ձեր ուղին»:

Այնուհետև շրջանավարտները երդվեցին լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդներ: Երդման արարողությունից հետո այն շրջանավարտներին, որոնք ուսման տարիներին ցուցաբերել են փայլուն առաջադիմություն, ամփոփիչ քննական հանձնաժողովների նախագահները հանձնեցին առաջին կարգի (կարմիր) դիպլոմներ:

Դիպլոմների հանձնումից հետո շրջանավարտներին տեսաշարով իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեցին ԵՊԲՀ ֆակուլտետների դեկանները:

Հանդիսավոր նիստի պաշտոնական մասին հաջորդեց տոնական հատվածը՝ համերգային և հումորային ծրագրով, որն ապահովեց մասնակիցների և հյուրերի բարձր տրամադրությունն ու միջացառման ջերմ մթնոլորտը


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook