Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ աշխատակիցները կրկին առողջապահության ոլորտի լավագույնների թվում են

9.07.2014

Ս/թ հուլիսի 7-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Տարվա լավագույն բժիշկ, տարվա լավագույն բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր «Համազգային վստահություն» խորհրդի կողմից:

Առողջապահության ոլորտի արժանիներին որոշելու համար «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը` Ահարոն Ադիբեկյանի գլխավորությամբ հարցումներ էր անցկացրել բուժոլորտի մասնագետների և ազգաբնակչության շրջանում, որի արդյունքում «Հուսո աստղ» մրցանակին արժանացան նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակիցները:

«Բարձրագույն մասնագիտական կրթության տարվա կազմակերպիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գագիկ Մուշեղի Միրիջանյանը: Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ Գագիկ Միրիջանյանը նշեց, որ բժշկությունը, լինելով ամենաբարդ աշխատանքներից մեկը, հաճախ ըստ արժանվույն չի գնահատվում, և նմանատիպ միջոցառումները կարևոր են, որպեսզի բժիշկը նոր եռանդով շարունակի աշխատել: «Ինձ համար պատվաբեր է մրցանակ ստանալ այս անվանակարգում, որն ավելի է մեծացնում պատասխանատվությունը: Սակայն այս մրցանակը միայն իմը չէ. այն ծավալուն աշխատանքի արդյունք է՝ հանձինս բժշկական համալսարանի աշխատակազմի և իմ ուսուցիչների, և այն ուզում եմ նվիրել նորածին դստերս»,- ասաց Գագիկ Միրիջանյանը:

«Պլաստիկ վիրաբուժության բնագավառում տարվա բացառիկ վիրահատություն» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանը: «Այսպիսի օբյեկտիվ և արդարացի միջոցառումները հասարակության մեջ իրենց դրական դերակատարումն են ունենում բժշկի աշխատանքի գնահատման գործում: Հաճելի է, երբ այսօր թոռներս ուրախանում են իմ մրցանակով, բայց ես միշտ աշխատել և շարունակում եմ աշխատել այնպես, ինչպես ամբողջ կյանքում»,- ասաց վիրաբույժը:

«Բժշկական գիտելիքների նորագույն մեթոդների կիրառման, ուսուցման և կրթադաստիարակչական աշխատանքների համար» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մորիսի Մանվելյանը: «Ցավոք, հասարակությունը ըստ արժանվույն չի գնահատում բժշկի աշխատանքը, և այսօր ավելի հեշտ է ստանալ ժողովրդական արտիստի, նկարչի, արվեստի վաստակավոր գործչի կոչում, քան բժշկագիտության մեջ որևէ մրցանակի արժանանալ: Սա ոչ թե պետական շքանշան է, այլ հասարակության կողմից քո աշխատանքի գնահատականը, և սրանից ավելի կարևոր բան բժշկի համար, վստահեցնում եմ՝ չկա: Շատ պատվաբեր է ստանալ տարվա բժիշկ մրցանակը երրորդ անգամ», - շնորհակալություն հայտնելով մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ ասաց Հովհաննես Մանվելյանը:

Նշենք, որ միջոցառման նպատակն էր ներկայացնել և պատվի արժանացնել առողջապահության ոլորտում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook