Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ

30.06.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այս տարվա շրջանավարտները, պրոֆեսորադասախոսական կազմը և առողջապահական ոլորտի տարբեր սերունդների առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:

Նախարարին և հյուրերին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Սիրելի շրջանավարտներ, դուք մեկ անգամ արդեն կատարել եք ձեր ընտրւոթյունը՝ բժշկական համալսարանն ընտրելով որպես ձեր մասնագիտական կյանքի մայր բուհ, և այժմ ևս պետք է ընտրություն կատարեք՝ որոշելու համար ձեր կոնկրետ մասնագիտությունը: Ու քանի որ բժշկական մասնագիտությունները բազմաթիվ են, և նեղ մասնագիտացման որոշումը հեշտ չի կայացվում, մենք խնդրեցինք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ կիսվել ձեզ հետ իր մտորումներով, խորհուրդներով, փորձով: Տանք այսօրվա դասախոսությանը «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ» խորագիրը»:

Ողջունելով մասնակիցներին, ինչպես նաև իր ուսուցիչներին, ավագ և երիտասարդ գործընկերներին, Արմեն Մուրադյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բժշկական համալսարանն ավարտող շրջանավարտներին ներկայացնել ընտրության լայն հնարավորությունները: Իր խոսքում նա հիշատակեց ականավոր բժիշկների, բժշկապետերի, պրոֆեսորների անուններ՝ ներողամտություն հայցելով, եթե չի ներառել բոլոր իր ուսուցիչներին: Նախարարն ընդգծեց, որ հարազատ բուհում հանդիպմանը խիստ պատասխանատվությամբ է պատրաստվել՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բժշկի կյանքում մասնագիտության ընտրությունը երկրորդ կարևոր որոշումն է` ընտանիք կազմելուց հետո. «Կցանկանայի, որ անկեղծ քննարկում ծավալենք, կիսվենք մեր անհանգտություններով, մտահոգություններով, որոնք սովորաբար ծառանում են մասնագիտական ընտրություն կատարելիս»:

Պրոֆեսոր Մուրադյանը ներկայացրեց բոլոր այն ուղիները, որոնք այսօր բաց են ԵՊԲՀ շրջանավարտների առաջ, անդրադարձավ առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-տեսաբան և պրակտիկ-բժիշկ դառնալու հնարավորություններին ու հեռանկարներին: Նախարարը հատուկ ընդգծեց շրջանավարտների ուսումն ավարտելուց հետո մարզեր ուղեգրվելու և այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորությունը. «Մարզերում որակյալ մասնագետների, մասնավորապես՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա: Պետք է նշեմ, որ մարզային ենթակայության շատ հիվանդանոցներ նյութատեխնիկական իրենց հագեցվածությամբ, արդիական սարքավորումներով այսօր չեն զիջում Երևանի բժշկական կենտրոններին, և այսօր մարզային իշխանությունների հետ բանակցային աշխատանքներ են տարվում՝ մարզ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ բնակարանային ու կենցաղային բավարար պայմաններով ապահովելու ուղղությամբ»:

Բանախոսն ավելացրեց նաև, որ մարզերում աշխատող երիտասարդ մասնագետների համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում արտերկրում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն կընձեռի:

Արմեն Մուրադյանը շրջանավարտներին հորդորեց, առաջին հերթին, առաջնորդվել մարդկանց անշահախնդիր օգնելու, ապաքինելու մեծ ցանկությամբ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ընտրել պատասխանատվության բարձր զգացումով:

Որպես բժիշկ, վիրաբույժ և առողջապահության կազմակերպիչ կայացման գործում Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց իր ուսուցիչների դերը, ովքեր մշտապես սատարել են մասնագիտական առաջին քայլերը կատարելիս, ինչն ուղեկցվեց դահլիճի բուռն ծափահարություններով, որոնք ուղղված էին հանդիպմանը ներկա առողջապահական ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներին` Յուրի Զոհրաբյանին, Հայրապետ Գալստյանին, Ռաֆայել Գրիգորյանին և ուրիշների, ինչպես նաև ավելի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ոլորտի զարգացման և կայացման գործում:

Նախարարը ներկայացրեց նաև աշխարհում և մեզանում հայտնի թրուենտների (մասնագիտությամբ բժիշկ, բայց՝ մասնագիտությամբ չաշխատող), ովքեր իրենց հաջողությամբ դրսևորել են գրականության, արվեստի, քաղաքականության, երգարվեստի, լրագրության և շատ այլ ոլորտերում:

Հանդիպման վերջում Արմեն Մուրադյանը պատասխանեց ինչպես ուսանողներին, այնպես էլ` պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական, հետբուհական, առողջապահական համակարգերին, բժիշկների իրավունքներին և այլ խնդիրների:

Իր զեկույցը նախարարն ամփոփեց Մարտիրոս Սարյանի «Հայրենիք» նկարով և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ ավարտվող սլայդով, որը խորհրդանշում էր հայրենիքում ապրելու, աշխատելու, կայանալու և մեր երկրի տարբեր ոլորտները զարգացնելու գաղափարը:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook