Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամը նվիրաբերեց շտապ օգնության մեքենա նորածնային վերակենդանացման համար

31.05.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում իրականացվեց բարեգործական միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Միջոցառման ընթացքում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի կողմից, որի գործադիր տնօրենը ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանն է, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքին նվիրաբերվեց շտապ օգնության հատուկ մեքենա:

Նվիրատվության արարողությունից հետո Տեր Շմավոն սրբազանն օրհնեց ներկաներին և ուժ, կարողություն ու հաջողություն մաղթեց բոլորին՝ բժշկի դժվարին առաքելությունն իրականացնելու գործում:

Ինչպես նշեց մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը, իրենց բաժանմունքում տարեկան բուժվում է շուրջ 600 երեխա, սակայն մինչ այժմ չեն ունեցել նորածինների տեղափոխման համար մեքենա: Նրանց տեղափոխում էին մեծահասակների համար նախատեսված մեքենաներով, ինչը լրացուցիչ բարդություններ և անհարմարություն էր ստեղծում: Նրա խոսքերով՝ հիմնադրամի կողմից բաժանմունքին նվիրաբերված մեքենան փափուկ է, ինչը շատ կարևոր է, նախատեսված է նորածինների տեղափոխության համար և հագեցած է բժշկական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար, «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ նվիրատվության նախաձեռնությունը պատկանում է ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանին, և ԵՊԲՀ ռեկտորի համաձայնությունն ու հանձնարարականը ստանալուց հետո իրենք համատեղ ուժերով կարողացան իրականացնել այն: Գագիկ Միրիջանյանը վստահություն հայտնեց, որ նմանատիպ մեքենայի առկայությունը նորածինների տեղափոխության և բուժման գործընթացում ոչ միայն հնարավորություն կտա փրկել բազմաթիվ նորածինների կյանքեր, այլև կլինի բժշկագիտության զարգացմանն ուղղված արդյունավետ քայլ:

ԵՊԲՀ կլինկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն իր խոսքում նշեց, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը համարվում է մանկական և նորածնային վերակենդանացման հանրապետական կենտրոն, ուստի հանրապետության բոլոր մարզերից այստեղ են տեղափոխվում խնդիրներ ունեցող նորածինները, իսկ նվիրաբերված մեքենան ավելի արդյունավետ կդարձնի նորածինների տեղափոխությունը և բուժումը, քանի որ զինված է բժշկական տեխնիկայի վերջին խոսքին համապատասխան:

Նշենք, որ «Մուրացան» հիվանադանոցային համալիրին նվիրաբերված մեքենան առաջինն ու միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում:



Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook