Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Առաջին համալսարանական կլինիկայում բացվեց Հայաստանում միակ նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը

29.05.2014

Ս/թ մայիսի 27-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ողջունելով կենտրոնի բացմանը ներկա հյուրերին և գործընկերներին՝ ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը:

Նա տեղեկացրեց, որ նախաձեռնությունը պատկանում է ԵՊԲՀ շրջանավարտ, հայտնի վիրաբույժ Արթուր Գրիգորյանին, ով այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում և իր հերթին՝ նմանատիպ կենտրոն բացելու միտքը ստացել է մորից՝ Ադա Թադևոսյանից. «Մեծ համբավ ունեցող նյարդավիրաբույժի օգնությամբ մեր կլինիկայի նյարդաբանության բաժանմունքը համալրվեց սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի կանխարգելման ու բուժման սարքավորումներով»: Ռեկտորը նշեց, որ Արթուր Գրգորյանը նաև պարբերաբար պրակտիկ գիտելիքներն է փոխանցում գործընկերներին ու հարազատ համալսարանի ուսանողներին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր խոսքում նշեց, որ մեր երկրում բարձր են մահացության ցուցանիշները ոչ ինֆեկցիոն հիվանդություններից, որոնց թվում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Մասնավորապես՝ տարեկան Հայաստանում գլխուղեղի կաթվածի մոտ 5000 դեպք է գրանցվում, և այդ հիվանդների կեսը կամ մահանում է, կամ դառնում հաշմանդամ: Առողջապահության նախարարը կարևորեց կենտրոնի բացումը, քանի որ այն հնարավորություն կտա նվազեցնել այս ցուցանիշները:

Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված նորաբաց կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանն իր խոսքում նշեց, որ նորաստեղծ կենտրոնում կան բոլոր հնարավորությունները՝ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար: Գլխուղեղի կաթվածի վիրահատությունների համար ևս այլևս արտասահման մեկնելու կարիք չկա: Վերապատրաստված հայ նյարդավիրաբույժները կարող են և հետազոտել, և վիրահատել: «Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվելու են ոչ միայն բուժական աշխատանքներ, այլև կրթական», - հավելեց պրոֆեսորը:

Ելույթով հանդես եկավ նաև նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանի մայրը, ով կենտրոնին փոխանցեց ապակե զանգ, որը տարիների պատմություն ուներ: Տիկին Թադևոսյանին այն տվել էր իր գործընկերներից մեկն ու հորդորել հնչեցնել այնտեղ, որտեղ մարդիկ օգնության կարիք ունեն: Զանգն այս տարի կմնա նորաբաց կենտրոնում:

Նշենք, որ նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնն առաջինն ու միակն է Հայաստանում:


Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook