Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոն


Հիմնադրվել է 1925թ.-ին:

Ամբիոնի վարիչ՝ Սեմյոն Լյուդվիգի Օրդույան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պատմություն

Հիմնադրման օրվանից մինչև 1928թ.-ը ամբիոնի վարիչը եղել է պրոֆեսոր Գ. Միրզա-Ավագյանը: Նա Անդրկովկասում առաջինն է կատարել սրտամկանից հրազենային գնդակի հեռացում:

1928-1930 թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ռ. Յոլյանը: Նա եղել է արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր (այժմ՝ Ռ. Յոլյանի անվամբ), հրատարակել է «Ռազմադաշտային վիրաբուժություն» և «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքրեը:

1930-1959թթ.-ին ամբիոնի վարիչ է եղել պրոֆեսոր Խ. Պետրոսյանը: Նա անցել է մեծ դպրոց՝ 1924-1930թթ.-ին դասավանդելով Տաշքենդի բժշկական ինստիտուտի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում, որը ղեկավարել է հայտնի վիրաբույժ, եպիսկոպոս, հումանիստ, պրոֆեսոր Վ. Վոյնո-Յասոնեցկին:

1937թ.-ին առաջին անգամ Հայաստանում Պետրոսյանը կատարել է ոտքի բթամատի փոխպատվաստում ձեռքին` հիանալի ֆունկցիոնալ և կոսմետիկ արդյունքով: 1946թ.-ին նրա ջանքերով Հայաստանում բացվել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը: Պրոֆեսոր Խ. Պետրոսյանը եղել է գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանում օրթոպեդիայի և վնասվածքաբանության հիմնադիր, էվակոհոսպիտալների հայկական բազայի գլխավոր վիրաբույժ, վիրաբույժների համամիութենական կազմակերպության ղեկավար անդամ, Հայկական վիրաբուժական ասոցացիայի ղեկավար, մի շարք ամսագրերի խմբագրական խորհուրդների պատվավոր անդամ, ԽՍՀՄ առողջապահության կոմիտեի խորհրդի անդամ:

1959-1983թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Խ. Պետրոսյանի աշակերտ՝ վիրաբույժ, մարդաբան, անատոմ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԱՄՆ-ի հայ մասնագետների միության պատվավոր անդամ, պրոֆեսոր Ա. Ճաղարյանը, որը 1958թ.-ին կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում` հիմք դնելով մեր երկրում սրտային վիրաբուժությանը: Մոսկվայում կատարած կլինիկական դիտումների և անատոմիական հետազոտությունների հիման վրա կազմել է «Սրտի և խոշոր անոթների բնածին արատները» ատլասը, որի համար 1958թ.-ին արժանացել է Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսի Գրան պրի մեծ մրցանակի, իսկ 1959թ.-ին՝ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Բուրդենկոյի անվան մրցանակի: Նա առաջինն է ներդրել դեմքի արտաքին կազմաբանության ուսումնասիրման մեթոդը և 1972թ.-ին վերականգնել է Պետրոս Դուրյանի դեմքը:

1983-1991թթ.-ին ամբիոնի վարիչ է եղել դոցենտ Մ. Հովհաննիսյանը, ով հանդիսանում է օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի փորձարարական վիրասրահի հիմնադիր:

1994-2008 թթ.-ին, այնուհետև 2011թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Ս. Օրդույանը: Նրա շնորհիվ նոր թափ է ստացել ամբիոնի ուսումնափորձարարական վիրասրահի օգտագործումը ուսումնական գործընթացում: Եթե նախկինում վիրասրահում կատարվում էր մոտ 10 վիրահատություն ուսանողական գիտական խմբակի ուսանողների կողմից, ապա 1994 թ.-ից վիրահատությունները սկսվեցին պարտադիր կատարվել յուրաքանչյուր ուսանողական խմբում, սկզբնական շրջանում մեկ անգամ ուսումնական տարվա ընթացքում, իսկ հետագայում յուրաքանչյուր կիսամյակում մեկ անգամ՝ հասցնելով վիրահատությունների քանակը մինչև հարյուր: Ուսումնափորձարարական վիրասրահում ուսանողների կողմից կատարված նման աշխատանքը զգալիորեն նպաստեց նրանց գործնական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը: Այդ տարիներին ամբիոնը ունեցել է նաև կլինիկական բազա «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:


Ուսուցում

Ամբիոնը դասավանդում է բարձրագույն և հետբուհական կրթության համակարգերում: Առարկայի դասավանդումն իրականացվում է երեք լեզուներով (անգլերեն, ռուսերեն, հայերեն):

Ուսուցումը կատարվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների (մեկ կիսամյակ), ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների (երկու կիսամյակ) և «Ստոմատոլոգիա» մասնագիտության կլինիկական օրդինատորների (5-օրյա ցիկլ) համար:

Ուսումնական գործնթացը տարվում է երկու ուղղություններով՝

  • տեսական գիտելիքների ուսուցում,
  • գործնական հմտությունների դասավանդում:

Այդ աշխատանքներում կիրառվում են ժամանակակից բազմապիսի դիտակտիկ նյութեր և ուսումնաօժանդակ պարագաներ, որոնց մեջ ընդգրկված են նաև ուսումնական մուլյաժներ, վիրաբուժական կարի պարագաներ, ուսումնական ֆիլմեր: Գործնական հմտությունների դասավանդման ընթացքում մեծ նշանակություն է տրվում ուսանողների աշխատանքին՝ ուսումնափորձարարական վիրասրահում: Այստեղ ուսանողները ծանոթանում են վիրասրահի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև դասախոսների հսկողության ներքո ինքնուրույն կատարում են վիրահատություններ փորձարարական կենդանիների վրա:

Ամբիոնում մեծ տեղ է տրվում ուսանողների ուսումնահետազոտական և գիտահետազոտական աշխատանքներին: Ամբիոնին կից գործում են ուսանողական գիտական խմբակ, որի շրջանակներում ուսանողները հանդես են գալիս ռեֆերատիվ զեկուցումներով, որոնք ավարտում են տարեկան ամփոփիչ գիտական կոնֆերանսով: Խմբակի շրջանակներում իրականացվում է ուսանողների գործնական հմտությունների կատարելագործում, ինչը ամփոփվում է ամբիոնում անցկացվող ներբուհական և միջազգային օլիմպիադաներում:

Դասավանդման ընթացքում, մեծածավալ գրականության հետ միասին, ուսանողները օգտվում են նաև ամբիոնի կողմից անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկներից:

Գործում է նաև ամբիոնի բլոգը, որում ներկայացված են ամբիոնի դասախոսությունները, ժամանակակից գրականությունը և ատլասները:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական հետազոտություններն ուղղված են սուր աղիքային անանցանելիության պաթոգենեզի ուսումնասիրությանը: Ամբիոնի աշխատակիցների կողմից մշակվել է սուր աղիքային անանցանելիության մոդել: Աշխատանքներում ընդգրկված են նաև ուսանողական գիտական խմբակի ուսանողները: Ամբիոնի աշխատակիցները բազմիցս հանդես են եկել ելույթներով` միջազգային և հանրապետական գիտաժողովներում և հրատարակել են գիտական աշխատություններ սուր աղիքային անանցանելիության մոդելի և պաթոգենեզի վերաբերյալ, երկարատև գերճնշման համախտանիշի պաթոգենեզի, կլինիկայի և բուժման հարցերի վերաբերյալ: Ամբիոնում կատարվել է գիտական աշխատանք աղեկարի տարբեր տեսակների համեմատական բնութագրի և մոդիֆիկացիաների վերաբերյալ: Առաջարկվել է աղեկարի սեփական եղանակ:


Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝

  • սուր աղիքային անանցանելիության,
  • երկարատև գերճնշման համախտանիշի ուսումնասիրություն,
  • աղեկարի ամրության ապահովման հարցերի ուսումնասիրություն:


Ամբիոնի աշխատակազմ

Օրդույան Սեմյոն Լյուդվիգի ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր
Շամոյան Ռզգան Սմոյի դոցենտ
Ավետիսյան Գայանե Ֆիրդուսի դոցենտ
Մինասյան Արսեն Լևոնի դոցենտ
Թորոսյան Նարինե Հայկազի դասախոս
Բանտիկյան Թագուհի Մկրտիչի դասախոս
Ղազարյան Մարինա Վլադիմիրի դասախոս
Պողոսյան Արգեա Հովհաննեսի դասախոս
Ռոլիչ Աննա Վասիլիի ասիստենտ
Ղազարյան Մերիդա Սոսիկի ասիստենտ
Այվազյան Անի Սպարտակի ասիստենտ
Գյուրջինյան Լիլիթ Տիգրանի ասիստենտ
Թևոսյան Սոֆա Հմայակի ասիստենտ
Սարիբեկյան Տարոն Գառնիկի ասիստենտ
Ահարոնյան Իզաբելլա Պետրոսի լաբորանտ
Հայրապետյան Մարիամ Ռուբենի օպերատոր
Մարդոյան Անահիտ Վոլոդիայի պրեպորատոր

Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Տեղագրական անատոմիա և օպերատիվ վիրաբուժության ամբիոն
Հեռ.՝(+37460) 62 13 55
Էլ. փոստ՝ ta& Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook