Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ֆարմակոգնոզիայի ամբիոն


Հիմնադրվել է 2006թ.-ին:

Ամբիոնի վարիչ` Նաիրա Բաբկենի Չիչոյան, դեղագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ:


Պատմություն

1972թ.-ին ԵՊԲՀ-ում ստեղծվում է դեղագործական ֆակուլտետը: 1974թ.-ին «Դեղագործական քիմիայի» ամբիոնում կազմակերպվում է ֆարմակոգնոզիայի դասընթացը, որի շրջանակներում Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետի ուսանողներն ուսումնասիրում էին «Ֆարմակոգնոզիա» առարկան մինչև 1987թ.-ը (կուրսի ղեկավար` դոցենտ Լ. Ռևազովա):

1987թ.-ին ֆարմակոգնոզիայի դասընթացը կազմակերպվում է «Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի` բուսաբանության հետ»՝ ամբիոնի շրջանակներում (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Ռ. Բորոյան):

Ստեղծվում են ֆարմակոգնոզիայի առաջին ուսումնական ձեռնարկները դեղագիտական ֆակուլտետի հայալեզու (Լ. Ռևազովա, Ն. Չիչոյան, 2000) և անգլալեզու (L. Amiryan, 2007) ուսանողների համար:

Ամբիոնում կազմակերպվող բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքները նպաստում են ֆարմակոգնոզիայի՝ որպես գիտության առանձին ճյուղի զարգացմանը: Հետազոտվում են Հայաստանի բուսաշխարհին բնորոշ դեղաբույսերը:

Այդ տարիներին ամբիոնում՝

  • ֆարմակոգնոստիկ վերլուծության են ենթարկվել ՀՀ ֆլորայի բարդածաղկավորների և վարդազգիների ընտանիքի դեղատու տեսակները (Լ. Ռևազովա, Ի. Սոխիկյան, 1988),
  • ուսումնասիրվել են Հայաստանի տարբեր կլիմայական գոտիներում աճող Hypericum L. ցեղին պատկանող տեսակները (Ե. Մելիքյան, 1998),
  • կատարվել է ՀՀ ֆլորայի վարդազգի ընտանիքի պտղատու մի շարք ծառատեսակների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, նշենի) կամեդների հումքաբանական և ֆիտոքիմիական ուսումնասիրությունը, որի արդյունքները նպաստել են արդյունաբերության որոշ բնագավառներում հայրենական ծագման բուսական կապակցանյութերի կիրառման հնարավորությունների զարգացմանը (Ն. Չիչոյան, 1999),
  • ուսումնասիրվել են բուսական ծագման որոշ պատրաստուկների հակաօքսիդիչ հատկությունները՝ արդիական մեթոդներով (Լ. Ամիրյան, 2000),
  • ուսումնասիրվել են Հայաստանի տարբեր շրջաններում աճեցված, գալակտոմաննանի հումքային աղբյուր հանդիսացող ցիամոպսիսի (Cyamopsis tetragonoloba L.) սերմերի և կանաչ զանգվածի քիմիական կազմը և կիրառման հնարավորությունները՝ որպես սննդային հավելում ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար (Կ. Դումանյան, 2002):

2006թ.-ին ֆարմակոգնոզիայի ամբիոնը կազմավորվում է որպես ինքնուրույն ամբիոն, որի անփոփոխ ղեկավարն առ այսօր դոցենտ Նաիրա Չիչոյանն է: Նրա ղեկավարությամբ ամբիոնում իրագործվել են ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական բնույթի մի շարք բարեփոխումներ:


Ուսուցում

Ուսուցումն ամբիոնում իրականացվում է երեք լեզուներով՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Դեղագիտական ֆակուլտետի ուսուցման 3-րդ և 4-րդ կիսամյակներում դասավանդվում է «Դեղագործական բուսաբանություն» առարկան, 5-րդ և 6-րդ կիսամյակներում՝ ֆարմակոգնոզիայի հիմնական դասընթացը, որն ավարտվում է ամառային ուսումնական պրակտիկայով և բանավոր քննությամբ: 9-րդ կիսամյակում դասավանդվում է «Դեղաբուսական հումքի որակի հսկում, դեղաբույսերի պաշարագիտություն և ապրանքագիտական վերլուծություն» դասընթացը, որն ավարտվում է ստուգարքով, իսկ 10-րդ կիսամյակում` «ֆիտոթերապիա` ֆարմակոգնոզիայի հիմունքներով» դասընթացը, որը ևս ավարտվում է ստուգարքով:

Արտասահմանցի ուսանողների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով) ուսուցման 9-րդ և 10-րդ կիսամյակներում դասավանդվում է «Դեղաբուսական հումքի որակի հսկում, դեղաբույսերի պաշարագիտություն և ապրանքագիտական վերլուծություն» դասընթացը, որն ավարտվում է ստուգարքով, իսկ 10-րդ կիսամյակում դասավանդվում է «Ֆիթոթերապիա` ֆարմակոգնոզիայի հիմունքներով» դասընթացը: Այն ավարտվում է քննությամբ:

Հետդիպլոմային ուսուցման շրջանակներում 2008-2013 թթ.-ին ամբիոնում պատրաստվել են օրդինատորներ, ովքեր հետագայում համալրել են ամբիոնի անձնակազմը:

Ամբիոնում իրականացվում է նաև դեղագետների և բժիշկների մասնագիտական վերապատրաստում «Ֆիթոթերապիա` ֆարմակոգնոզիայի հիմունքներով» դասընթացի շրջանակներում՝ 4- և 2-շաբաթյա ցիկլերով:

Ամբիոնի բազաներն են`

  • ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկ պրոբլեմների ինստիտուտը,
  • ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական թեման է «ՀՀ ֆլորայի վայրի աճող և մշակվող դեղատու բուսատեսակների ֆարմակոգնոստիկ հետազոտումը»: Ուսումնական գործընթացին զուգահեռ՝ ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկ պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ ամբիոնում իրականացվում են ուսանողական գիտահետազոտական աշխատանքներ (դեղաբուսական հումքից եթերային յուղերի անջատում, կենսաբանական ակտիվ նյութերի էքստրակցիա, դեղաբուսական հումքի ֆարմակոգնոստիկ անալիզ), որոնց վերաբերյալ զեկուցումներով ուսանողները հանդես են գալիս գիտական կոնֆերանսներում:

Ամբիոնի գիտական թեմայի շրջանակներում հաստատվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսության թեմաներ՝

  • դոկտորական ատենախոսության թեմաներ՝ «Հայաստանում աճեցվող ծիրանենիների կամեդների առանձնահատկությունները և կիրառման հեռանկարները» (Ն. Չիչոյան), «Հայաստանի ֆլորայի մարիամախոտ գորշի (Teucrium polium L., Lamiaceae) ներմուծումը հիդրոպոնիկ մշակույթ, նրա ստանդարտավորումն ըստ ֆենոլագլիկոզիդների և կենսաբանական ազդեցության ուսումնասիրությունը» (Հ. Գալստյան),
  • թեկնածուական ատենախոսության թեմաներ՝ «Հայաստանի տարբեր շրջաններում վայրի աճող շուշանբանջար պալարավորի խոտի (Herba Chaerophylli bulbousi) ֆիտոքիմիական վերլուծությունը» (Ն. Ղուկասյան), «Հայաստանի ֆլորայի խնկածաղիկ սովորականի խոտի (Herba Origani vulgaris) ֆարմակոգնոստիկ ուսումնասիրումը» (Ա. Մողրովյան), «Հայաստանի տարբեր մարզերում մշակվող կատվախոտ դեղատուի (Valeriana officinalis L.) և կատվախոտ սրտայինի (Valeriana cardiola L.) հումքերի ֆարմակոգնոստիկ ուսումնասիրումը» (Վ. Հովհաննիսյան), «Դրախտածառը (Cotinus coggygria Scop.)` բուսական ծագման կենսաբանորեն ակտիվ ֆենոլային միացությունների ստացման հեռանկարային սկզբնաղբյուր» (Ն. Շաբոյան), «Ուրցադաղձ վայրի ռեհանաուրցանմանի (Ziziphora clinopodioides Lam.) ստանդարտավորման ֆիզիկաքիմիական մեթոդների մշակումը» (հայցորդ՝ Գ. Ուլիխանյան):

Ամբիոնի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ հոդվածները պարբերաբար տպագրվում են հանրապետական և միջազգային գիտական ամսագրերում:


Համագործակցություն

ԵՊԲՀ-ի ֆարմակոգնոզիայի ամբիոնը համագործակցում է բուհի մի շարք ամբիոնների՝ Բժշկական մանրէաբանություն, Բժշկական ինֆորմատիկա, Ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկա, բուհի գիտահետազոտական լաբորատորիայի, ՀՀ ԱՆ «Առողջապահություն» ամսագրի հետ:

Ամբիոնի բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ զեկուցվել են հանրապետական, միջազգային տարբեր գիտաժողովներում (ՌԴ, Ուկրաինա, Ֆրանսիա):

Ամբիոնը համագործակցում է նաև

  • Կարոլինայի Հյումբլդի համալսարանի,
  • Խարկովի ազգային դեղագործական համալսարանի «Բնական միացությունների քիմիայի» և «Ֆարմակոգնոզիայի» ամբիոնների,
  • Թբիլիսիի բժշկական համալսարանի «Ֆարմակոգնոզիայի» ամբիոնի,
  • «Դեղագիտություն և դեղաբանություն. կրթություն և գիտություն» ասոցիացիայի հետ:

Ամբիոնն ունի նաև գիտագործնական կապեր ԵՊՀ Մանրէաբանության, Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Այգեպտղաբանջարաբուծության և դենդրոլոգիայի ամբիոնների հետ:


Ամբիոնի աշխատակազմ

Չիչոյան Նաիրա Բաբկենի ամբիոնի վարիչ, դ.գ.թ., դոցենտ
Դումանյան Կարինե Հրանտի կ.գ.թ., դոցենտ
Գալստյան Հասմիկ Միքայելի դ.գ.թ., ավագ դասախոս
Ալթունյան Աստղիկ Ալեքսանդրի դասախոս
Ղուկասյան Նելլի Հովհաննեսի դասախոս
Շաբոյան Նաիրա Կամոյի դասախոս
Հովհաննիսյան Վահե Գերմանի դասախոս
Մողրովյան Արմենուհի Վաչագանի դասախոս
Առաքելյան Աննա Միխայիլի ասիստենտ
Արշակյան Նաիրա Իշխանի ասիստենտ
Հարությունյան Արմիդա Պավելի ԷՀՄ օպերատոր


Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ֆարմակոգնոզիայի ամբիոն
Հեռ.` (+37460) 62 13 53
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook