Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հայոց լեզվի ամբիոն

Հիմնադրվել է 1992թ.-ին:

Ամբիոնի վարիչ՝ Հենրիետա Վահրամի Սուքիասյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հնդեվրոպաբան, լեզվագետ։


Պատմություն

Հայոց լեզվի ամբիոնը հիմնադրվել է արտասահմանցիների համար ռուսաց լեզվի ամբիոնում գործող հայոց լեզվի և գրականության դասընթացի հիման վրա:

Ամբիոնը ղեկավարել են Մ.Հ. Դարբինյանը (1992-1994 թթ.), Հ.Վ. Սուքիասյանը (1995-2008 թթ.), Ա.Գ. Ավետիսյանը (2008-2011 թթ.), Հ.Վ. Սուքիասյանը (2011-ից առ այսօր):

Ամբիոնի հիմնադիր դոցենտ Մ.Հ. Դարբինյանը նախանձախնդիր էր մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը: Նա ակտիվորեն մասնակցել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի մշակման և ընդունման աշխատանքներին: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և «Ժամանակակից հայերենի կետադրությունը», «Եղիշե Չարենց» աշխատությունների:

Ամբիոնի ներկայիս վարիչ Հենրիետա Սուքիասյանն ավարտել է Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետև աշխատել է որպես ավագ գիտաշխատող, հեղինակ է մոտ 60 գիտական հոդվածների և ուսումնամեթոդական աշխատանքների, ինչպես նաև 2 մենագրության: Մասնակցել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին, երկար տարիներ եղել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակ, վարել է այդ հաղորդումները:

1989-ից աշխատում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում նախ՝ որպես ավագ դասախոս, ապա՝ դոցենտ: 2008-ից աշխատել է բժշկական համալսարանում որպես բժշկագիտական գրականության լեզվաբան-խմբագիր: Խմբագրել է 500-ից ավելի ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր, 300-ից ավելի գիտական հոդվածներ:

2001-ից Հ.Վ. Սուքիասյանի ղեկավարությամբ ամբիոնում գործում է «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնը:

Նախքան ամբիոնի հիմնադրումը 1967-ից հայոց լեզու և գրականություն է դասավանդվել բժշկակական ինստիտուտի նախապատրաստական դասընթացում, իսկ 1975-ից` նաև նախապատրաստական բաժանմունքում: Սկզբնական շրջանում հայոց լեզվի և գրականության դասընթացը նախատեսված էր միայն ռուսական կրթություն ունեցող ուսանողների համար: Դասընթացի նպատակն էր ուսանողների բանավոր խոսքի զարգացումը, գրավոր հմտությունների խորացումը և հայագիտական ընդհանուր մշակութաբանական գիտելիքների ընդլայնումը:

Հատուկ ուշադրություն էր դարձվում հայերենի և ռուսերենի զուգադրական ուսումնասիրությունների հիման վրա մշակված նպատակային ուսուցման մեթոդներին: Հետագայում նկատի ունենալով փախստականների, ԱՊՀ երկրներից և սփյուռքից սովորելու եկածների հոսքի մեծացումը` հարկ եղավ կատարել ուսուցման տարբերակում` ըստ ուսանողների լեզվական իմացության մակարդակի:


Ուսուցում

1994թ.-ին «Լեզվի մասին» ՀՀ օրենքով դպրոցը դարձավ ազգային, և բուհերում ընդունվեց հայերենի երկամյա պարտադիր ուսուցումը, ըստ որի՝ անհրաժեշտ եղավ վերանայել ամբիոնի ուսումնամեթոդական ծրագրերը: Ավելացան ուսուցման նոր բաժիններ` մասնագիտական տերմինաբանություն և խոսքի մշակույթ:

Վերջին տարիներին «Հայոց լեզու» առարկան ընդգրկում է շատ ավելի կարևոր և համապարփակ խնդիրներ: Կատարվում է հայերենի խորացված ուսուցում՝ չծանրաբեռնելով քերականական կանոններով: Ամբիոնի նպատակն է պատրաստել մասնագետ-բժիշկներ, որոնք հայերենին պետք է տիրապետեն ավելի բարձր մակարդակով, քան միջնակարգ կրթությամբ երաշխավորվող մակարդակն է: Հաշվի է առնվում ուսանողների նախնական իմացության մակարդակը, հատուկ ուշադրություն է դարձվում հայերեն խոսքի վրա ռուսերենի և անգլերենի ազդեցության հաղթահարմանը, մասնագիտական ոճի և բառապաշարի յուրացմանը:

2002-ից ամբիոնում ամրագրվել է արտասահմանցի ուսանողների հետ աշխատելու փորձը: Ուսուցման նպատակն է արտասահմանցի ուսանողներին

(անգլախոս, սփյուռքահայ, ներքին սփյուռք) հաղորդակից դարձնել մեր մայրենի լեզվին, ազգային ոգու ակունքներին և համամարդկային արժեք ունեցող գործերին: Ծրագրերի և ուսուցման հիմքում դրված են ավանդական և ժամանակակից մեթոդները:

Նկատի ունենալով ուսանողների ազգային առանձնահատկությունները` ամբիոնում ստեղծվել են ուսումնական ծրագրեր` այլազգի ուսանողների ուսուցման բոլոր փուլերի` նախապատրաստական դասընթացի և 1-ին կուրսի տարբեր մակարդակների համար:

Ամբիոնում գործող «Վերնատուն» կենտրոնը բացահայտում է շնորհաշատ ուսանողներին, նպաստում է նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Հայրենագիտական թեմաներով զրույցները և միջոցառումներն օգնում են երիտասարդ սերնդին` խորապես ճանաչելու հայ հոգևոր և մշակութային արժեքները: Կենտրոնի շարքերը ներկայումս համալրել են հնդիկ, պարսիկ, արաբ ուսանողներ, ովքեր ծանոթանում և հաղորդակից են լինում մեր ազգային մշակույթին:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական ուղղվածությունը բժշկագիտական լեզվի կանոնարկումն է` մասնագիտական բառապաշարի և տերմինների հայացումը թեմատիկ շարքերի միջոցով, տերմինների առավել կանոնականի ընտրությունը, բժշկագիտական ոճի ուսուցումը, լեզվի անաղարտության ամրապնդումը:

Ամբիոնի աշխատակիցները տարիներ շարունակ զեկուցումներով կամ թեզերով մասնակցել են համալսարանում կազմակերպված ուսումնամեթոդական կոնֆերանսներին և գիտական նստաշրջաններին:

Վերջին տարիներին ամբիոնում հրատարակվել են մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկներ, բառարաններ և հոդվածներ.

  • «Հայերեն-անգլերեն զրուցարան», 2006թ. (Հ.Վ. Սուքիասյան, Կ.Ռ. Միքայելյան, Հ.Մ. Գևորգյան, Գ.Ա. Դավթյան),
  • «Ճանաչիր քո օրգանիզմը», 2008թ. (Հ.Վ. Սուքիասյան, Ն.Ա. Թոռունյան, Ա.Ս. Ավետիսյան),
  • «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկ», 2009թ. (Ա.Գ. Ավետիսյան, Ա.Շ. Ավետիսյան, Ա.Ս. Ավետիսյան, Մ.Լ. Աթաբեկյան, Հ.Մ. Գևորգյան, Գ.Ա. Դավթյան, Ն.Ա. Թոռունյան, Ա.Բ. Սիսյան),
  • «Հայոց լեզու» (Ա.Գ. Ավետիսյան, Մ.Հ. Բաբայան, Ն.Հ. Եղիազարյան),
  • «Օտարերկրացիների ուսուցումը Հայաստանում» (Հ. Սուքիասյան, Ն. Թոռունյան, Հ. Գևորգյան, «Օտարերկրացիների ուսուցումը Հայաստանում. հիմնախնդիրներ և լուծումներ», հոդված, 2014):

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է առողջապահական բնագավառի մենագրությունների, դասագրքերի, ձեռնարկների, հոդվածների, բառարանների խմբագրման աշխատանքներին:


Ամբիոնի աշխատակազմ

Սուքիասյան Հենրիետա Վահրամի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
Ավետիսյան Աստղիկ Գուրգենի ավագ դասախոս
Ավետիսյան Աշոտ Շմավոնի դասախոս
Ավետիսյան Անահիտ Սանդրոյի դասախոս
Դավթյան Գայանե Աշոտի դասախոս
Թոռունյան Նաիրա Արարտի դասախոս
Սիսյան Արմենուհի Բենիամինի դասախոս
Բաբայան Միլենա Համլետի դասախոս
Եղիազարյան Նելլի Հովհաննեսի դասախոս
Աթաբեկյան Մանե Լյուդվիգի դասախոս
Մինասյան Սիրանուշ Սեդրակի դասախոս
Թորոսյան Լարիսա Խաչատուրի դասախոս
Ասատրյան Մանան Աշոտի ասիստենտ
Մալխասյան Սյուզի Հովհաննեսի ասիստենտ
Գրիգորյան Դիաննա Էդուարդի համակարգչային օպերատոր
Ստեփանյան Անահիտ Անուշավանի գործավար


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Հայոց լեզվի ամբիոն

Հեռ.՝ (+37460) 62 13 18, (+37460) 62 13 19

 

Find us on Facebook