Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոն

Հիմնադրվել է 1930թ.-ին (1924թ.):

Ամբիոնի վարիչ` Սամվել Արծրունու Ավետիսյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1924թ.-ին, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում: Հիմնադիրը և առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Լևոն Ճգնավորյանը: 1906թ.-ին նա ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1924թ.-ին հրավիրվել է Երևան և նշանակվել պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: Մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է նաև գիտահետազոտական գործունեությամբ: Ուշադրության են արժանի նրա «Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի հումորալ տեսություն», «Լեղապարկի հիվանդությունների պատճառագիտության հարցի շուրջ», «Օրգանների ախտաբանական անատոմիայի դասագիրք» աշխատությունները: Լևոն Ճգնավորյանը ամբիոնը ղեկավարել է 1924-1934թթ.-ին:

1930թ.-ից ամբիոնը սկսել է գործել ԵՊԲՀ-ի կազմում:

1934-1935թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Շ. Շուբենկոն, 1935-1943թթ.-ին` Ի. Բախրոմեևը (համատեղությամբ), 1943-1951թթ.-ին` Ասատուր Սարգսյանը, 1951-54թթ.-ին` Սուսաննա Բադալյանը, 1954-1970թթ.-ին` Ասատուր Սարգսյանը, 1970-1994թթ.-ին` Սահակ Խաչատրյանը, 1994-2006թթ.-ին` Գրիզելդա Նավասարդյանը, 2006-2011թթ.-ին` Սամվել Ավետիսյանը, 2011-2014թթ.-ին` Արտեմ Գրիգորյանը:

2014թ.-ի մայիսից ամբիոնը կրկին ղեկավարում է Սամվել Արծրունու Ավետիսյանը:

Ամբիոնի կայացման, ուսումնագիտական և կադրերի պատրաստման գործում մեծ ներդրում է ունեցել գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա. Սարգսյանը, ով 24 տարի ղեկավարել է այն: Նա ԵԲԻ-ն ավարտել է 1931թ.-ին: 1939թ.-ին «Օրգանիզմի լեյկոցիտար ռեակցիան գերտաքացման ժամանակ» թեմայով պաշտպանել է թեկնածուական, իսկ 1956թ.-ին` «Հակամալարիային պրեպարատների ազդեցության ախտաբանաֆիզիոլոգիական բնութագիրը» թեմայով դոկտորական ատենախոսությունները: Նշանակալի է պրոֆեսոր Ա. Սարգսյանի ավանդը հայ բժշկագիտության մեջ: Նա եղել է օրգանիզմի մահացման և վերակենդանացման օրինաչափությունների փորձարարական ուսումնասիրությամբ զբաղվող ախտաֆիզիոլոգների գիտական դպրոցի հիմնադիրը Հայաստանում: Հատկապես արժեքավոր են նրա ղեկավարած կոլեկտիվի գիտական ուսումնասիրությունները պրոֆեսիոնալ թունավորումների և ռեանիմատոլոգիայի ասպարեզներում: Ա. Սարգսյանը եղել է նաև Հայաստանի ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարը մինչև իր կյանքի վերջը:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս. Խաչատրյանի՝ ամբիոնի ղեկավարման տարիներին շարունակվել են օրգանիզմի սահմանային վիճակների և հետռեանիմացիոն շրջանի փորձարարական ուսումնասիրությունները, ինչպես նաև որոշակի հետազոտական աշխատանքներ են տարվել մթնոլորտային գերճնշման պայմաններում օրգանիզմում ընթացող մետաբոլիկ-ֆունկցիոնալ տեղաշարժերի պարզաբանման ուղղությամբ: Պաշտպանվել են թեկնածուական թեզեր, տպագրվել են հոդվածներ և թեզիսներ, արվել են տպագիր հրապարակումներ:

Ամբիոնի կայացման, ուսումնագիտական արդյունավետ գործընթացի ապահովման մեջ իրենց անուրանալի ներդրումն ունեն դոցենտներ Շ. Բադալյանը, Է. Աթաջանյանը, Գ. Ադամյանը, Մ. Մարտիրոսյանը, Ա. Պապյանը:

Ամբիոնի գործունեության արդիականացման գործում մեծ դեր է կատարել պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը: Նրա ղեկավարման տարիներին ախտաֆիզիոլոգիայի դասավանդման մեջ առաջնայնությունը տրվել է ժամանակակից գիտելիքի ներկայացմանը, տարվել է մեծածավալ մեթոդական աշխատանք, որի պտուղներն առկա են մինչ այժմ: 1995թ.-ին նա հեղինակել է հայերեն լեզվով ախտաֆիզիոլոգիայի առաջին դասագիրքը` «Երկխոսություններ ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ» վերնագրով: Հետագայում նրա և ամբիոնի անձնակազմի ջանքերով հրատարակվել է նաև մասնավոր ախտաֆիզիոլոգիայի ձեռնարկը: Պրոֆեսոր Գ. Նավասարդյանը հեղինակն է «Ընդհանուր ախտաֆիզիոլոգիա» դասագրքի (2007 թ.), որը ԿԳՆ կողմից հաստատված է որպես բուհական դասագիրք: Նա Հայաստանի ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ընկերակցության հիմնադիրն ու նախագահն է:

2006թ.-ից սկսած՝ Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ ամբիոնում իրագործվել են մի շարք բարեփոխումներ, հարստացվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող թեստերի բազան:

Դասավանդման բարձր մակարդակով և կարգապահությամբ այսօր էլ ամբիոնը շարունակում է մնալ լավագույններից մեկը, ինչի վկայությունը ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհդարանի կողմից ամբիոնին տրված «2010-2011 ուստարվա լավագույն ամբիոն» և «2013-2014 ուստարվա լավագույն ամբիոն» պարգևներն են:


Ուսուցում

«Ախտաֆիզիոլոգիա» առարկայի ուսուցումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Նախադիպլոմային ուսուցման շրջանակներում այն դասավանդվում է 2-րդ և 3-րդ կուրսերում.

  • ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և ռազմաբժշկական ֆակուլտետներում` 2 կիսամյակների ընթացքում, 3-րդ կուրսում,
  • դեղագիտական ֆակուլտետում՝ 2-րդ կուրսի գարնանային կիսամյակում և 3-րդ կուրսի աշնանային կիսամյակում:

Կլինիկական օրդինատորների համար գարնանային կիսամյակում կազմակերպվում է նաև կլինիկական ախտաֆիզիոլոգիայի կուրս:

Գործնական պարապմունքների հիմնական նպատակն ախտաֆիզիոլոգիական անալիզի հմտության ձեռքբերումն է: Այդ նպատակով ուսանողներին առաջադրվում են իրավիճակային խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն իմանալ տարբեր հիվանդությունների էթիոլոգիան և պաթոգենեզը, այլև ի վիճակի լինել կոնկրետ դեպքում այդ գիտելիքը կիրառել, զարգացնել բժշկական դատողությունն ու տրամաբանությունը: Ըստ այդմ, հարցումների և քննությունների ժամանակ թեստերի մի մասը ևս ներառում է այնպիսի հարցադրումներ, որոնք պահանջում են ոչ միայն վերհիշել սովորածը, այլև կիրառել ստացված գիտելիքը:

Գործնական պարապմունքների մի մասի ժամանակ ուսանողները հնարավորություն են ստանում ինքնուրույն մոդելավորելու այս կամ այն ախտաբանական պրոցեսը:

Որպես խնդրի հիման վրա կառուցվող ուսուցման (problem based learning) բաղադրիչ` պարբերաբար կազմակերպվում են կլոր սեղաններ, ուսանողական գիտաժողովներ (վերջին անգամ` Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ), որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ինքնուրույն ուսումնասիրել և վերլուծել (ամբիոնի դասախոսների ուղղորդմամբ և խորհրդատվությամբ) հավելյալ գրականություն, այնուհետև գործընկերների առաջ ելույթ ունենալ, գիտական քննարկման մասնակից լինել: Այսպիսով, փորձեր են արվում ուսանողակենտրոն դասավանդման տարրերը ուսումնական գործընթացում իրագործելու ուղղությամբ:

Ուսանողակենտրոն դասավանդման դեպքում դասախոսը դառնում է ոչ թե սոսկ փաստերի հաղորդող, այլև քննարկման հմուտ ղեկավարող: Նրա խնդիրներն են`

  • ընտրել քննարկվող թեմային համապատասխանող կլինիկական դեպք կամ սցենար,
  • այն մշակել այնպես, որ համապատասխանի ուսանողների ելքային մակարդակին (այս խնդիրը հաճախ լուծվում է ամբիոնի կազմի ընդհանուր ուժերով),
  • գործնական պարապմունքի ընթացքում հետևել ուսանողների կողմից իրագործվող ախտաֆիզիոլոգիական վերլուծությանը,
  • անհրաժեշտության դեպքում տալ կողմնորոշիչ հարցեր,
  • կատարել որոշակի ուղղորդումներ:

Վերջին 15 տարիների ընթացքում ամբիոնում մեծ աշխատանք է տարվել ախտաֆիզիոլոգիայի դասավանդման և ուսումնամեթոդական աշխատանքի վերակառուցման ուղղություններով: Դրան մեծապես նպաստել են պարբերաբար իրագործվող մեթոդական քննարկումները, մշտապես թարմացվող թեստային բազան, համակարգչային Power Point ծրագրով ներկայացվող թեմաները:

Ուսումնական գործընթացի արդյունավետությանը մեծապես նպաստել է նաև դասախոսական կազմի ուժերով տարբեր լեզուներով դասագրքերի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների հրատարակումը:

2008թ.-ից, որպես տեղեկատվության և հաղորդակցման արդյունավետ միջոց, կիրառվում է ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի բլոգը` http://pathphys.livejournal.com/, որտեղ տեղադրվում են դասախոսությունների ներկայացման էլեկտրոնային տարբերակները, հայտարարություններ, հարցաշարեր, հետաքրքիր հոդվածներ և այլն:

Ամբիոնը Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ կազմակերպում է նաև օլիմպիադաներ՝ ախտաֆիզիոլոգիայի տարբեր հարցերի շուրջ (2014թ.-ի աշնանը «Հիպօքսիա» և «ԹՀՀ խանգարումների ախտաֆիզիոլոգիա» թեմաներով, որին մասնակցել է տարբեր ֆակուլտետների 30 ուսանող):

2015թ.-ի մայիսին ամբիոնում տեղի է ունեցել պոստերների մրցույթ մասնավոր ախտաֆիզիոլոգիայի տարբեր թեմաների շուրջ՝ 3-րդ և 4-րդ կուրսերի անգլալեզու և հայալեզու ուսանողների մասնակցությամբ:

2015թ.-ի աշնանային կիսամյակում ամբիոնում անցկացվել են կլինիկական դեպքի վրա հիմնված ուսուցում «Բջջի վնասում», «Միկրոցիրկուլյացիայի խանգարումներ» և «Հիպօքսիա» թեմաներով անգլերեն և հայերեն լեզուներով՝ բարձր կուրսերի ուսանողների մասնակցությամբ: Նույն կիսամյակում կազմակերպվել է նաև ուսանողական զեկույցների օր «Քաղցկեղ» և «Նյութափոխանակության խանգարումներ» թեմաներով՝ 3-րդ կուրսի անգլալեզու և հայալեզու ուսանողների համար: Նմանատիպ զեկույց-քննարկումները ամբիոնում կրում են շարունակական բնույթ:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն ունեն 2 հիմնական ուղղություն`

  • կրկնվող սակավաշարժության, որպես համապարփակ վտանգի գործոն, ախտաֆիզիոլոգիայի խնդիրներ,
  • աուտոբորբոքային հիվանդությունների ժամանակ բնական իմուն համակարգի վիճակի և նրա կանոնավորման հարցերի պարզաբանում:

2011-2012թթ.-ին, բազային ֆինանսավորման շրջանակներում, ամբիոնում կատարվում է «Տարբեր տարիքի հիպոկինետիկ առնետների կոգնիտիվ-վարքային տեղաշարժերի ախտաֆիզիոլոգիական մեխանիզմների առանձնահատկությունները» թեման:

Վերջին տարիներին ամբիոնի անձնակազմը մասնագիտացել է կենդանական տարբեր մոդելներում վարքային հետազոտությունների անցկացման հարցում: Աշխատանքների մեջ ընդգրկված է ամբիոնին կից ուսանողական գիտահետազոտական խումբը, որը ղեկավարում են ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Վահե Մկրտչյանը և Լիանա Այրապետյանը: 2009թ.-ին այս խմբի ջանքերով անգլերենից հայերեն լեզվով թարգմանվեց «Նեյրոգիտություն» գիտահանրամատչելի գրքույկը:

2015թ.-ի հուլիսի 6-15-ն անցկացվել է «Ախտաֆիզիոլոգիան արծվի թռիչքի բարձրությունից» ամառային դպրոցը: Դպրոցի գլխավոր թեման էր հիվանդությունը՝ որպես ազդանշանման մեխանիզմների խանգարում դիտարկելը: Մասնակցում էին բժշկական կրթությամբ տարբեր կուրսերի 20 ուսանողներ, այդ թվում՝ 3 ուսանողներ Ռուսաստանից, մեկական ուսանող Չեխիայից և Սլովակիայից: Դասընթացներն անցկացվում էին անգլերեն լեզվով: 10 օրվա ընթացքում Ծաղկաձորում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու դասախոսություններ, թիմային աշխատանքով լուծելու հետաքրքիր խնդիրներ, մասնակցելու «Տխուր մակրոֆագի արկածները» ֆիլմի նկարահանումներին և այլն: Դպրոցի հիմնական կազմակերպչական աշխատանքները, դասընթացների կազմակերպումը և անցկացումը կատարվում էր ախտաֆիզիոլոգիայի ամբինոի դասախոսապրոֆեսորական աշխատակազմի կողմից: Դպրոցի հրավիրյալ դասախոսներից էին Էհուդ Կոհենը (Իսրայել), Զդենկո Կովաչը (Խորվաթիա), Մարտին Օպպերմանը (Գերմանիա), Մանիկ Գեմիլյանը (Հայաստան), Տիգրան Դավթյանը (Հայաստան), Արմեն Սանոսյանը (Ֆրանսիա): Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և 3 կրեդիտային միավոր:

Դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայքը. http://www.pathophysiology.am/:


Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է ԵՊԲՀ գրեթե բոլոր ստորաբաժանումների, առավել ակտիվ` Կենսաքիմիայի, Ընդհանուր քիմիայի ամբիոնների, Ուսանողական խորհրդարանի, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հետ: Համագործակցության որոշ փորձ կա նաև Հայկական բժշկական ասոցիացիայի հետ:

Միջազգային ասպարեզում ամբիոնը համագործակցում է Ախտաֆիզիոլոգների միջազգային ընկերակցության հետ, իսկ ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն այդ ընկերակցության վարչության անդամ է:


Ամբիոնի աշխատակազմ

Ավետիսյան Սամվել Արծրունու ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Նավասարդյան Գրիզելդա Ասատուրի բ.գ.թ., պրոֆեսոր
Գրիգորյան Արտեմ Սերգեյի բ.գ.թ., դոցենտ
Պապյան Արմինե Արամի բ.գ.թ., դոցենտ
Խաչատրյան Վարդուհի Գաբրիելի բ.գ.թ., դոցենտ
Ղազարյան Դավիթ Մհերի դասախոս
Պետրոսյան Լուսինե Ջիվանի դասախոս
Վարդերեսյան Սիրանուշ Գառնիկի դասախոս
Պողոսյան Մարգարիտա Արթուրի դասախոս
Մկրտումյան Ոսկեհատ Ռուբենի դասախոս
Հովհաննիսյան Նազիկ Ալեքանդրի լաբորանտ
Վարդանյան Անժելա Ռազմիկի պրեպարատոր
Խաչատրյան Լուսինե Աշոտի համակարգչային օպերատոր


Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոն
Հեռ.` (+37460) 62 13 40; (+37460) 62 14 35
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
Կայք՝ http://www.pathophysiology.am/
Բլոգ` http://pathphys.livejournal.com/

 

Find us on Facebook